Շվեյցարահայ համայնքը հոկտեմբերի 29-ին Ժնևում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց բողքի լուռ ցույց էր կազմակերպել՝ պահանջելով դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ, վերջ դնել հայ ժողովրդի նկատմամբ կատարվող հանցագործություններին, ինչպես նաև ճանաչել Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը (փոխհամաձայնեցված՝ նույն օրը նմանօրինակ ձեռնարկներ էին կազմակերպվել նաև Վիեննայում և Նյու Յորքում)։

Ժնևի «Շվեյցարահայ» միության փոխնախագահ Րաֆֆի Կիրակոսյանը miasin.am-ի հետ զրույցում ասաց, որ Կորոնավիրուստի համավարակի խստացված պայմաններում ընդամենը 60 մարդ է մասնակցել ցույցին՝ հայեր և օտարազգիներ։ Ցույցը տևել է մեկ ժամ: Վաղն արդեն նամակը փոխանցելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին՝ կոչ անելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար պատժվեն, շտապ մարդասիրական օգնություն կազմակերպվի արցախցիների համար և ներդրվի բոլոր ջանքերը, որ նրանք վերադառնան իրենց տները՝ երաշխավորելով տեղի բնակչության անվտանգությունը։

«Շվեյցարիայի հայ համայնքն այս օրերին, առանց որևէ տարանջատման, կամավորաբար, առավոտից երեկո համախմբված աշխատանք է տանում: Մեկ բռունցք դարձած՝ կանգնած ենք միմյանց կողքին, փորձելով ամեն կերպ օգտակար լինել Հայաստանին և Արցախին։ Բոլորն անկոտրում պայքարում են, ազգային ոգով են տոգորված և հույսով, որ անպայման հաղթելու ենք»,-ընդգծեց Րաֆֆի Կիրակոսյանը՝ հավելելով, որ աշխատանքային խմբեր են կազմել, որոնք կենտրոնացած են 4 հիմնական ոլորտներում՝ քաղաքական-հետազոտական, մեդիա դաշտի հետ տարվող քարոզչական աշխատանք, դրամական և նյութական հավաքչություն և ներքին միջոցների կենտրոնացում (մոբիլիզացիա)։

Րաֆֆիի դիտարկմամբ, շվեյցարացիները հստակ պատկերացում չունեն, թե որ կողմն է մեղավոր և չգիտեն՝ Արցախի տեղն ու Արցախի նշանակությունը հայերի համար։ Այդ ուղղությամբ է նաև համայնքը գործուն քայլեր ձեռնարկում, որպեսզի շվեյցարացիները կողմնորոշվեն և միանան իրենց արդար պայքարին։

Լուսանկարները՝ Իսկենդեր Կիրակոսյանի

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here