Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։
-Ուրոլոգիական բնագավառում ի՞նչ դեր ունի ՈՒՁՀ-ն։
-Ուրոլոգիական բնագավառում ուլտրաձայնային հետազոտությունը նույնպես կարևորագույն նշանակություն ունի։ Համարվում է հետազոտման առաջնային օղակ։ Առաջին իսկ գանգատների դեպքում բուժառուն իր որոշմամբ կամ բժշկի ուղղորդմամբ, դիմում է այս հետազոտությանը։ Գանգատի դեպքում առաջին հետազոտությունը որ անում ենք, հենց ուլտրաձայնայինն է՝ միզուղիների, փոքր կոնքի։ Որի ժամանակ հետազոտվում են երիկամները, միզածորանները, միզապարկը, փոքր կոնքի օրգանները, տղամարդկանց պարագայում՝ շագանակագեղձը։
–Ո՞ր հիվանդություններն է հնարավոր հայտնաբերել։
-Հետազոտվում է երիկամների կառուցվածքը, տեղակայումը, պաթոլոգիական փոփոխությունները, որոնք կարող են լինել ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի, գնահատվում է մեզի արտահոսքի խանգարումը կամ նորմալ ֆունկցիոնալ վիճակը, ինչպես նաև՝ հայտնաբերում ենք, ինչպես ցանկացած պարենխիմատոզ օրգանների դեպքում, այնպես էլ երիկամների, դիֆուզ և օջախային փոփոխությունները, որոնք են տարատեսակ կիստաները, հյուսվածքային գոյացությունները, որոնք կարող են կրել ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ բնույթ։
-Ո՞ր փուլերում է հնարավոր հայտնաբերել հիվանդությունները։
-Պետք է նշել, որ ուրոլոգիական պրակտիկայում ցանկացած խնդիր կարելի է ՈՒՁՀ միջոցով հայտնաբերել դեռևս վաղ զարգացման շրջանում, մասնավորապես երիկամներում սկսվող մեզի արտահոսքի խանգարումները, հիդրոնեֆրոզների սկսվող ֆուլերից մինչև ծայրագույն շրջանը։ Օրինակ ցանկացած գոյացություն նույնպես վաղ հայտանեբերելու փուլում բուժման ելքը շատ ավելի արդյունավետ է։ Կարելի է հայտնաբերել նաև շագանակագեղձի նոր ձևավորվող ադենոմատոզ հանգույցները, որի ժամանակ բուժական ադեկվատ միջամտությունից հետո ունենում ենք դրական ելք։
-Ինչու՞ է կարևոր ՈՒՁՀ-ն ուրոլոգիական պրակտիկայում։
-Ցանկացած ուրոլոգիական օրգանում կառուցվածքային կամ ֆունկցիոնալ խանգարում վաղ հայտնաբերելու դեպքում կանխում ենք պրոցեսի բարդացումը, և բարենպաստ է դառնում բուժման հնարավորութոյւնները։



