Լինել առանձնահատուկ, ունենալ ընդգծող լրացումներ, կրել զարդեր, որոնք բոլորը կնկատեն
Մենք՝ հայերս զարդեր կրել ենք վաղնջական ժամանակներից։ Մեր թագուհիներն ու թագավորները հայկական լեռնաշխարհի անգին քարերից ու մետաղներից պատրաստված զարդեր են կրել՝ դրանով իսկ ընդգծելով իրենց դիրքը։ Իհարկե, արծաթե, պղնձե, ոսկեձույլ զարդերը միայն թագավորական մենաշնորհ չէին։ Ու մեզ են հասել Հայաստանի տարբեր պատմական գավառների ու տարածաշրջանների բնորոշ այնքան հղկված, բացառիկ ու արժեքավոր զարդերի նմուշներ։

Այսօր, շատ մասնագետներ են փորձում վերականգնել հայկական զարդանախշերի արվեստն ու նպատակ են հետապնդում արժեքավոր բիզնես ստեղծել։
Ստեղծելով ZABEL-ը՝ ես որոշեցի շրջանցել հայկական արժեքավոր մանրանկարչության, քանդակագործության ու նախշերի գործոնը իմ բիզնեսի օգտին և շահին ծառայեցնելու գաղափարը։ Եվ փորձեցի արդեն եղած-ընդունվածը զուտ օգտագործելու հեշտ ճանապարհի փոխարեն ստեղծել ինքնուրույն։ Իհարկե, դժվար է նոր խոսք ասելը։ Միշտ կա չընդունվելու մտավախությունը։ Բայց ես պատրաստ եմ անցնել այդ ճանապարհը։ Գիտակցաբար։ Անընդհատ աշխատելով։ Նոր բացահայտումներով։
Խորհրդատվությունից դեպի ZABEL
Շուրջ երկու տասնամյակ խորհրդատվության ոլորտում եմ։ Ինտելեկտուալ բիզնեսը չափազանց հետաքրքիր է՝ խորհրդատուն անընդհատ նորի որոնումներում է՝ ինչպե՞ս անել, որ բիզնեսն աշխատի արդյունավետ, զարգանա անընդմեջ։ Մենք՝ խորհրդատուներս երբեք չենք դադարում սովորել, չէ՞ որ պատասխանատվություն ենք կրում հաճախորդ-գործընկերոջ բիզնեսի հաջողության համար։ Իսկ հաջողությունն ու արդյունավետությունը, որքան էլ թվային արժեք ունեն, միևնույն է շոշափելի չեն։

Եկավ ժամանակ, երբ ուզում էի ամենօրյա ու ամենժամյա աշխատանքիս արդյունքը շոշափել, զգալ ուրվագծերը, տեսնել նրբերանգները։ Ու քանի որ վաղ մանկությունից ընդգծված վերաբերմունք ունեմ զարդերի ու աքսեսուարների նկատմամբ, իսկ դպրոցական տարիներից նաև զարդեր եմ նկարում, որոշեցի դրանց կյանք տալ։ Տարիներ շարունակ հեղինակավոր նորաձևության տների, աշխարհահռչակ ոսկերիչների ու բրենդերի ուսումնասիրությունը արտացոլված են ներկայիս ստեղծագործություններումս։ Ու այսօր արտադրվում է թանկարժեք զարդերի ուղղություն, որը ունիվերսալ է ու նեյտրալ՝ առանց ժամանակային խիստ պարտադրող թրենդերի ու նախշային էլեմենտների։

Ցանկացած արտադրություն իր բազմաշերտ խնդիրներն ունի՝ հումքի ներկրումից մինչև տեխնոլոգիական պրոցեսներ, տեխնիկական անհարմարություններ, մարդկային գործոն։ Մարտահրավեր է այս ամենը հաղթահարելը։ Սակայն զարդերի ստեղծման, թեստավորման, վերաստեղծման, փոփոխությունների, հումքի բացակայության և այլ խնդիրները, կազմակերպչական դժվարությունները մի վայրկյանում հօդս են ցնդում ու մոռացվում, երբ փայլեցումից հետո տեսնում ես շողացող քարերն ու հղկված մետաղը՝ նույնքան սիրուն, որքան քո մտապատկերներում էին, ավելի փայլուն, քան միտքդ էր։

Շատ հաճախ, խորհրդատվության ու կազմակերպությունների ռազմավարության մշակման ժամանակ, անկախ պատասխանատվության աստիճանից, պրոֆեսիոնալիզմից ու կոմպետենցիաներից, տպավորություն է, թե գործ ունես վերացական իրականության հետ։ Միայն բոլոր մարտահրավերները ներսից հաղթահարելն է թույլ տալիս զգալ բիզնեսի զարկերակն ու «արյան հոսքը»։
Մոտիվացիան ու հասցեատերերը
Հայաստանում հազարավոր զարդ ստեղծողներ կան՝ անհատ-բրենդեր և արդեն իսկ կայացած բրենդեր։ Ինչու՞ մտնել մի ոլորտ, որը անբարենպաստ է մրցակցության տեսանկյունից։ Իրականացնել մանկության երազա՞նք։ Մի քիչ անհիմն է․․․ ու ոչ ազնիվ բիզնեսի ամբողջ կոնցեպտի, ռազմավարության, տեսլականի նկատմամբ։

Ստեղծել գեղեցիկ, բացառիկ, ընդգծող բիզնես։ Ահա իմ մոտիվացիան։ Արտադրել զարդեր, որոնք կգնահատվեն նրբաճաշակ մարդկանց կողմից։ Իմ հեղինակային զարդերը կարելի է կրել առօրյայում՝ չմտածելով որ դրանք կխախտեն բիզնես կամ քաղաքական էթիկան, կամ կհակասեն որևէ սահմանված դրեսկոդի սկզբունքների։
Ես ստեղծում եմ դրանք այն կանանց համար, ովքեր վստահ են իրենք իրենց վրա՝ անցած ճանապարհի, ինտելեկտի, շարունակ զարգանալու, փորձարկելու, նորից չվախենալու, հողին պինդ կանգնած լինելու արդյունքում։ ZABEL-ը այն կանանց համար է, որոնք էքսպերիմենտների ու համարձակ շտրիխների կարիք չունեն՝ աղաղակով ու էպատաժով հայտնելու իրենց մասին։

Կոնցեպտ և ուղղություններ
Այս պահին ZABEL-ը երկու ուղղություն ունի
ZABEL luxury collection – մինիմալիստական և առօրյա զարդեր. Հանգիստ, հավասարակշռված, վստահ, փորձությունները հաղթանակած կանանց համար։
ZABEL․ տոհմի զարդը․ Այս կոնցեպտն ավելի քան անհատական է։ Այն ստեղծվում է անհատական պատվերներով։ Գաղափարն այն է, որ ընտանիքներն ունենան իրենց զարդերը՝ հեղինակային ամրագրված իրավունքով զարդանախշեր, որոնք կլինեն միայն իրենց տոհմինը։ Այս հրաշալի ավանդույթը հենց ընտանիքի ներսում կամրապնդի տոհմը ճանաչելու, ամրացնելու, ներսում ավանդույթներ ձևավորելու միտքը։ Այս կոնցեպտում ներգրավված են նաև նկարիչներ և այլ դիզայներներ, ազգագրագետներ ու ժողովրդական վարպետներ։
Այս ձեռագործ զարդերը ստեղծվում են գեղեցիկ զրույցների, ավանդապատումների հիման վրա։ Մեր կրեատիվ թիմը կլսի, կգնահատի, կհամադրի ձեր ընտանիքի ավանդույթներն ու պատմությունը՝ այն բերելով մեր ժամանակներ ու տանելով ապագա։ Մենք նպատակ ունենք ստեղծել զարդեր, որոնք Դուք կժառանգեք սերունդներին։
Հիմքեր- տեխնոլոգիա, նյութեր, որակ
Հաճախ զարդեր ընտրելիս մենք տեսնում ենք զուտ արտաքին փայլը, վերագրում այն շքեղությանն ու գնում դրա հետևից։ ZABEL -ի արժեքը բացառապես գեղեցկությունը չէ։ Մենք հիմքում դրել ենք լավագույն արտադրական տեխնոլոգիա, ընտրված մաքուր հումք և որակյալ քարեր։
Այս բիզնեսում ևս ինձ համար կարևոր են մանրուքները և դրանց նկատմամբ պատասխանատվությունը։
Չէ՞ որ ես գիտեմ, թե ում համար է ZABEL-ը։
Սաթենիկ Մկրտչյան
ZABEL բրենդի հիմնադիր
բիզնես խորհրդատու



