Ինչպես 44-օրյա արցախյան պատերազմի օրերին, այնպես էլ նոյեմբերի 9-ից հետո, պատերազմի արհավիրքն ու սարսափն իրենց սեփական աչքերով, սեփական մաշկի վրա զգացած մեր հայրենակիցներն ու նրանց ընտանիքները շարունակում են մնալ Սփյուռքի տարբեր համայնքների ուշադրության և հոգածության կենտրոնում:

Բելգիայի Լիեժ քաղաքի հայ համայնքը, «Մեսրոպ Մաշտոց» մշակութային միության նախագահ Լուսինե Ներսիսյանի և համայնքի մի շարք անդամների նախաձեռնությամբ, սեպտեմբերի 27-ից հետո ամենատարբեր միջոցներով փորձել է օգտակար լինել հայրենիքին: Համախմբված, հաճախ անքուն գիշերներ անցկացնելով՝ հանգանակություններ է իրականացրել և նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին, հումանիտար օգնություն՝ դեղորայք, հագուստ, սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ, ուղարկել Հայաստան: Պատերազմի ավարտից հետո որոշել են հասցեական օգնություն ցուցաբերել:

Հանգստյան օրերին Լուսինե Ներսիսյանի և Կարինե Խաչատրյանի նախաձեռնությամբ ու համայնքի կանանց՝ Արուսյակ Մանուկյան, Նոնա Հովակիմյան, Ժասմեն Հովհաննիսյան, Զոյա Հովհաննիսյան, Սիլվա Լազինյան, Քաղցրիկ Մուրադյան, մասնակցությամբ, Լիեժում կազմակերպվել է հայկական ուտեստների վաճառք: Հանգանակված գումարը, հայաստանաբնակ հոգեբան Վարդուհի Իսրայելյանի միջոցով, փոխանցվել է պատերազմում զոհված, վիրավորում ստացած հերոսների ընտանիքներին: «Լիեժի հայ համայնքի կողմից հավաքված գումարը փոխանցեցինք Հայաստանում ապրող 5 ընտանիքի, որոնք փոքրիկ երեխաներ ունեն: Այդ ընտանիքները ո՛չ միայն հարազատ մարդիկ են կորցրել, այլև մի ողջ կյանք: Նրանք պետք է հաղթահարեն ո՛չ միայն հոգեբանական ցավը, այլև ֆինանսական դժվարությունները: Այդ ընտանիքները, փոքրիկները, որոնցից շատերը դեռ չգիտեն, որ հայր են կորցերլ, բոլորիս աջակցության ու հոգածության կարիքն ունեն: Հաճախ մի պարզ խոսքն անգամ, կարող է ավելին անել: Այցելությունների ընթացքում հասկացա, որ վիշտն ու ցավը նրանցից յուրաքանչյուրը յուրովի է հաղթահարում: Տներից մեկում, երբ մայրն արտասվելով պատմում էր իր կորստի մասին, 12-ամյա որդին բռնելով մոր ձեռքը՝ ասաց. «Մա՛մ, դու ինձ խոստացել ես, որ չե՛ս արտասվելու»: Գերբնական ուժ է պետք հաղթահարելու այդ ամենը»,- miasin.am-ի հետ զրույցում ասաց Վարդուհին:

Արցախցի փոքրիկների ու զոհված հայորդիների ընտանիքների համար Լիեժ համայնքի հաջորդ աջակցությունն արդեն հունվարին էր, երբ Հայաստան էր այցելել «Մեսրոպ Մաշտոց» մշակութային միության նախագահ Լուսինե Ներսիսյանը: Հունվարի 13-ին և 14-ին «Մոնումենտ» հյուրատանը 60 արցախցի և հայաստանցի երեխաների համար կազմակերպվեց երկու միջոցառում: Նվերներ , հյուրասիրություն, երեկոյի ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան շփվելու իրենց սիրելի դերասաններ՝ Վահագն Սիմոնյանի, Հայկ Սարգսյանի, Գոհար Սարգսյանի, Նարեկ Կարախանյանի հետ: Հունվարի 15-ին փոքրիկները հյուրընկալվեցին ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում:

«Միջոցառումների նպատակն էր, որպեսզի այդ փոքրիկները, որոնց աչքերում անսահման կարոտ ու թախիծ կար, զգան Սփյուռքի աջակցությունը, զգան, որ իրենք մենակ չեն: Այդ երեխաները բոլորիս աջակցության, ջերմության ու սիրո կարիքն ունեն: Անկախ նրանից, թե աշխարհի որ երկրում ենք ապրում, մենք պետք է չմոռանանք նրանց»,- miasin.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Ներսիսյանը:

Միջոցառմանն աջակցել էր նաև Բելգիայի Հայ կոմիտեն (նախագահ՝ Նիկոլա Դավիդյան) և «Մեսրոպ Մաշտոց» միության բարեկամ, բելգիահայ բարերար Սամվել Կարապետյանը: Լուսինե Կիրակոսյանի հավաստմամբ, նման նախաձեռնությունները շարունակական են լինելու:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here