Հոդվածը՝ Ինվեստ ամսագրի
Մենք ապրում ենք մեր առօրյայով՝ վաղ առավոտյան աշխատանք, սիրելի կամ պարտադրած գործ, լարվածություն, հոգսեր, ապա հերթական արձակուրդ, որն անցկացնում ենք գրեթե ստանդարտ կանոնակարգումով: Իհարկե, շատերդ չեք համաձայնի այս բնորոշմանը: Մինչդեռ շատերդ էլ կգտնեք Ձեզ այս տողերում:
Միանշանակ է, որ շատերս պարզապես բաց ենք թողնում մեր շուրջը նայելու, մեր երկիրն ու արմատները լավ տեսնելու հնարավորությունը: Իսկ ի՞նչն է մեզ խանգարում ավելի խորը հայացքով նայել մեր երկրին, զգալ այն ու սիրել ուրիշ կերպ: Lil.am բլոգի հեղինակ, ճանապարհորդային բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը իր դիտակետն ունի, նրա բացահայտումները տեղ են գտնում բլոգում ու թեթև ուղղորդում յուրաքանչյուրիս՝ բացահայտել ու սիրել:

–Ինչպիսի՞ն է Հայաստանը մի մարդու աչքերով, ով անընդհատ նոր ուղղություններ է բացահայտում
-Առեղծվածային, ձգող և կախարդիչ, որքան փորձում ես բացահայտել, այդքան նոր շերտեր ես հայտնաբերում։ Շատ հաճախ վերադառնում եմ նույն վայրը, ու բացահայտում մի բան, որ նախկինում չէի տեսել, ոչ թե անուշադիր էի, այլ ժամանակը չէր։

Հայաստանով ճանապարհորդելը ստիպեց հասկանալ, որ մենք ունենք հետաքրքրիր կերպարներ, նախաձեռնություններ, պատմություններ, որոնց մասին կարելի է անդադար խոսել, բայց սա գիտակցում ես միայն, երբ մի լավ ճանապարհորդում ես երկրում։

–Որտեղից սկսվեց բլոգի/կայքի պատմությունը:
-Բլոգ տարիներ առաջ դեռ ունեի, հայտնի մարդկանց հետ ոչ ստանդարտ հարցազրույցներ էի անում, հետո այնպես ստացվեց՝ աշխատանքի բերումով հայտնվեցի զբոսաշրջության ոլորտում։ Աշխատանքի շնորհիվ ‹‹մտերմացա›› Հայաստանի հետ, նա ինձ հրապուրեց ու սիրահարեցրեց:

-Այսօր ո՞րն է կայքի գործունեության նպատակը:
-Այսօր շատ հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ապրելով մի վայրում չեն տիրապետում տվյալ վայրի մասին տեղեկությանը։ Բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է:

Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Միասին ենք բացահայտում Հայաստանն ու Արցախը, ես ինքս մեր երկիրը լավ չեմ ճանաչում։ Այս ճանապարհորդությունները ինձ համար ևս բացահայտումներ են։

–Ինչ չգիտենք մենք, երևանցիներս կամ այլ քաղաքների բնակիչերս, ովքեր պարփակված ենք մեր առօրյայում։
-Բարդ է պատասխանելը, ցավոք ամենօրյա հոգսերն են մեզ այդպիսի դարձրել, յուրաքանչյուրս փակվել է իր ստեղծած աշխարհում։ Միայն կասեմ, որ մեզնից ոչ շատ հեռու կան գույներ, լույսեր, դրանք Հայաստանի ու Արցախի բնակիչներն են, նրանք եզակի են իրենց գործերով, նախաձեռնություններով ու տեսակով։

Հիանում ես ամեն մեկով, ոգեշնչվում։ Հայաստանում ճանապարհորդելը փոխում է յուրաքանչյուրիս։ Սկսում ես այլ կերպ նայել իրականությանը և երևույթներին, որոնք կատարվում են շուրջդ։

–Ո՞րն է այն ամենակարևոր արժեքը, որ բացահայտել եք մինչև հիմա։
-Սիրել անձնվեր, սիրել չպահանջելով՝ փոխարենը ինչ-որ բան տալով։ Սա մեծ արժեք էր, որ ոչ թե բացահայտեցի, այլ սովորեցի ճանապարհորդություններիս ընթացքում հենց տեղաբնակներից։ Շատ հաճախ էլ կոկորդում առաջացող ծանրությունը խեղդում է ինձ, երբ տեսնում եմ թե ինչպես են խոսում, արտահայտվում իրենց գյուղի ու քաղաքի մասին։ Աննկարագրելի, իրական ու փառահեղ սեր է։ Հայաստանում ու Արցախում ապրող կերպարներ, ովքեր ունեն բազում դժվարություններ, բայց շարունակում են ապրել և ստեղծել նորն ու Հայաստանի համար հետաքրքիրը։

–Որո՞նք են այն ուղղությունները և այն տեղերը, ու՞ր կուղեկցես օտարին՝ Հայաստանն ու հային լիովին ներկայացնելու համար:

-Հայերիս ու Հայաստանը լիովին ներկայացնելու համար 7 օրը շատ քիչ է: Կտանեի բլոգում տեղ գտած բոլոր ճանապարհներով։ Առաջին ուղղությունն էլ կլիներ որևէ սահմանապահ գյուղ, որտեղից սկսվում և ավարտվում է Հայաստանը, իսկ գյուղի բոլոր բնակիչները Հայաստանը պահող սահմանապահներ են։



