Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ևս միացել է այն հազարավոր կամավորներին, որոնք ցանկանում են մեկնել Արցախ ու կանգնել հայ զինվորի կողքին: Իր որոշման մեջ որևէ արտառոց բան չի տեսնում և miasin.am-ի հետ զրույցում դժվարությամբ համաձայնեց մեկնաբանել՝ նշելով, որ իր պես հարյուրավոր կանայք են զինվորագրվել: Եվ զարմանալ պետք չէ, քանզի որպես ազգ՝ մենք այսօր պայքարում ենք մեր ապրելու իրավունքի համար: Սա մեր գոյության, լինել-չլինելու պայքարն է: Նրանք բոլորն էլ գիտեն, թե ուր են գնում, և ինչ խնդիր էլ նրանց առջև դրվի՝ պատրաստ են կատարելու:
Նազիկին դեռ չեն կանչել, իսկ երբ գա պահը, կգնա առանց մի վայրկյան վարանելու, քանզի այդ քայլն անում է նաև իր երեխայի ապագայի համար, որպեսզի նա ապրի խաղաղ երկնքի տակ:
«Որպես հայ մայր ցանկանում եմ, որ այս ամենը շուտ ավարտվի: Ես հավատում եմ մեր հաղթանակին և վստահ եմ, որ մեր արդար պայքարն առաջ տանելու և հաղթելու համար Աստված մեզ օգնական կլինի, որովհետև պայքարում ենք մեր սրբազան հողի համար, այլ ոչ թե՝ ինչ-որ աշխարհագրական տարածքի, ինչպես մեր հակառակորդը:
Մենք հաղթելու ենք, քանզի ռազմի դաշտում կարևորը ոգին է և տրամադրվածությունը: Իսկ հայի ոգին միշտ անպարտ է ու քաջ:
Մենք հաղթելու ենք, քանզի մեզ պես հայրենասեր շատ քիչ ազգեր կան: Առաջին անգամը չէ, որ ապացուցում ենք, որ երբ համախմբվում ենք, մեզ հաղթել չի լինում, որովհետև որակը միշտ չէ, որ քանակի մեջ է»,-նշեց Նազիկ Ավդալյանը:



