Սեպտեմբերի 9-ին շվեդահայ համայնքը բողքի խաղաղ ցույց էր կազմակերպել՝ ի զորակցություն ապօրինի շրջափակման մեջ գտնվող Արցախի:
Բողոքի ցույցին տարբեր քաղաքներից եկած շվեդահայերը նախ միախմբվել են Սոդերթելիե քաղաքում, որտեղ նրանց օրհնության խոսք է ասել Սոդերթելիեի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը: Ապա հնչել է ազգագրական, հայրենասիրական երգերի կատարումներ և ասմունքներ: Այնուհետև խաղաղ երթի մասնակիցների` Եռագույնով պատված ավտոշարասյունը շարժվել է Ստոկհոլմ:
Ինչպես miasin.am-ին տեղեկացնում են շվեդահայ համայնքից, ավտոերթի կազմակերպման նպատակը շվեդացիներին, և առհասարակ, Եվրոպայի ուշադրությունը Արցախում առկա հումանիտար աղետի վրա բևեռելն է՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով Արցախի շրջափակմանը վերջ տալու համար:


Ակցիայի մասնակիցներն իրենց խոսքում շեշտում են, որ աշխարհը չի կարող այլևս աչք փակել այն ամենի վրա, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում անմեղ բնակչության նկատմամբ:
Բողոքի խաղաղ երթի նպատակներից էր նաև ցույց տալ շվեդահայերի ազգային համախմբվածությունն Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակի շուրջ և իրենց աջակցությունը հայտնել Արցախի ժողովրդին:











