Հայկական աշխահի անկրկնելի բնության, մեր բազմադարյա պատմության, պատմական հուշարձանների , տեսարժան վայրերի և հայկական հյուրասիրության մասին հաճախ է խոսվում, սակայն կրկնակի երջանիկ ու հպարտ ես զգում, երբ այդ ամենի մասին օտարներն են բարձրաձայնում։ Miasin.am-ը ներկայացնում է բելգիացի Ղնեյի ակնարկը, որը Հայաստանի և հայ ազգի հանդեպ տածած իր սիրո դրսևորումն է․
<<Իմ սրտի պատմությունը Հայաստանի հետ սկսել է 2014 թվականին: Իմ անունը Ղնե է( René), ես բելգիացի եմ և ապրում եմ Բրյուսելում: Այդ պահին ես 63 տարեկան էի և նոր թոշակառու էի : Շաբաթը երեք անգամ, աշխատում եմ, որպես կամավոր, մի դպրոցում, որտեղ ֆրանսերենի դասեր եմ տալիս: Այնտեղ ես տարբեր ազգությունների մարդկանց եմ սովորեցնում: Այս մարդիկ ցանկանում են բարելավել ֆրանսերենի իրենց իմացությունը: Ֆրանսերենը իմ մայրենի լեզուն է, բայց գիտեմ նաև այլ լեզուներ ՝ հոլանդերեն, անգլերեն և գերմաներեն: Ես 40 տարի աշխատել եմ միջազգային տարբեր ընկերություններում, ինչը ինձ թույլ է տվել ճանապարհորդել ամբողջ Եվրոպայում և նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում :
2014-ի հոկտեմբերին իմ երեկոյան դասարանում, երեք գեղեցիկ հայ կանայք կային՝ մայր և նրա երկու դուստրերը: Նրանք ուզում էին ֆրանսերեն սովորել, նրանք բոլորովին սկսնակ էին: Նրանք ամբողջ տարի գալիս էին դպրոց ՝ առանց որևէ դաս բաց թողնելու: Մեր քննարկումների ընթացքում, նրանք ինձ նկարագրում էին իրենց երկիրը, սովորույթները, մշակույթը, և պատմում, թե ինչու են Բելգիա եկել։ Ես ոչինչ չգիտեի Հայաստանի մասին, բացի Շառլ Ազնավուրից, ով հայտնի երգիչ է:
Ժամանակն անցնում է, ես ընկերանում եմ այս ընտանիքի հետ, նրանց նաև ֆրանսերենի մասնավոր դասեր եմ տալիս: Իմ երկու հայ ընկերները շատ արագ ֆրանսերեն են սովորում։ Ուստի ես կազմակերպում եմ մշակութային և տուրիստական շրջագայություններ, որպեսզի նրանք ավելի լավ ճանաչեն Բելգիան: Աստիճանաբար, անկախ իմ ցանկությունից, սկսեցի հետաքրքրվել հայկական մշակույթով, որը նախկինում ինձ անծանոթ էր: Ընկերոջս հետ որոշեցինք 2017-ի հուլիսին Հայաստան գնալ՝ հայտնաբերելու այս երկիրը:
Ես սկսում եմ սովորել հայերեն այբուբենը և հասկանում եմ, թե որքան դժվար է սովորել երկրորդ այբուբեն: Իմ աշակերտները ՝ Անին և Մարիամը, ինձ տալիս են հայերենի սկզբնական դասերը՝ հիմնականում հայերեն կարդալ սովորելու և արձակուրդների համար փոքրիկ բառապաշար ունենալու համար: Ինտերնետում տեսել էի մի տեսանյութ, որտեղ ասում էին, որ մեկ ամսում կարող ենք սովորել հայերենի այբուբենը:
2017-ի հուլիսին՝ հայերենի իմ դասերից վեց ամիս անց, ես դեռ չգիտեի բոլոր տառերն ու հնչյունները: Երևանի օդանավակայանում հանդիպում եմ Տաթևին՝ Անիի ընկերուհուն ։ Իմ ուղեբեռում շատ նվերներ կային, որ պետք է նվիրեի մարդկանց, ում չէի ճանաչում (Բրյուսելի ընկերներս էին ուղարկել իրենց բարեկամներին): Ես իմ ընկերոջ ՝Մաթյոյի (Mathieu) հետ էի, ով նույնպես ընդհանրապես չէր ճանաչում Հայաստանը:
Շաբաթ օրը կեսգիշերին, մենք վայրէջք ենք կատարում Երևանում։ Մեզ դիմավորում են Տաթևը և այն բնակարանի կառավարիչը, որ մենք վարձել էինք: Առավոտյան սկսում ենք մեր ծանոթությունը Երևանի հետ: Տաք է, մենք ապրում ենք անգլիական այգուն կից ՝ երկու հոգու համար նախատեսված բնակարանում: Սրճարանում նախաճաշելուց հետո մենք գնում ենք դեպի Հանրապետության հրապարակ, որը շատ մոտ է մեր բնակարանին: Շատրվանների երկայնքով շատ սրճարաններ կային, որոնք պատրաստ էին մեզ դիմավորելու: Մարդիկ ժպտում էին, իսկ մատուցողները մեզ հետ անգլերեն էին խոսում։ Նրանք շատ էին ուրախանում, երբ ես նրանց ասում էի «Բարև Ձեզ»: Ես շատ հպարտ էի, որ օգտագործում էի իմ իմացած հայերեն մի քանի բառերը: Երևանում ես կարողանում էի հայերեն լեզվով կարդալ փողոցների անունները, նույնիսկ ամեն տեղ անգլերեն թարգմանություն կար: Այդ շաբաթվա ընթացքում մենք ամեն վայրկյանն օգտագործել ենք Հայաստանի բոլոր հարստությունները հայտնաբերելու համար: Երևանում․ Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակը, Կասկադը, արվեստի և պատմության թանգարանները, Փարաջանովի թանգարանը, մեծ կապույտ մզկիթը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Վերնիսաժը, Ծիծեռնակաբերդը, Մատենադարանը, շուկաները, մետրոն, այգիները, շատրվանները, սրճարանները, գինու բարերը, ավանդական ռեստորանները, էժան տաքսիները, ջազ ակումբները, սուպեր գեղեցիկ փոքրիկ բիստրոները:

Ինչքան փոքր, բայց միևնույն ժամանակ մեծ քաղաք, որտեղ մեզ ողջունում են ամենուր: Մենք ունենք միայն անմոռանալի հիշողություններ: Երևանից դուրս մենք երկու օր անցկացրեցինք՝ հայտնաբերելու Հայաստանի բնական հրաշքները, այն լեռները, որոնց անուները չգիտէի, Սևանա լիճը, Դիլիջանի տարածաշրջանի գեղեցկությունը: Մենք այցելեցինք Խոր-Վիրապ, որտեղից երևում էր Արարատ լեռան անմոռանալի տեսարանը, Նորավանքի հոյակապ վանքը, որը գտնվում է կարմիր լեռներում։

Յուրաքանչյուր կանգառում մարդիկ էին, ովքեր մեզ հրավիրում էին իրենց տները, ինչպես այս ընտանիքը, որի հետ զվարճանում էինք արևի տակ, և այն ուսանողները, ովքեր սիրում էին մեզ հետ լուսանկարվել, երբ Հաղարծնի վանքում էինք, և այն երիտասարդ օրիորդի ժպիտը՝ Գոշավանքի մոտ, որտեղ մենք մի քանի եվրոյով թագավորների պես ենք կերել:
Վերադառնալով Երևան ՝ մենք երեկոն անցկացնում էինք սրճարանում, վայելում մի խումբ երաժիշտների շոուն և այն ավարտում գինու բարերից մեկում։ Ինչպիսի գեղեցիկ հուշեր:
Հաջորդ երկու օրերը գնացինք Էջմիածին և Զվարթնոց տաճար: Երեկոյան մեզ հրավիրեցին հայկական ընտանիքներ ՝ համտեսելու խոհարարական մշակույթը: Ամեն անգամ, երբ ես փորձում էի իմ հայերենով խոսել բոլորը ծիծաղում էին (ես նույնպես) : Շաբաթ օրը՝ Բելգիա վերադառնալուց առաջ, մենք գնացինք Վերնիսաժ ՝ տուրիստական հուշանվերներ գնելու:

Եվ ահա վերջաացավ մեր շրջագայությունը և մենք պետք է լքենք մեր ընկերոջը՝ Տաթևին և Երևանը: Ես ու Մաթյոն (Mathieu) շատ հիշողություններ ունենք մեր գլխում: Այդ շաբաթը եզակի էր, արտառոց՝ այնքան շատ հայտնագործություններով:
Երբ Տաթևն ինձ հարցնում է, թե ինչն է ինձ ամենաշատը դուր եկել մեր շրջագայությունից, ես պատասխանում եմ . «ինքը»:
Նրանք հայեր են, չունեն այն հանգիստ կյանքը, որը կարելի է ունենալ Բելգիայում, նրանք հարուստ չեն եվրոյով, բայց երջանիկ են իրենց սրտերում: Իսկապես երջանիկ:
2018-ին Տաթևը եկավ Բելգիա ` մասնակցելու Անիի հարսանիքին: Հետո, հանդիպեցի հայուհի Լիլիթին, ով նաև ֆրանսերենի ուսուցիչ է: Ես կամաց-կամաց սկսեցի նորից հայերեն սովորել: Լիլիթը, ով շատ զբաղված է, ինձ ծանոթացնում է Հասմիկի հետ, ում հետ ես սկսում եմ հայերենի դասերը: Հասմիկի հետ դասերի ընթացքում ես հայերեն եմ թարգմանում ֆրանսերեն գրված գիրք: 400 ժամ տևած աշխատանքից հետո այս թարգմանությունն այժմ ավարտված է:
Հուսով եմ, որ այս տարի, Տաթևին ողջունելու եմ Բելգիայում: Ես կկարողանամ Հայաստան վերադառնալ 2022 թվականին, բայց այս անգամ երկու-երեք շաբաթով: Ինչպիսի գեղեցիկ երկիր է, և ես սիրում եմ իր ժողովրդին, ում համար հյուրընկալությունը կյանքի ուղի է: Եվ ես վստահ եմ նաև, որ այս անգամ արդեն հայերեն կխոսեմ>>:
Հ․Գ․ 2020թ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին բելգիացի Ղնեն, ով չի սիրում բարձրաձայնել այդ մասին, ակտիվ մասնակցել և մինչ օրս էլ մասնակցում է արցախցի ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գործում։






