Ֆրանսիայի Արյեժ շրջանի (ընդգրկված է 8 քաղաք) հայերի մասնակցությամբ քայլերթ է տեղի ունեցել Ֆուա քաղաքում: Կոչերով, ելույթներով ու տարատեսակ պաստառներով՝ համայնքի անդամները դատապարտել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմն ու Ֆրանսիայի իշխանություններից պահանջել են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
«Ցույցի հաջորդ օրն ինձ զանգահարում է քարտուղարս և ասում, որ ինձ հետ ցանկանում են զրուցել Դոս քաղաքի անվտանգության աշխատակիցները։ Հանդիպեցինք, զրուցեցինք։ Ես կրկին հանգամանորեն ներկայացրեցի իրավիճակը պատերազմական գոտում և մեր ցույցի բուն նպատակը։ Խոստացան աջակցել Արցախի անկախության ճանաչման հարցում։ Խոսել եմ նաև քաղաքապետի հետ։ Սպասում եմ պատասխանի։ Լիահույս եմ, որ արդյունքի կհասնենք»,- miasin.am-ի հետ զրույցում ասաց Պամիենի հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն Ռուզաննա Նիկողոսյանը։






