Ինչպես տեղեկացնում է miasin.am-ը, սեպտեմբերի 24-ին վիեննահայ համայնքը կազմակերպել էր խաղաղ քայլերթ՝ ի աջակցություն ամիսներ շարունակ Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակման մեջ գտնված հայրենակիցների և ի զորակցություն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված խաղաղ բնակիչների, անմեղ երեխաների և քաջորդիների հարազատներին։
Վիեննայի ՀԱԵ Սբ. Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը Սբ. Պատարագից հետո նախ կատարել է խաղաղության աղոթք, որից հետո եկեղեցուց մեկնարկել է քայլերթը:


Քայլերթին մասնակցել են Վիեննայի համահայկական բոլոր կառույցների ներկայացուցիչները, որոնք միահամուռ պահանջել են հանուն հայ ժողովրդի խաղաղության և արդարության անհապաղ միջոցներ ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի՝ զսպելով Ադրբեջանի ցեղասպան գործողություններն արցախահայերի նկատմամբ։
Ի զորակցություն հայերի, քայլերթին նաև մասնակցել են ոչ հայկական քույր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ավստրիայի ժողովրդավարական կուսակցության ղեկավարներ:
Հավելենք, որ սեպտեմբերի 25-ին Ավստրիայի խորհրդանում բոլոր կուսակցությունները զեկույց են ունենալու՝ ներկայացնելով Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության հետևանքները:





