Ներկայացնում ենք miasin.am-ի հարցազրույցը Օնտարիոյի Հայկական Միացյալ Խորհրդի Հումանիտար Հանձնախմբի համակարգող անդամ Խորեն Մարդոյանի հետ:

– Պատերազմի օրերին Սփյուռքը միանգամից ինքնակազմակերպվեց ու հնարավոր բոլոր եղանակներով (քաղաքական, մարդասիրական, տեղեկատվական և այլն) ջանաց օգնության ձեռք մեկնել հայրենիքին. կանադահայ համայնքն ո՞ր ուղղություններով էր այդ օրերին աշխատում և ինչպե՞ս կարողացավ օգտակար լինել Հայաստանին և Արցախին:

– Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Կանադայի հայ համայնքը նույնպես անմասն չմնաց Հայաստանին և Արցախին ֆինանսական և հումանիտար օժանդակության հարցում: Պատերազմի առաջին իսկ օրվանից Տորոնտոյում շատ արագ ձևավորվեց Օնտարիո Նահանգի Միացյալ Մարմինը, որի տանիքի տակ  միաբանվեցին  համայնքում գործող բոլոր հայկական կառույցներն ու անմիջապես անցան գործի: Նշեմ, որ այդ ժամանակահատվածում շատ սերտորեն համագործակցել ենք Օտտավայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ, որը մեզ էր տրամադրել այն ապրանքների ցուցակները, որոնք առաջնահերթ և շտապ պետք էր ուղարկել Հայաստան ու Արցախ: Այդ օրերին բոլորս էինք  ջանում, որպեսզի կարողանանք Հայաստան ուղարկել այն ամենը, ինչի կարիքն ունեին Արցախից տեղահանված մեր հայրենակիցները:

Աշխատանքները մեկնարկեցին պատերազմի սկսվելուց երեք օր հետո, դեռ շարունակվում են և շարունակվելու են, քանի դեռ կարիքը կա: Պետք է արժանին մատուցենք Օնտարիո նահանգում գործող կանադահայ կառույցներին՝ իրենց անձնուրաց և նվիրական աշխատանքի համար: Այդ օրերին  յուրաքանչյուր հայորդի դարձավ Հայոց բանակի թիկունքն ամուր պահող զինվոր:

– Այսօր, դժբախտաբար, ունենք մի իրականություն, որի հետ դժվար է համակերպվել: Այնուամենայնիվ, ինչպե՞ս է հնարավոր, կամ ի՞նչ է պետք է անել հաղթահարելու այս իրավիճակն ու գտնելու այն ուղիները, որոնք մեզ կօգնեն առաջ շարժվել:

– Ստեղծված իրավիճակը դժվար համակարպելի չէ, իրավիճակն անհամակերպելի է։ Այդտեղից դուրս գալու համար անհապաղ պետք է հեռանա գործող իշխանությունը, պետք է ձևավորվի ժամանակավոր ճգնաժամային կառավարություն, այնուհետև պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Ընդ որում, պետք է բացառել ժամանակավոր կառավարության՝ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։

Իսկ առաջ շարժվելուն կօգնի միայն պրոֆեսիոնալների բանակը, որն անշահախնդրորեն կլծվի ծանրաբեռ աշխատանքի՝ ունենալով Սփյուռքի և Հայաստանի անմնացորդ աջակցությունը։

– Ինչպիսի՞ չափանիշների պետք է համապատասխանեն պետության համար պատասխանատուները, որպեսզի կարողանան երաշխավորել վերը նշված խնդիրների լուծումները:

– Սա թերևս ամենահաճախ հնչող և կարևոր հարցադրումն է։ Նախ` պետք է լինեն ինքնուրույն, հավասարակշռված, լրջախոհ, ազդեցության տակ չընկնող, սառնասիրտ, ներսից կամ դրսից չկառավարվող, փորձառու, հայրենասեր և արհեստավարժ: Առաջին հերթին այնպիսի գործիչներ են պետք, որոնց համար Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, ազգային արժեքները բացարձակ առաջնահերթություններ են, որոնք համարձակություն կունենան այս աղետից հետո վերցնելու այդ ահռելի պատասխանատվությունը։

Գործիչներ, որոնք ի զորու են ազգային ու պետական հարցերում մեր ռազմավարական դաշնակցին, այո’, մեր ժողովրդի փաստացի միակ դաշնակից մնացած Ռուսաստանին, առանձին հարցերում, հիմնավորված և համոզիչ Ո’Չ ասելու, ընդունակ են ավանդական գործընկեր բոլոր երկրների հետ ակտիվ համագործակցության քաղաքականություն իրականացնելու։

Փորձառու, եռանդուն, ամուր, կամային ու վճռական ղեկավարներ են պետք ռազմաքաղաքական, դիվանագիտական, իրավական, տնտեսական, սոցիալական և մյուս ոլորտներում առկա անհաշվելի խնդիրները լուծելու կամ գոնե լուծման իրատեսական տեսլական առաջարկելու համար։

Մեզ պետք է ղեկավար, որին չեն ծաղրի ո՛չ մի երկրում, ինչն արվում է այս օրերին հարևան երկրներում: Վերջերս ականատես ենք լինում այնպիսի տեսարանների, թե ինչպես են  Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հեռուստատեսությամբ և  սոցիալական ցանցերում տարբեր առիթներով ծաղրի ենթարկում  Փաշինյանին: Ամեն ինչ հասել է նույնիսկ նրան, որ Ադրբեջանում Փաշինյանին ուզում են հռչակել տարվա մարդ: Իսկ Փաշինյանը որևէ  ձևով չի հակադարձում Ալիևի և Էրդողանի հայտարարություններին:

Ես՝ որպես դրսում ապրող հայ, խոր ցավ եմ ապրում, տեսնելով, թե ինչպես է թշնամի պետության ղեկավարը ծաղրում իմ պետությունը ներկայացնողին: Ինձ նման շատ-շատերն են նույն մտքին, հավատացնում եմ Ձեզ, այ հենց սա՛ է այն ամոթը, որը պատել է մեզ բոլորիս՝ թե՛ Սփյուռքում և թե՛ Հայաստանում: Քանի դեռ Արցախը, Շուշին «դժգույն և դժբախտ» համարած հայատյաց դասալիքը հրաժարական չի տվել վարչապետի պաշտոնից, մենք ամեն Աստծո օր, այդ ամոթը մեր ուսերին պետք է արթնանանք:

Հայատյաց դասալիքը, Ալիևին ու Էրդողանին երբեք և ոչ մի դեպքում չի հակադարձում, ինչո՞ւ: Իմ կարծիքով և ենթադրությամբ կա երեք տարբերակ.
առաջին`  ամենայն հավանականությամբ կաշառվել է և սարսափում է, որ Ալիևը կբացահայտի այն և կապացուցի,

երկրորդ` երկար տարիներ աշխատել է թուրքական իշխանությունների համար և սարսափում է, որ թուրքերը կարող են հրապարակել իրենց մոտ առկա բոլոր ապացույցները,

երրորդ` Արցախի Հանրապետությունը դասալիքի  և իր քաղաքական թիմի համար, ինչպես նախկինում իր քաղաքական հոգեհայրն  էր ասում հայտնի հեռուստաեթերի ժամանակ. «թե տղա եք, պահեք», դարձավ բեռ, որից պետք էր ձերբազատվել: Վերջին երկուս ու կես տարվա ընթացքում նա արեց ամեն բան Արցախից ձերբազատվելու համար: Այստեղից ենթադրություն, նա թրքասեր և օտարերկրյա գործակալ է, սակայն «ծառայել է իր ազգին»:

Երրորդ տարբերակի դեպքում, իհարկե, պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ, բայց ներքուստ կարելի է հարգել` «ծառայել է իր ազգին»…
Ատել, պատժել, բայց` հարգել…

– Քաղաքական հարցերից բացի, ունենք լուծում պահանջող շատ խնդիրներ (անօթևան մնացած հայրենակիցներ, վիրավոր և անհետ կորած զինվորներ, զոհված զինծառայողների ընտանիքներ և այլն), կանադահայ համայնքն ինչպե՞ս է շարունակում իր աջակցությունը Հայաստանին և Արցախին:

– Ինչպես արդեն նշեցի, կանադահայ համայնքը շարունակելու է իր անվերապահ աջակցությունը ցուցաբերել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, զոհված զինծառայողների, ինչպես նաև վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին: Օգնության ծրագրերը լինելու են շարունակական, բազմաբնույթ և տևական:

Այսօր, դժբախտաբար, չունեցանք այն հաղթական ելքը, որն ակնկալում էր աշխարհասփյուռ հայությունը: Ցավալի էր, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում պատերազմի առաջին օրից, ուղիղ 44 օր բոլորիս պահել են տեղեկատվական ստի և կեղծիքի մեջ: Օր օրի համոզելով և պնդելով, թե «Հաղթելուն ենք», սակայն պատերազմի վերջում ստացանք կապիտուլյացիայի պայմանագիր, ստորագրված դժգույն և դժբախտ վարչապետ կոչեցյալի կողմից:

Բոլորս էլ՝ Հայաստանում, թե Սփյուռքում գիտակցում ենք, որ մեր պայքարն ավարտված չէ, թուրքն իր հայակործան ծրագրից չի հրաժարվել և նպատակ էլ չունի հրաժարվելու: Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք միասնական լինել, սատարել միմյանց, որպեսզի չկորցնենք այն հայրենիքը, որ ունենք այսօր:

– Պատերազմի օրերին մեկ անգամ ևս փաստեցինք, որ Սփյուռքը զորեղ ուժ է՝ պատրաստ միշտ կանգնելու հայրենիքի կողքին: Ինչպիսի՞ն ենք պատկերացնում Հայաստան-Սփյուռք հետագա հարաբերությունները: Որո՞նք պետք է լինեն այն առաջնային հանգրվանները, որոնց շուրջը պետք է զարգանան այդ հարաբերությունները:

– Հայաստան-Սփյուռք հարաբերությոնների վերաբերյալ կարելի է անվերջ խոսել։ Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում, այդ հարաբերություններն անընդհատ վերագնահատման և վերանայման կարիք ունեն:

2019 թվականի հունվար-փետրվար  ամիսներին, այսպես կոչված թավշյա իշխանությունը, որոշում կայացրեց փակելու ՀՀ սփյուռքի նախարարությունը, որը հանդիսանում էր Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման  և զարգացման հիմնական շարժիչ ուժը: Կարող ենք արձանագրել, որ  հենց այդ պահից էլ կոտրվեց մեր հայրենիքի հզոր թիկունքի բնականոն աշխատանքը, որը տասնամյակներ շարունակ աշխատում և համագործակցում էր Սփյուռքում գործող հայկական կառույցների հետ, մշակում էր համատեղ ծրագրեր՝ ի բարօրություն մեր երկրի զարգացման ու պետականության ամրապնդման:

Իհարկե, Սփուռքի հետ ունեցած հարաբերությունները միշտ չէ, որ անթերի են եղել։

Հայաստանի գալիք իշխանությունը պետք է խորությամբ վերանայի Սփյուռքի հետ իր ապագա անելիքները, քանզի ներկայիս Հայաստան–Սփյուռք հարաբերություններն ամենալավ տեղում չեն, և սրա միակ պատասխանատուն այսօրվա իշխանություններն են, ի դեմս Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ու վերջինիս որդեգրած աշխատանքային գործունեության:

Սա իր բացասական ազդեցությունն ունեցավ Հայաստան–Սփյուռք հարաբերությունների զարգացման վրա և ամեն ինչ հասավ նրան, որ վերջերս հանձնակատարի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, որ պատերազմից հետո խոր անջրպետ կա Սփյուռքի և Հայաստանի միջև:

Լավ, մարդ որքա՞ն պետք է անտեղյակ լինի Սփյուռքից, հենց Սփյուռքում երկար տարիներ աշխատած և ապրած լինելով հանդերձ, որ նման միտք արտահայտի: Ինչպես մի առիթով նշել էի, ևս մեկ անգամ կկրկնեմ հետևյալը՝ Սփյուռքի և Հայաստանի միջև անջրպետ չկա, չի եղել և ՉԻ լինի․․․ Անջրպետը` ներկայիս վարչախմբի և աշխարհասփյուռ հայության միջև է:

Ժամ առաջ պետք է վերականգնել Սփյուռքի նախարարությունն իր բոլոր վարչություններով և բաժիններով, որպեսզի կապը աշխարհասփյուռ հայության հետ լինի պետական մակարդակի վրա, այլ ոչ թե՝ ինչ-որ գրասենյակի: Համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացնելուց հետո, առաջարկում եմ, որ նախարարությունում աշխատանքի հրավիրվեն Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ավստրալիայի, ինչպես նաև Միջին Արևելքի տարածաշրջաններից, նախկին Խորհրդային Միության երկրներից, իրենց համայնքներում բարձր հեղինակություն վայելող մեր հայրենակիցները, որոնք իրենց հերթին վստահության կամուրջ կարող են հանդիսանալ և նպաստել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Այն նաև վերահսկողություն կսահմանի, որպեսզի Սփյուռքից ուղարկված ֆինանսական օգնությունները նպատակային ձևով ծախսվեն, այլ ոչ թե, ինչպես վերջերս ականատես եղանք, երբ հայրենի կառավարությունը, Սփյուռքին առանց որևէ հաշվետվություն ներկայացնելու, կառավարության ղեկավար մարմինների որոշմամբ, պատերազմի ժամանակ բարեգործական ծրագրերի համար ուղղված գումարները «Հայաստան» համահայկական հիմնադրամից փոխանցի ՀՀ պետական բյուջե:
Եվ այսքանից հետո, դեռ խոսելու ենք վստահության մասին, քավ լիցի …

Ժամանակն է, որ Սփյուռքը լիարժեք մասնակցի Հայաստանի ներքաղաքական կյանքին, տարբեր բնագավառներում իր ունեցած հարուստ փորձով և հմուտ մասնագետների ներգրավմամբ: Չի կարելի Սփյուռքին նայել միայն որպես ֆինանսավորման աղբյուրի՝ հայրենիքում այս կամ այն ծրագրերի իրականացման համար։

Անհրաժեշտ են համապատասխան սահմանադրական փոփոխություններ, որպեսզի Սփյուռքն իր ուրույն ներկայությունն ունենա հայրենիքի զարգացման գործում: Անհրաժեշտ է ունենալ հավատարմագրված և ՀՀ օրենքով լիազորված ներկայացուցիչներ, որոնք իրենց հերթին հաշվետու կլինեն և՛ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, և՛ Սփյուռքին՝ այս կամ այն ծրագրի իրականացման համար:

Հասկանալի է, որ այս ամենն իրագործելու և կյանքի կոչելու համար անհրաժեշտ են օրենսդրական և Սահմանադրական փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է:
Հենց այդ ժամանակ էլ, երբ կյանքի կկոչվեն այդ փոփոխությունները, վստահորեն կարող ենք արձանագրել, որ մենք կունենանք այլ որակի համագործակցություն Սփյուռքի հետ:

– Վերջում մի մասնավոր հարց. ծանր հոգեվիճակում ենք բոլորս, թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Յուրաքանչյուրը, սակայն, փորձում է գտնել լույսի որևէ շող, խթան, թեկուզ շատ փոքր, որպեսզի կառչելով՝ շարունակի ապրել ու առաջ շարժվել: Ո՞րն է ձեզ համար այդ լույսի շողը:

– Այո՛, բոլորս թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում ծանր մտատանջությունների մեջ ենք: Ո՞րն է ելքը: Կոնկրետ ինձ համար այդ լույսի շողը, թեկուզ և փոքր, մի քանիսն են:
Միասնականություն, իշխանական բուրգի արմատական փոփոխություն՝ վերևից ներքև, ռազմագիտական, քաղաքագիտական, տնտեսագիտական մասնագետների փորձի գնահատում: Պետք է հաշվի առնել անցյալի հսկայական ձռեքբերումների փորձը և առաջ գնալ: Հետևաբար, Հայրենիքի և Սփյուռքի կարող ուժերի մեկտեղումն արդեն հրատապ է՝ դիմագրավելու այս ամենին:
Ոչ մի դեպքում ԶՐՈ կետից առաջընթաց ապրելու ձևակերպումները օգուտ չեն բերել և չեն կարող բերել:

Աստված պահապան հայ ազգին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here