Ներկայացնում ենք miasin.am-ի հարցազրույցը Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Աբովյան» վարժարանի տնօրեն Կարեն Խուրշուդյանի հետ:
– Սեպտեմբերի 27-ը խախտեց ո՛չ միայն Հայաստանի ու Արցախի անդորրը, այլև՝ Սփյուռքի: Միանգամից ինքնակազմակերպվելով՝ Սփյուռքը հնարավոր բոլոր եղանակներով (քաղաքական, մարդասիրական, տեղեկատվական և այլն) ջանաց օգնության ձեռք մեկնել հայրենիքին: Ձեր համայնքն ո՞ր ուղղություններով էր այդ օրերին աշխատում և ինչպե՞ս կարողացավ օգտակար լինել Հայաստանին ու Արցախին:
– Պատերազմի վտանգը, որը դամոկլյան սրի պես արդեն 25 տարի կախված էր մեր գլխին, սեպտեմբերի 27-ին կտրվեց և «ընկավ» Հայաստանի, Արցախի և համայն Սփյուռքի գլխին: Սփյուռքը միանգամից ինքնակազմակերպվեց: Անմիջապես զգացվեց վերջին տարիներին Հայաստանից հեռացած հայերի մի ինքնաբուխ մոբիլիզացիա, ինչպիսին երբևէ չէի տեսել: Անգամ Ֆրանսիայի հեռավոր քաղաքներում ապրող 5-10 հայ ընտանիք կարողացան մի քանի օրերի ընթացքում հավաքել մեկ բեռնատար հումանիտար օգնություն և 1000-1200 կմ կտրելով՝ հասցնել մինչև Մարսել, որպեսզի որքան հնարավոր է արագ հասցնենք սահման, առաջնագիծ:
Այո, ինքնակազմակերպվեցին բոլորը, բոլորը դարձան զինվոր: Ինչպես մի առիթով ասել էի՝ բոլորը սահմանում չէին, սակայն բոլորը զինվոր էին:
Ֆրանսահայ համայնքն աշխատեց տարբեր ուղղություններով: Հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդն ուղղորդեց իր ողջ քաղաքական լծակները, որպեսզի տարածաշրջանի բոլոր ինքնակառավարման ինստիտուտները, նահանգային, քաղաքային, պետական կարևոր մարմինները՝ Սենատը, Ազգային ժողովը, ճանաչեն Արցախի անկախությունը և անհապաղ կազմակերպեն հումանտիտար օգնություն դեպի Հայաստան և Արցախ:
Ամբողջ համայնքը մասնակցեց հումանիտար օգնության հավաքագրման աշխատանքներին: Համայնքի շատ երիտասարդներ անդամագրվեցին, որպեսզի գան և զինվորագրվեն Հայաստանում: Անգամ Մարսելից մի ջոկատ մեկնեց Հայաստան:
Սփյուռքը ջանաց բոլոր ուղղություններով՝ տեղեկատվական, մարդասիրական, քաղաքական, օգնության ձեռք մեկնել հայրենիքին, որպեսզի Հայաստանը չմեկուսացվի, օգնություն ստանա: Քանի որ շատ պետություններ, այսպես ասած, ձեռքերը լվացին, և մնացին միայն Հայաստանն ու Սփյուռքը, որպես կողք-կողքի պայքարողներ:
– Նոյեմբերի 10-ին բոլորս՝ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, արթնացանք ու «բախվեցինք» մի իրականության հետ, որի հետ դժվար է համակերպվել: Այդ «իրականությունն» ինչպես ընդունեց կոնկրետ ձեր համայնքը և որո՞նք են այն առաջնային նպատակակետերը, որոնց ուղղությամբ այսուհետ պետք է քայլեր ձեռնարկել: Եվ ո՞րը պետք է լինի Սփյուռքի դերակատարումն այդ հարցում:
– Նոյեմբերի 10-ն իմ կյանքի ամենավատթարագույն և սև ամսաթիվն է: Ամսաթիվ, երբ հայոց 2000-ամյա պատմությունը ստորագրեց իր ճակատագրական պարտությունը:
Իհարկե, շատ հեշտ է քննադատել, ինչպես ասում էր Ջոն Ֆ. Քենեդին. «Հաղթանակը հայր ունի, իսկ պարտությունը որբ է»: Այո, այս որբ պարտության հետ հաշտվելը, անգամ ամիսներ անց, շատ դժվար է, բայց պետք է գլուխներս վեր պահենք, որովհետև մեզ նայող սերունդներ կան, մեզ նայող նոր ծնվող հայ երեխաներ կան: Պետք է կարողանանք վերադարձնել ազգային կորցրած արժանապատվությունը, վերականգնել ազգային ինքնության վեմը, և դրա շուրջ կառուցել մի նոր տաճար, մի նոր հայրենիք, մի նոր վերածնված Հայաստան:
Իսկ առաջնային նպատակները բազմաթիվ են և բազմապիսի: Շարունակական աշխատանքներ պետք է կիրառենք, որպեսզի Թուրքիան թաթախվի համաշխարհային պատժամիջոցների մեջ: Քաղաքական առումով կարևոր է, որ ճանաչվի Արցախի անկախությունը, իսկ սոցիալական առումով պետք է գտնենք միջոցներ՝ վիրավոր զինծառայողներին, նրանց ընտանիքներին օգնելու համար: Կարևոր է նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնության տրամադրումը:
Ես կարևորում եմ հետևյալ մոտեցումը․ ո՛չ թե մարդկանց ձուկ տալ, այլ նրանց ուղղորդել դեպի ձկնորսություն՝ ֆինանսավորելով ողջ ճանապարհը: Առաջնային եմ համարում նաև կրթությունը, պետք է գտնել միջոցներ, որպեսզի նոր ծնվող սերունդն ավելի կրթված հասարակություն ձևավորի, և հետագայում երկիրը տանի իր կուլմինացիոն հաղթանակին: Այո, շատ աշխատանքներ կան: Բոլորս ի գործ, համատեղ ուժերով միայն կարող ենք հասնել հաղթանակի:
– Մոտ երկու ամիս տևած ամենօրյա աշխատանքից հետո Սփյուռքը՝ ձեր համայնքն ինչո՞վ է զբաղված այս օրերին:
– Երկու ամիս տևած ամենօրյա աշխատանքը ֆիզիկական առումով շատ ժամանակատար էր: Օր ու գիշեր հավաքում էինք բեռով լի արկղեր, համարակալում, հաշվառում, ստուգում ամենափոքր մանրուքն անգամ:
Հայի նորօրյա գողգոթան անցնելուց հետո օգտվելով առիթից, ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, որոնք Ֆրանսիայի կամ Եվրոպայի ամենատարբեր անկյուններում գիշեր ու ցերեկ աշխատեցին հանուն հայրենիքի, հանուն փրկության, հանուն հաղթանակի: Շնորհակալություն բոլոր նրանց, որոնք դեռ տարիներ շարունակ պետք է վճարեն վարկերը՝ գնված թանկարժեք ապրանքների գումարները մարելու համար: Այն կազմակերպություներին, անձանց, որոնք կարողացան պարետային պայմաններում անցնել 100 կմ, որպեսզի իրենց ունեցած ամենալավ, ամենավերջին իրը հասնի սահման, հայրենիք: Շնորհակալություն այն բժիշկներին, որոնք գիշերուզօր մեզ հետ աշխատեցին:
Պատերազմի օրերին Սփյուռքը զբաղված էր հումանիտար օգնություն հավաքագրելով, ոգի տալով, տարբեր լեզուներով հրապարակումներ պատրաստելով՝ ֆրանսիացիներին, աշխարհին տեղեկացնելով, փորձեցինք անել ամեն ինչ, որ հասնենք հաղթանակի․ սակայն ունեցաք այն, ինչ ունենք:
– Պատերազմի ավարտից հետո կայացավ «ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ» երգի պրեմիերան, որի խոսքերի հեղինակը դուք եք: Ինչպե՞ս ծնվեց երգը, ո՞րն է ասելիքն և ո՞ւմ է ուղղված:
– Սա իմ իմ առաջին փորձն էր երգի բառեր գրելու, որի համար շնորհակալություն եմ հայտնում տաղադավոր կոմպոզիտոր, երգահան Մարինե Գյուլումյանին, որը պատերազմի օրերի ընթացքում ոչ միայն հումանիտար օգնության հավաքագրմամբ էր զբաղված, այլև երգեր էր գրում, ինչպես ես՝ բանաստեղծություններ, որպեսզի առավոտ կանուխ հրապարակեմ, որպեսզի ազգի ոգին չկոտրվի, որպեսզի մարդիկ իրենց ռիթմից չընկնեն և գան դեպի հաղթանակ:
Այս երգը հրապարակվեց նոյեմբերի 9-ից հետո: «Ապրելու ենք» բառերից հասկանալի է, որ տալիս է հույս, նոր կորով, որպեսզի հայ ժողովուրդը հավատ իր ուժերին, իր կամքին, որ գա դեպի հաղթանակ, որովհետև մեր հաղթանակը դեռ առջևում է: Հարկավոր չէ ընկճվել, դեռ պիտի ասենք մեր ասելիքը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երգիչներին: Ինձ համար շատ գեղեցիկ փորձառություն էր, որի համար շատ ուրախ եմ: Փորձենք հետագայում ևս համագործակցել Մարինեի հետ:
– Դուք նաև ղեկավարում եք Մարսելի «Աբովյան» վարժարանը, որի ամենակարևոր առաքելություններից են հայապահպանությունն ու հայեցի դաստիարակությունը: Ձեր կարծիքով Արցախյան նորօրյա պատերազմից հետո կրթական ասպարեզում անելիքները վերանայելու խնդիր ունե՞նք արդյոք: Եթե այո, ապա ի՞նչ ուղղություններով:
– «Աբովյան» վարժարանը հայապահպանության, վաղվա հայի կերտման օրրան է, որտեղ փորձում ենք հայեցի դաստիարակել մեր երեխաներին, սովորեցնել հայկական բառն ու բանը, նրանց պահել մեր եկեղեցու գրկում, պահել հայրենիքի մոտ, պահել հայկական համայնքի մեջ, որպեսզի շփվեն միմյանց հետ, մեծանան միասին: Եվ այդ ամենը կատարեն արվեստների միջոցով՝ երգ, նկարչություն, շախմատ, դաշնամուր, պար:
Կարևոր են նաև շփումները, որպեսզի երեխաները միմյանց հետ հաղորդակցվելով՝ փոխանցեն իրենց ընտանիքների սերն ու ջերմությունը միմյանց:
Չէ՞ որ այդ փոքրիկները վաղվա մեր մայր տաճարի ղողանջներն են: Ամեն երեխայի ձայնի, ուրախության, անգամ փոքրիկ չարաճճիությունների մեջ ես տեսնում եմ, թե ինչպես է տասնյակ տարիներ հետո ղողանջելու մեր մայր տաճարը: Իսկ որպեսզի տաճարը ղողանջի, պետք է այսօր մեր առաքելությունը, մեր վարդապետությունն ուղղենք դեպի հայապահպանություն, հայերենի դասավանդում, հայկական երգի, արվեստի նկատմամբ սեր և կիրառում: Քանզի սիրել հայերենն առանց կիրառելու, առանց օգտագործելու հայերեն լեզուն, ոսկեղենիկ մայրենին, նշանակում է ուծացում:
Մի մեծ ծրագրի վրա ենք աշխատում, առայժմ չեմ ուզում փակագծերը բացել: Հուսով ենք՝ 2021-22 թվականներին կիրականանա, և կկարողանանք բարձրաձայնել այդ մասին:
Վարժարանում մենք չենք սահմանափակվում միայն շաբաթը երկու անգամ ուսուցում կազմակերպելով: Պետք է այլ ուղղություններով աշխատել, որպեսզի այն բոլոր խնդիրները, որոնք ունենք այսօր, փորձենք լուծել:
Երանի չունենանք նորից արտագաղթ, երանի այլևս Հայաստանից ոչ ոք չգա Ֆրանսիա, որովհետև յուրաքանչյուր նոր աշակերտ ընդունելով, իմ սիրտը պատռվում է (թեև որպես դպրոցի տնօրեն չպետք է բարձրաձայնեմ այդ մասին)։ Քանի որ հասկանում եմ, որ ևս մի ընտանիք, ևս մի երեխա, վաղվա մի Հայկ, Սասունցի Դավիթ պոկվեց հայրենիքից: Սա է, որ ինձ դառնացնում է, սակայն փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ Հայկերը, Վարդանները, Դավիթները, որոնք ծնվում, ապրում, մեծանում են Ֆրանսիայիում, լինեն նույնքան նվիրված հայրենիքին, ինչպես սահմանին կանգնած սահմանապահն ու Երևանում, Հայաստանում ապրող իմ սիրելի հայրենակիցները:
– Պատերազմի օրերին մեկ անգամ ևս փաստեցինք, որ Սփյուռքը զորեղ ուժ է՝ պատրաստ միշտ կանգնելու հայրենիքի կողքին: Ինչպիսի՞ն ենք պատկերացնում Հայաստան–Սփյուռք հետագա հարաբերությունները: Որո՞նք պետք է լինեն այն առաջնային հանգրվանները, որոնց շուրջը պետք է զարգանան այդ հարաբերությունները՝ փոխադարձաբար:
– Հայ ժողովուրդը չունի նավթ, ոսկու հանքեր, որոնց եկամուտը անմիջականորեն լցվում է Հայաստանի Հանրապետության բյուջե, բայց հայ ժողովուրդն ունի Սփյուռք: Սա ամենակարևորն է, որը պետք է արձանագրենք: Սփյուռքը մեծ, զորեղ ուժ է: Անգամ ֆրանսախոս հայերը, որոնք մտածում էինք, որ կտրված են հայրենիքց, պատերազմի օրերին արցունքն աչքերին իրենց ընտանիքների հետ արեցին հնարավոր ամեն ինչ՝ օգնելու հայրենիքին:
Նորից եմ ուզում կրկնել, որ 16 տարիների ընթացքում, որ ապրում եմ Ֆրանսիայում, երբեք չէի տեսել նման համախմբում և մոբիլիզացիա: Նման բան ես առաջին անգամ եմ իմ կյանքում տեսնում: Ավագ սերունդն ասում է, որ նմանօրինակ համախմբում եղել է նաև հեռավոր 1988 թվականին՝ դեկտեմբերյան երկրաշարժից հետո:
Հետևաբար, Սփյուռքը հարկավոր է պահել աչքի լույսի պես: Աչքի լույսի պես պահելու համար անհրաժեշտ է Սփյուռքը ներգրավվել Հայաստանի ներքին կյանքին, պետք է ընտրել Սփյուռքից առաջնորդներ, որոնք համախմբում են իրենց շուրջը մարդկանց, և մասնակից դարձնել հայրենիքի կառուցման գործին:
Պետք է հաշվի նստել Սփյուռքի հետ, հաշվի նստել ոչ թե որոշումները կայացնելուց հետո, այլ ընթացքում: Հարկավոր է, որ Սփյուռքը ևս մասնակցի հայրենիքի կառուցման գործին:
Մենք ո՛չ մի պետության վրա հույս դնել չենք կարող, բայց կարող ենք ապավինել Հայկական սփյուռքին: Մեր առաջնային հանգրվանը, որից պետք է զորանան մեր հարաբերությունները փոխադարձաբար, վստահության վերականգնումն է, Սփյուռքի հետ նորովի հարաբերությունների ստեղծումը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ներկա մարտահրավերները և ինչպես միշտ է եղել, կմնանք Հայաստան-Սփյուռք սերտաճած մի ամբողջություն՝ հանուն վաղվա փառավոր հայրենիքի:








