Համացանցում այսօր լայն տարածում գտած տեսանյութի հերոսը՝ Հարութ Մնացականյանը, որը միասնության, հաղթանակն ազգովի կերտելու կոչ էր ուղղում բոլորին, 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի ազատամարտիկների միությանը կից գումարտակի կազմում այն առաջամարտիկներից մեկն էր, որը կամավորության սկզբունքով առաջնագիծ էր մեկնել:

Ինչպես հայտնում է miasin.am-ը, այն նույն թվականի ապրիլին, երբ պետք է տեղի ունենար Հարութի և նրա նշանածի՝ Սոնյայի հարսանիքը, որոնց սիրո պատմությունը սկիզբ էր առել դեռ ուսանողական տարիներին:
Սերը՝ առ հայրենիք, առ սիրելի, հաղթում է ցանկացած պատերազմ: Հաղթանակած վերադանալով՝ Հարութի և Սոնյայի պսակադրության արարողությունը կայացավ նույն թվականի ամռանը: Խոստմանը համաձայն՝ Հարութը զինվորական համազգեստով էր եկեղեցի գնացել և այդ զգեստով էլ Սուրբ խորանի առջև կնոջը տեր լինելու խոստում տվել:
Խորհրդանշական ու արտասովոր էր նաև Հարութի և Սոնյայի ամուսնական մատանու պատմությունը:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային տանը Արցախի աջակցությանն ուղղված վիրահայ նկարիչների աշխատանքների ցուցադրություն-վաճառքի ավարտից հետո վիրահայ Կարեն Նանումյանը կնոջից ներողություն խնդրելով՝ մատից հանել էր ամուսնական ոսկյա մատանին և հայտարարել, որ այն Արցախ է ուղարկում: Ազգությամբ ռուս կինը ևս միացել էր ամուսնուն՝ մատնեմատից հանելով մատանին:
Արցախում մատանիները հանձնել էին Արցախի բանակի հոգևոր սպասավոր Սամվել սարկավագ Մկրտչյանին այն պայմանով, որ դրանք պսակադրության ընթացքում հանձնի դիրքերից վերադարձած առաջին զինվորին, որն ամուսնանալու նպատակ կունենա:
Մատանիները երկար չսպասեցին իրենց «նոր տերերին»: Հենց Հարութը և Սոնյան դարձան խորհրդանշական պատմության ու մատանիների հաջորդ «հերոսները»:
«Արցախցու անկոտրում ոգով շարունակում ենք առաջ ընթանալ և արժանի հակահարված տալ թշնամուն: Քառօրյա պատերազմից հետո հետաձգված բոլոր հարսանքիները կայացան: Արցախում դհոլ-զուռնայի շատ ձայներ լսվեցին, նաև Քառօրյա պատերազմի մասնակից զինվորներից ամուսնացան: Արցախի երիտասարդները շարունակում են և՛ պատերազմել, և՛ ընտանիքներ կազմել»,- ինչպես հայտնում է miasin.am-ը, տարիներ առաջ ասել էր Հարութ Մնացականյանը։ Խոսքեր, որոնք այժմ էլ նույն կարևորությունն ու անհրաժեշտությունն ունեն։
Այսօր Հարութը, որն արդեն 2 դուստր ունի, դարձյալ առաջնագծում է՝ պաշտպանելու իր ընտանիքը, իր հողն ու հայրենիքը:
Հարութի և առաջնագծում պատերազմող բոլոր զինվորների շնորհիվ այս պատերազմն էլ ենք հաղթելու: Հաղթելու ենք ու շարունակելու ենք ապրել, սիրել, ամուսնանալ, շարունակելու ենք կառուցել ու շենացնել ազատ, անկախ ու հերոսական Արցախը համազգային միասնությամբ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here