Tuesday, October 6, 2026

«Միասին»-ի ճամբարային օրերին մի պահ ընկանք մանկության գիրկը. ծրագրի շահառու

Հունիսի 30-ից հուլիսի 5-ը Ծաղկաձորում անցկացվեց երկու՝ ավագ և կրտսեր սերունդների համախմբան ճամբար։ Ճամբարի մեկնարկը տրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ ստանալով Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի օրհնությունը։

«Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբարի նախաձեռնությունը «Միասին» հասարակական կազմակերպությանն է։ «Միասին» ՀԿ նախագահ Գևորգ Չիչյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ այն իրենց թռիչքային նախագիծն էր և դեռ  ստեղծելիս չէին կարծում, որ այսքան լավ արդյունք կգրանցեն։ «Նորարարական ծրագրի  նպատակն էր հասարակության ուշադրությունը բևեռել տարեցների  հիմնախնդիրներին, ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն, նպաստել նրանց օգտակար և հետաքրքիր առօրյայի կազմակերպմանը»։

Ճամբարին մասնակցել են Արցախից տեղահանված և Հայաստանի մարզերից 20 տարեցներ, որոնք 5 օր շարունակ ձեռք բերեցին նոր ծանոթություններ, գիտելիքներ և ունեցան յուրօրինակ առօրյա։

«Ճամբարի օրերի ընթացքում ոչ միայն ունեցանք հագեցած հանգիստ, այլև մի պահ ընկանք մանկության գիրկն ու փոքր ինչ մանկացանք»,- ասում է ծրագրի շահառու Գյուլնազ Գրիգորյանը։

Գրական-երաժշտական դասերի ուսուցչուհի Գոհար Հարությույանն ասում է, որ մասնակիցները մեծ ոգևորությամբ են մասնակցում իր դասերին, դե, իսկ հասակակիցների հետ շփումն անգնահատելի է։

Լրագրող, բժիշկ, սոցիալական աշխատող, ռեժիսոր, իրավաբան, լուսանկարող, հոգեբան և այլն. Բացի ավագ սերնդի ներկայացուցիչներից ճամբարին մասնակցեցին Երևանի և մարզերի բուհերի 21 ուսանող, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կիրառեցին ծրագրի շրջանակներում։

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գեղարվեստական լուսանկարչություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արփինե Կարապետյանն անկեղծանում է՝ «Սկզբում կարծում էի, որ մեծահասակների հետ շփումը բարդ է լինելու, սակայն արդեն առաջին օրը հասկացա, որ իրենք մեզնից ավելի եռանդուն ու ոգևորված են»։ Մասնակից ուսանող Մանե Գառնիկյանն էլ կարծում էր, որ անծանոթ մարդկանց հետ շփումը դժվար է լինելու, սակայն ծրագրի ընթացքում մտերմացել է թե՛ ուսանողների, թե՛ ավագ ընկերների հետ։

Ճամբարի ընթացքում տարեցների համար կազմակերպվել են ինտերակտիվ սեմինարներ հոգեբանական թեմաներով, բժշկական խորհրդատվություններ, ձեռագործության և երաժշտական դասեր, հոգևոր և մշակութային զրույցներ։

Ճամբար են այցելել Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, Կոտայքի թեմի հոգևոր հայրեր Տեր Հարություն քահանա Ծատուրյանը և Տեր Համազասպ քահանա Գրիգորյանը, հոգեբանության, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ՀՕՄ Արվեստի ասեղնագործության դասընթացի մասնագետներ։

Սեմինարներից զատ ծրագրի մասնակիցներն այցելեցին Կեչառիսի վանական համալիր, ծանոթացան ստեղծման պատմությանը, վանքի առանձնահատկություններին, այնուհետև եղան Օրբելի եղբայրների տուն-թանգարանում, ծանոթացան իրենց կյանքի նշանակալից դրվագներին։

Ճամբարի փակման միջոցառմանը ներկա էին ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Էդնա Տեր-Վարդանյանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի սոցիալական ծառայությունների համակարգող Մարգարիտա Հովհաննիսյանը, սոցիալական ծառայությունների զարգացման ղեկավար Աննա Գրիգորյանը և այլ հյուրեր։

Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան ծրագրի շահառուները՝ տարեցներն ու երիտասարդ ուսանողները։ Ճամբարի ոսկե սերնդակիցները, գրական-երաժշտական դասի ուսուցչուհի Գոհար Հարությունյանի նվագակցմամբ, կատարեցին «Լելե-լելե», «Սև Գյուլի», «Կանչում եմ, արի», «Նարե» ազգային ժողովրդական երգերը։ Ելույթ ունեցան շահառուներ  Սվետա Գալստյանը՝ ասմունքելով «Ասա՛ ինձ, Տեր իմ», «Զարմանալի է կյանքը մարդկային», «Հերն էլ անիծած» բանաստեղծությունները և Գյուլնազ Գրիգորյանն առանձնացավ «Եկեղեցին հայկական» ելույթով։
Այս ամենից բացի երկու սերունդները պարեցին «Կարնո քոչարի» և «Ծաղկաձորի» պարերը։

«Միասին» ՀԿ նախագահ Գևորգ Չիչյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամին՝  ծրագրի արդյունավետ իրականացման գործում ունեցած ֆինանսական աջակցության համար՝ հույս հայտնելով, որ այս ճամբարն ունենալու է հետագա շարունակություն:

ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու Սիրվարդ Համբարյանն ընդգծում է, որ այսպիսի նախաձեռնություններն, իսկապես, տարեցներին դրական ապրումներ են պարգևում և նպաստում նրանց հիմնախնդիրների որոշակի լուծմանը:

ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Էդնա Տեր-Վարդանյանն անկեղծացավ, որ ծրագիրը հիանալի հնարավորություն ընձեռեց մեկտեղելու ոսկե սերնդի և երիտասարդների հաղորդակցությունը։

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության սոցիալական ծառայությունների համակարգող Մարգարիտ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց «Միասին» ՀԿ-ին  համագործակցության համար և հանդիսատեսին փոխանցեց կազմակերպության տնօրեն Երվանդ Մխիթարյանի ողջույնի խոսքը։ Սոցիալական ծառայությունների զարգացման ղեկավար Աննա Գրիգորյանն էլ նկատեց , որ մենք ենք մեր կյանքին գույներ տվողը, և ոչ ոք միայնակ չէ, յուրաքանչյուր գործում մենք բոլորս միասին ենք։

Հանդիսավոր փակման  արարողության վերջում ծրագրի մասնակից ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր, գործընկերներին՝ շնորհակալագրեր և միջոցառումն ամփոփվեց Գոհար Հարությունյանի գրած «Ոսկե սերունդ»  ճամբարի հիմներգի կատարմամբ։

Հավելենք, որ ծրագիրն իրականացվել է ԵՀԽ հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի և Մյունխենի հայ-գերմանական «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

Պատրաստեց Ժենյա Աբգարյանը

Լուսանկարները՝ Արփինե Կարապետյանի

 

 

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...