Աշխարհը մինչև 2022-ի փետրվարի 24-ը և դրանից հետո
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները ամենուր են՝ գեոպոլիտիկ վերաձևակերպումները իրենց հստակ հետքն ունեն բոլոր ուղղությունների, նաև համաշխարհային տնտեսության վրա։

Հայկական ամենամեծ բիզնես համայնքի՝ Մանթաշով գործարարների միության անդամների համար նոր իրականությունը ճանաչելի ու կանխատեսելի դարձնելու համար կարևոր էր լսել իրականության վերաբերյալ փորձագիտական դիտարկումներ՝ նկատի ունենալով բիզնեսի առջև ծառացած ու դեռևս սպասվելիք ռիսկերը։

Հանդիպում ունեցանք քաղաքագետ, Ոսկանապատ վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

Նա խորքային վերլուծությամբ պարզաբանեց Ռուսաստանի դաշնության և Ուկրաինայի միջև տարիներ տևած ճգնաժամը, այլ երկրների կողմից եկող ազդակները և բոլոր նախադրյալները, որոնք ի վերջո հանգեցրին օրեր շարունակ ընթացող պատերազմի։ Խոսվեց նաև այլ երկրների դիրքորոշման, արտաքին քաղաքական վեկտորների ու հեռանկարների մասին։

Այս ամենի տնտեսական ներազդեցությունը և պատերազմի գինը ներկայացրեց տնտեսագետ, АCSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը։

ՌԴ նկատմամբ սանցիաներն ու պահուստային ֆոնդերի սառեցումն ուղղակիորեն և բացասաբար անդրադառնալու են ապրանքաշրջանառության ծավալների, արտադրական հզորությունների փոփոխության, ամենատարբեր բնույթի դեֆիցիտների և հետևաբար՝ համաշխարհային տնտեսական ցուցանիշների վրա։ Բնականաբար, 8 տոկոս տնտեսական անկումը, որը կանխատեսում են ՌԴ-ի համար փորձագիտական շրջանակները (իսկ որոշ հաշվարկներով երկնիշ տնտեսական անկումը), անմասն չի թողնելու ՌԴ տնտեսության հետ ուղղակիորեն կապ ունեցող երկրներին։

Հայաստանի տնտեսությունը, գտնվելով ԵԱՏՄ անմիջական ազդեցության շրջանակում, արդեն իսկ գրանցել է բացասական ներազդեցություն։ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներն անմիջական են ազդում թե՛ ներմուծումների, թե՛ արտահանումների տեսանկյունից։ Մեծ է լոգիստիկ ու բեռնափոխադրումային ուղղություններին սպառնացող ռիսկը։

Հանդիպման ավարտին մասնակիցները մտքեր փոխանակեցին՝ ելքեր որոնելու նշված իրավիճակների հնարավոր հաղթահարման ու շրջանցման ուղղությամբ։



