Ավստրիայի հայ համայնքը հոկտեմբերի 29-ին Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի մոտ բողոքի լուռ հավաք էր կազմակերպել:
Ինչպես հաղորդում է miasin.am-ը, Արցախի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով ու հայկական դուդուկի հոգեպարար մեղեդու ներքո հայ համայնքի ներկայացուցիչները դատապարտել են ՄԱԿ-ի անդամ երկրների հանցավոր լռությունը Արցախում կատարվող ոճրագործության նկատմամբ:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին ուղղված համատեղ նամակով համայնքի ներկայացուցիչները պահանջել են վերջ դնել լռությանը, դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ և պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Լուռ հավաքը եզրափակվել է Տերունական աղոթքով:
Հավելենք, որ նույն օրը նմանատիպ ակցիաներ են կազմակերպել նաև Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հայ համայնքները՝ Ժնևում և Նյու-Յորքում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակների մոտ:






