ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը գրել է․
«Հեռացավ Հայ ժողովրդի նվիրյալ զավակներից մեկը։ Հայ մեծանուն բարերար Հրայր Հովնանյանը դարձավ հավերժի ճամփորդ։ Խորապես վշտակցում եմ մեր ժողովրդին, քանզի ազնիվ ու նվիրյալ հայորդու մահը մեծ կորուստ է ոչ միայն Հովնանյան գերդաստանի, նրան ճանաչողների, ամերիկահայ համայնքի, այլև բոլորիս համար: Այս ծանր ժամանակներում, երբ ալեկոծված է մեր ողջ ժողովուրդը, երբ ունեցել ենք անչափ թանկ կորուստներ, ծվատված ու արնածոր են մեր սրտերն ու հոգիները, բզկտվել է Արցախ աշխարհը՝ երեսուն տարվա մեր համազգային հպարտության ու ոգևորության աղբյուրը, պատկերացնում եմ, թե ինչպիսի հոգեկան տառապանք ու խռովք է ապրել այդքա՜ն հայրենասեր, այդքա՜ն ազգասեր ու մարդասեր անհատը: Մարդ, ով Հայաստանի անկախացումից ի վեր եկավ և հաստատվեց Մայր Հայրենիքում, ով լիաբուռն ու վեհանձնորեն օգնեց իր հայրենակիցներին, ով անուրանալի ավանդ ունեցավ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ արձանագրելու, Հայոց բանակը կայացնելու գործում:
Պարոն Հովնանյանը, լինելով կարող և բանիմաց անձ, եղբայրների հետ հաջողված բիզնես հիմնեց ԱՄՆ-ում, օտար ափերում ճանաչում, պատիվ ու հեղինակություն ձեռք բերեց և ապրեց իր կյանքը՝ որպես Մեծ Հայ, Մեծ Մարդ, Մեծ Բարերար, իր Հայրենիքի իսկական զինվոր և մայր ժողովրդի նվիրյալ զավակ:
Ես բախտ ու հնարավորություն եմ ունեցել հաճախ հանդիպելու ազգային արժեքներ դավանող հետաքրքիր ու տաղանդավոր Հային, քննարկել նրա հետ Հայրենիք-Սփյուռք գործակցության շատ ու շատ նախաձեռնություններ, ազգաշահ ծրագրեր, լսել նրա խորագետ խոսքը, օգտակար խորհուրդներն ու առաջարկությունները, հասկանալ ապագային միտված տեսլականը: Մեծ էր իմ ուրախությունը, երբ նա Հայաստանում հիմնեց ‹‹Աննա և Հրայր Հովնանյան›› կրթական հիմնադրամը և կարևոր ներդրում ունեցավ կրթական գործի զարգացման գործում: Նա աջակցում էր այն խելացի երիտասարդներին, ովքեր ունեին սոցիալական խնդիրներ և ուսումը շարունակելու դժվարություններ: Հրայր Հովնանյանը համոզված էր, որ ամենամեծ ներդրումը պետք է կատարել Հայրենիքի անվտանգության և երիտասարդ սերնդի կրթության գործում: Նա իր մեծ հեղինակությամբ զորաշարժի էր ենթարկում աշխարհի մեծանուն հայերին և միշտ շեշտում, որ ամենաթանկը Հայրենիքին է, որին պետք է աջակցել ու զորացնել:
Նա լռելայն կատարում էր խոշոր նվիրատվություններ և հոգում Հայաստանի կարիքները տարբեր ոլորտներում, իրականություն դարձնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերը, լուծում համապետական և համայնքային բազմաթիվ խնդիրներ։
Իր ժողովրդի արժանի զավակն առանձնապես շռայլ էր Արցախի ծրագրերը հովանավորելու, տասնյակ բարեգործական ծրագրեր Հայաստանում և Արցախում նախաձեռնելու և կյանքի կոչելու, հայ բիբլիական ժողովրդի քրիստոնեական արժեքները պահպանելու հանձնառությունն իրականացնելիս: Նա մեր կողքին էր իր բարեգործություններով՝ Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքները վերացնելիս:
Հրայր Հովնանյանի շռայլ նվիրատվությունները մեծապես օգնում էին ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամին, որի անփոփոխ Հոգաբարձուն էր՝ հիմնադրամի ստեղծման պահից:
Նրա ցանկությունն էր, որ Հայաստանը դառնա հզոր, ժողովրդավարական երկիր, իսկ Արցախը՝ ճանաչված ինքնիշխան պետություն: Նրա ջանքերով Հայաստան են այցելել հարյուրավոր կոգրեսականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հրայր Հովնանյանի հեղինակության, մարդկային և մտավոր բարձր որակների, կազմակերպական տաղանդի շնորհիվ ԱՄՆ-ում հիմնադրվեց ‹‹Հայկական համագումարը››։ Կառույցի ստեղծման նպատակն էր լոբբիստական աշխատանքներ ծավալել ԱՄՆ կոնգրեսում՝ Հայ Դատի խնդիրներն առաջ մղելու, Անկախ Հայաստանին աջակցելու, Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչելու ուղղությամբ:
Միշտ կեսուրախ էր և լավատես, եռանդով ու գաղափարներով լեցուն, իմաստուն ու խոհեմ։ Նա Նահապետ էր՝ իր վեհ ու առինքնող նկարագրով: Միշտ հիացել եմ նրա ազգային կերպարով, հայրենասիրական պաթոսով, մարդկային հրաշալի որակներով:
Անհուն սիրով և քնքշանքով էր վերաբերում իր ընտանիքին, հատկապես կնոջը՝ Աննային, դուստրերին և թոռներին: Հրայր Հովնանյանն իր բարոյական չափանիշներով, մարդկային ու ազգային նկարագրով դաս և օրինակ էր շրջապատի, ողջ համայնքի, երիտասարդության համար։
Թեև այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ Մեծ Մարդը, սակայն մնացին նրա բարեգործությունները, նրա կատարած ազգանվեր հրաշալի գործերը, նրա շնորհիվ ուսում առած հայորդիները, նրա հոգեզավակները՝ Հովնանյանականները։
Ցավակցում եմ Հրայր Հովնանյանի զավակներին, հարազատներին, նրան ճանաչողներին և ձեզ հետ միասին սգում եմ մեծ Հայորդու երկրային կյանքի ավարտը, հայտնում եմ իմ խորին ցավակցությունը և կիսում վիշտը։
Հրայր Հովնանյանի մահը մեծագույն կորուստ է Հայկական Սփյուռքի, մեր Հայրենիքի համար։
Ափսո՜ս, հազա՛ր ափսոս…
Թող Աստված հոգին լուսավորի եւ արժանացնի նրան երկնային Արքայության։ Թող լույս իջնի ազնիվ հայորդի Հրայր Հովնանյանի շիրիմին։
‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի և վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››: Անկեղծ վշտակցությամբ` Հրանուշ Հակոբյան»:



