‹‹10 միլիոն›› նախագծի շուրջ մտորումները խաղաղ ժամանակներում էին: Մենք գծագրում էինք գործողությունների այն շրջանակը, որի արդյունքում աշխարհի տարբեր երկրներում հաստատված մեր հայրենակիցներին կոչ էինք անելու ավելի շատ լինել Հայաստանում, նպաստել երկրում տուրիզմի, գիտության, մշակույթի զարգացմանը, ավելի շատ ներդրումներ անել ու իրենց սերունդներին փոխանցել հայ հոգևոր ու աշխարհիկ մշակույթի ահռելի ժառանգությունը:
Սակայն 2020-ի սետեբերի 27-ին ադրբեջանաթուրքական ու միջազգային ահաբեկչական միավորումների կողմից սանձազերծված աննախադեպ պատերազմը փոխեց միջազգային ու տարածաշրջանային աշխարհաքաղաքական օրակարգը: Եվ մեզ համար սահմանեց առաջնահերթությունների մեկ այլ սանդղակ:
Հիմա՝ թիկունքում մեզ համար առաջնահերթը երկրի տնտեսության հզորացումն է:
Ու այս հարցում որոշիչ է յուրաքանչյուր հայի ներդրումը:
Մենք չենք խնդրում ձեզ ուղղակի ներդրումներ անել Հայաստանում: Մենք կոչ ենք անում յուրաքանչյուրդ ձեր երկրում գնել հայկականը:
Գնի՛ր հայկականը,
Հզորացրո՛ւ Հայաստանը
Պարբերաբար ձեզ կներկայացնենք հայկական տեղական արտադրանք՝ առաջին անհրաժեշտության ու սպառման նմուշներ, որոնք գնելով դուք կնպաստեք Հայաստանի տնտեսության զորացմանը:
Յուրաքանչյուր միավոր գնումը նպաստելու է մեր երկրում ձեռնարկությունների ու արդյունաբերության զարգացմանը, աշխատատեղերի պահպանմանը, սոցիալական բարեկեցությանը: Սա օրհասական խնդիր է փաստացի գործուն պատերազմի ու շրջափակման մեջ գտնվող երկրի համար:
Մենք կարող ենք զորացնել մեր երկիրը: Ու սա է մեր միակ ստույգ օրակարգը:
Մեր վրեժը թշնամուց և պատասխանը չդադարող ցեղասպան նկրտումներին ՀԶՈՐ ԵՐԿԻՐՆ Է:



