«Մանթաշով» գործարարների միության և Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ջանքերով հանդիպում կայացավ՝ հայ և ռուս գործարարների միջև։
Հրավիրված էին Հայաստանում գտնվող ռուսաստանյան հիմքով բիզնեսների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ «Մանթաշով» ԳՄ անդամակցող ամենատարբեր ոլորտներ ներկայացնող հայ գործարարներ։

Բացման խոսքում ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն կարևորեց «Մանթաշով» ԳՄ հետ համագործակցությունը և հանգամանքը, որ ստեղծվում է հարթակ, որի օգնությամբ կարող են երկու կողմերն իրենց համար նոր համագործակցության եզրեր բացահայտել։

«Մանթաշով» ԳՄ հիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանն էլ ներկայացրեց միության գործունեության վերջին արդյունքները, մասնավորապես ՌԴ Մոսկվա և Կրասնոդար քաղաքներում մասնաճյուղերի բացմանն ուղղված աշխատանքները, ինչն ավելի մեծ հնարավորություններ կստեղծի բիզնեսների զարգացման համար։

Հայ գործարարների համար մի շարք հարցերի պատասխանող զեկույցով հանդես եկավ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Հայ-ռուսական համագործակցության գործարար և հումանիտար ասպեկտների մասին էր Երևանում Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքը։

«Քեյթերինբուրգ» ընկերության հայաստանյան ներկայացուչության ղեկավար Անտոն Խոմենկոն խոսեց սննդի մատակարարման ոլորտում համագործակցության հնարավորություններից։

«Մանթաշով» ԳՄ անդամ, «Աբրիկոն» ընկերության հիմնադիր Կարեն Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանում գործարարության նրբությունները՝ ընդգծելով այն ամենն, ինչ պետք է իմանալ Հայաստանում բիզնես հիմնելու պարագայում։

Ամփոփելով ելույթները՝ «Սիգնում» ընկերության հիմնադիր Նիկա Մանուկովան պատմեց Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ու դրանց հնարավորությունների մասին։

Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան բարձրաձայնել ու քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք դիտարկվել են համագործակցության փորձի ընթացքում։



