Մայիսի 14-ին «Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական ՀԿ-ի, Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու, «Սուրբ Սարգիս» մշակութային կենտրոնի և ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղի կազմակերպմամբ՝ Վառնայի Ստոյան Բչվարովի անվան դրամատիկական թատրոնի շենքում կայացավ Վառնայում գործող «Գայանե Մարաշլյան» պարախմբի հաշվետու համերգ-ներկայացումը:
Ինչպես տեղեկացնում են «Միասին» ՀԿ-ից, համերգային երեկոն սկսվեց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի Տերունական աղոթքով և օրհնության խոսքով:
Համերգի հատուկ հյուրը ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն էր, ով իր մի շարք կատարումենրով խանդավառեց բուլղարահայ համայնքին և գոտեպնդեց պարախմբին’ արժանանալով ներկաների բուռն ծափողջույններին և ընդունելությանը։
Արսեն Գրիգորյանը ողջունեց նաև վառնահայ հայամայնքի մեր հայրենակիցներին և շնորհավորելով պարախմբի պարուսույցներ Արմինե Սեյրանյանին, Ֆլորա Դիուլգերյանին և Իվան Խրիստովին հաշվետու համերգի իրականացման առիթով՝ շնորհակալություն հայտնեց նրանց սփյուռքում հայ պարն ու մշակույթը պահպանելու և տարածելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:


Համերգի ավարտից հետո Գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանն իր խոսքում շեշտեց.«Անչափ կարևոր է այսպիսի միջոցառումների կազմակերպումը, քանի որ հայապահպանության գլխավոր զենքը հատկապես սփյուռքում նաև հայ մշակույթն է, որը պետք է ոչ միայն պահպանենք ու զարգացնենք, այլեւ օտարության մեջ ապրող հայ երիտասարդությանը լցնենք մշակույթով, որպեսզի նրանք հայ մնան։ Այս համերգի կյանքի կոչումը վկայումն է այն բանի, որ մենք հավերժության և հավիտենականության ժողովուրդ ենք»։
Սրբազան Հայրը նաև ողջունեց Արսեն Գրիգորյանին’ բարձր գնահատելով վերջինիս հայկական երգարվեստն ու մշակույթը Հայաստանում և Սփյուռքում ժրաջանորեն տարածելու ջանքերը։


«Միասին» ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանը, համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցուն, «Սուրբ Սարգիս» մշակութային կենտրոնին և ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղին, մասնավորապես ասաց. «Սրտանց շնորհավորում եմ պարախմբի սաներին, բոլոր տարիների գեղարվեստական ղեկավարներին, պարուսույցներին, որոնց անմնացորդ ջանքերի շնորհիվ պարախումբը 1959 թ.-ից ծավալում է իր ազգանվեր գործունեությունը հեռավոր Վառնա քաղաքում: Հիրավի, նման կոլեկտիվն իր գործունեությամբ սփյուռքում ապրող հայ երիտասարդներին ծանոթացնում է մեր ազգային մշակույթին, կառչած է պահում սեփական արմատներին, ինչպես նաև օտարին հնարավորություն է տալիս հայկական պարի ու երաժշտության միջոցով ճանաչել հայ ժողովրդին, նրա հազարամյա մշակույթն ու պատմությունը»,֊-նշեց Գևորգ Չիչյանը’ երախտագիտություն հայտնելով Տաթև Սրբազանին հայաշունչ երեկոն անցկացնելու օրհնության համար։


Համերգի ավարտին Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը «Միասին» ՀԿ-ի շնորհակալագրեր հանձնեց «Գայանե Մարաշլյան» պարախմբին, ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղի ատենապետուհի Շողեր Սիմոնյանին և Վառնայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետ Մասիս Բաղդատյանին՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, Վառնայի հայկական համայնքում հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Գևորգ Չիչյանը «Միասին» ՀԿ-ի Երախտագիր հանձնեց Տաթև Սրբազանին՝ Հայրենիքին, Հայ Եկեղեցուն և ժողովրդին մատուցած նվիրյալ ծառայության համար։


Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը «Միասին» ՀԿ-ի՝ սփյուռքի հայ համայնքներում հայկական մշակույթը տարածելու և զարգացնելու նպատակով համազգային և համահայկական նշանակության միջոցառումներ կազմակերպելուն ուղղված ծրագրերից էր։











