Օրերս Լոս Անջելեսում թողարկվեց ամերիկահայ երգչուհի Մարիա Քոզետի նոր՝ թվով 4-րդ ալբոմը, որն արդեն հասանելի է  iTunes, Spotify, Pandora, Youtube և այլ հարթակներում։

“Pen to Paper” ալբոմում ներառված երգերը սիրո, մարդկային ապրումների, դժվարությունները հաղթահարելու մասին են,- miasin.am-ի հետ զրույցում անկեղծացավ երգչուհին։

Նոր ալբոմի առանձնահատկությունների, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման, Երևանում թողած հայրական տան փնտրտուքների ու իր արմատների մասին և ոչ միայն զրուցել ենք մեր հայրենակցուհի, սիրված երգչուհի Մարիա Քոզետի հետ։

–Լույս է տեսել Ձեր 4-րդ ալբոմը, ինչի առիթով սրտանց շնորհավորում ենք։ Ի՞նչ երգեր են ներառված ալբոմում և ո՞ւմ է ուղղված, ի՞նչ ուղերձ եք փորձում փոխանցել Ձեր երգերի միջոցով։

 -Շնորհակալ եմ շատ։ “Pen to Paper” ալբոմն ինձ համար կարևորվում է նախ և առաջ իր անկեղծությամբ, որովհետև երբեք այսքան պարզ և ազնիվ երգեր չէի թողարկել։ Ալբոմում ներառված է 4 երգ, որոնք սիրո, մարդկային ապրումների, դժվարությունները հաղթահարելու մասին են։ Դրանք ուղղված են բոլոր այն երիտասարդներին,  ովքեր այսօր մոտիվացիայի, ինքնավստահության կարիք ունեն, կյանքի՝ իրենց դժվար թվացող հարվածները հաղթահարելու ելքեր են փնտրում։ Երկար ժամանակ էր պետք ընդմիջել, որպեսզի նոր ստեղծագործություններս  որակապես տարբերվեին իմ նախորդ երգերից։ Նախավերջին ալբոմը թողարկել էի 2014 թվականին։  Այս ընթացքում ծնվել էին առանձին երգեր, բայց այս նոր ալբոմն ուրիշ էմոցիաներ է հաղորդում։

–Ովքե՞ր են երգերի հեղինակները և ինչպե՞ս են դրանք ծնվել։ Որքան գիտեմ՝ հայկական երգերը գերակշռում են։

-Հայերեն-անգլերեն համամասնությունը փորձել ենք պահպանել։ Այս անգամ դրանով էլ է տարբերվում ալբոմս։  Երգերի խոսքերի ու երաժշտության հեղինակը ես եմ, բայց հայերեն տեքստերի համար համագործակցել եմ երկու շատ տաղանդավոր ընկերներիս՝ Սվետլանա Բոսնոյանի և Վրույր Թադևոսյանի հետ։ Ստեղծագործական աշխատանքներին մասնակցել են այնպիսի տաղանդավոր մարդիկ, ինչպիսիք են՝ Արամ Ավագյանը, Սևադա Դավուդյանը, Լազարոն, ռեփեր Սաշ Վերնիսը, Ջիմմի Էմերզյանը։ Նախ և առաջ շատ ոգևորված եմ, որ այս տեսակ տաղանդավոր թիմ է հավաքվել իմ  շուրջը, նաև՝ շատ հաջողակ եմ ինձ զգում, որովհետև բավական էր նրանցից յուրաքանչյուրին ընդամենը բացատրել իմ ապրումները, իմ զգացածն ու ցանկությունը, թե ինչ երգ եմ ուզում, նրանք անմիջապես ստեղծում էին հրաշք մի գործ։ Ինչպես արդեն ասացի՝ այս ալբոմը ծնվեց որոշակի դադարից հետո, և հատկանշական է, որ ոգեշնչման հիմնական աղբյուրն իմ ուսանողները դարձան։ Գիտե՞ք՝ իմ կյանքում միշտ խաչվում են զուգահեռ ճանապարհները։ Անհավատալի է, բայց երգերը ծնվեցին դասախոսական աշխատանքի, անձնական կյանքի ու ապագայի իմ ծրագրերի մեջտեղում։ “Pen to Paper” ալբոմում խաչվել են զուգահեռներ, որոնք թվում է՝ կյանքի տարբեր ուղիներ են։

–Կպատմե՞ք Ձեր արմատների մասին։

– Ծնողներս ծնվել են Իրանում՝ մայրիկս Թավրիզում, հայրս՝ Համադանում։ 70-ականներին, երբ բոլորին խրախուսում էին հայրենիք վերադառնալ, ծնողներս էլ որոշել են տեղափոխվել։ Նրանք իրար հանդիպել ու սիրահարվել են Երևանում ու այդ ժամանակ այն եզակի զույգերից են եղել, որ գաղտնի ամուսնացել են եկեղեցում։ Ես էլ ծնվել եմ Հայաստանում, բայց մեկ ամսական եմ եղել, երբ տեղափոխվել ենք ԱՄՆ։ Կարո՞ղ եք հավատալ՝ երբ 2018-ին եկա Հայաստան, երկու օր վարորդիս հետ հայրական տունն էի փնտրում Վահրամ Փափազյան փողոցի վրա։ Մեծ  դժվարությամբ գտանք։ Հարևանները դեռ հիշում էին ծնողներիս, ասում էին՝ «հա՜…պարսկահայ զույգը»։

– Կարծեմ մի քանի անգամ այցելել եք Հայաստան։ Երբ առաջին անգամ գիտակից տարիքում եկաք, ի՞նչ չգացողություններ ունեցաք։ Ի՞նչն է Ձեզ կապում Հայաստանի հետ և ի՞նչ եք տանում Ձեզ հետ Հայաստանից առհասարակ։

-Ծնողներս Ամերիկայում ինձ հայրենասեր գաղափարներով են դաստիարակել։ Հայկական դպրոց եմ գնացել, սկաուտական խմբապետ եմ եղել շատ երկար ժամանակ, հայկական ազգային պարերի դասընթացների եմ հաճախել շուրջ 10 տարի։ Հասկանու՞մ եք, հայկական մշակույթն ու ապրելակերպը չի լքել ինձ։ Առաջին անգամ Հայաստան գնացի բավականին  հասուն տարիքում՝ 2009-ին։ Չէի պատկերացնում,  թե ինչ եմ տեսնելու այնտեղ։ Բայց հիմա ուզում եմ անկեղծ ասել՝ շատ տխրեցի։ Մռայլություն կար, մարդիկ ուրախ չէին։ Շատ տխուր ու հուսահատ հետ վերադարձա, բայց սկսեցի վերաարժևորել այդ ժամանակահատվածը։ Վերադարձա կրկին 2018-ին ու միանգամայն այլ բացահայտում արեցի ինձ համար։ Շատ ավելի զարգացած էր ամեն ինչ, զարմանալիորեն երիտասարդությունը շատ առաջադեմ էր դարձել։ Հասարակական ու բարեգործական կազմակերպությունների հետ մի քանի սեմինար  կազմակերպեցինք, հրավիրված էի դասախոսելու առաջնորդական ու մարքեթինգային թեմաներով։ Երիտասարդների ակտիվությունն ու եռանդն ինձ ոգևորեց։ Ամեն անգամ Հայաստանից վերադառնալուց ես ավելի շատ եմ ուզում ներգրավվել երիտասարդների ուժեղացման, նրանց աջակցելու ծրագրերում։ Լավ հիշողություններ միշտ տանում եմ հետս, բայց ամենակարևորը՝ միշտ վերադառնալու և ավելին անելու ցանկություն է մնում։

–Ինչպիսի՞ն է կապը Կալիֆոռնիայի հայ համայնքի հետ։ Գիտեմ, որ հաճախ մասնակցում եք տարբեր բարեգործական միջոցառումների։ Խնդրում եմ մի փոքր ներկայացնել Ձեր գործունեության այդ ոլորտը։

-Ճիշտ եք՝ շատ եմ ներգրավված համայնքային կյանքում։ Միշտ մասնակցում եմ, երբեմն նույնիսկ ինքս եմ նախաձեռնում մշակութային, կրթական ծրագրեր, բայց ամենաքիչը բարեգործությունից եմ ուզում հիմա խոսել։ Դա ոչ թե աշխատանք է կամ պարտք, այլ մեծ իմաստով պատասխանատվություն է, որ ծնվում է ամեն մի սփյուռքահայի հետ։ Մենք ուժեղ ազգ ենք մեր Սփյուռքով, Սփյուռքի անհատներով։ Մենք պետք է միմյանց օգնենք, տեսեք՝ հրեաներն ինչպես են ապրում։ Չէ՞ որ մեզ բաժին հասած թշնամին ու բարեկամն արդեն խառնվել են իրար։

Հորիզոն TV-ի իմ հեռուստատեսային աշխատանքով ևս փորձում եմ մասնակցություն ունենալ բոլոր խոշոր բարեգործական նախագծերին, դրամահավաքներին, համայնքային կյանքի բոլոր այն մեծամասշտաբ իրադարձություններին, որտեղ մասնագիտական աջակցության կարիք կա։

-2020 թ Արցախյան պատերազմի օրերին ողջ հայությունը կրկին ոտքի կանգնեց, համախմբվեց, արեց հնարավորինն ու անհնարը։ Դուք ևս ակտիվ մասնակցություն ունեցաք այդ ծրագրերին։ Ի՞նչն էր առաջնայինը Լոս Անջելեսի հայ համայնքի համար։

– Կարծում եմ՝ եթե ֆիզիկապես հայրենիքում չես պատերազմի ժամանակ, դա դեռ չի նշանակում, որ աջակցության ծրագրեր չես կարող իրականացնել։ Ամեն մեկը սկսեց օգտագործել իր հարթակը, և ինչ-որ կերպ օգնել Հայաստանին։ Նախ՝ ներգրավված էի խոշոր դրամահավաքների և հեռուստամարաթոնների աշխատանքներում։ Նաև՝ Հորիզոն TV-ի “Newsroom” լրատվական վերլուծական նախագծի շրջանակում որոշվեց անգլալեզու թողարկումների բաժին սկսել, որպեսզի օտարները, ինչու  չէ՝ նաև հայերեն չիմացող հայ   երիտասարդները ևս հասկանան իրողությունը, ճանաչեն այն ազդեցիկ օտարազգի լրագրողներին ու բժիշկներին, ովքեր պատերազմի դաշտում են։ Գլխավոր  պրոդյուսեր   Վրույր Թադևոսյանն ինձ հրավիրեց վարել այդ թողարկումները։ Չեք պատկերացնի, թե  որքան մեծ արձագանք ունեցավ դա։ Հորիզոնը միակն էր, որ նախաձեռնեց անգլալեզու  հաղորդումներ, և  բոլոր օտարազգի ընկերներս հետաքրքրվում էին, դիտում հաղորդումներն ու մանրամասներ իմանում։ Ուղիղ եթերում զրուցել եմ այնպիսի ազդեցիկ դեմքերի հետ ինչպիսիք են Չաք Հալթոնը, Պատրիկ Լանքաստերը, Մոնիկա Ռոդրիգեսը, Ջեյքոբ Փերսլին և ուրիշներ։

–Ինչպե՞ս եք տեսնում Հայաստան–Սփյուռք հարաբերությունների հետագա զարգացումը ընդհանուր առմամբ և մասնավորապես մշակութային ոլորտում։

– Ես չեմ ուզում շատ դասագրքային մոտեցումներ մեջբերել հիմա, բայց սեփական փորձով եմ ուզում պատասխանել. անկախ  իրավիճակից՝ պատերազմ կլինի, դժբախտություն, թե ոչ՝  մենք չպետք է դադարեցնենք հանուն հայրենիքի մեր կատարած աշխատանքները։ Իմ կենսագրության կարևոր հատվածը հենց հայանպաստ նախագծերն են, միշտ նվիրված եմ, ու գիտեմ՝ ինձ նման շատ երիտասարդներ կան Սփյուռքում։  Միասնության էներգիան ուրիշ է, դա պետք է ամուր պահենք։ Նաև  շատ կարևոր է, որ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներն էլ իրենց մոտեցումներով ու գաղափարներով խրախուսեն Սփյուռքին, օգնեն մեզ, որ օգնենք իրենց ու բոլորին։ Հակառակ դեպքում՝ ինչ էլ անենք արդյունավետ չի ստացվի։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here