Օրերս ֆրանսիական «The Voice» հեռուստանախագծի կույր լսումների ժամանակ հանդես եկավ հայազգի Անահիտ Բոյաջյանը, ով իր երգով կախարդեց ժյուրիին և հանդիսատեսին։ Դուդուկի և դափի նվագակցությամբ հայկական ժողովրդական «Հինգալա» երգը (Վենսան Բաղյանի մշակմամբ երկլեզու տարբերակը), աննախադեպ էր այս մրցույթում։ Հայուհու երգը ստիպեց ժյուրիի բոլոր անդամներին շրջվել ու հոտնկայս ծափահարել։ «Մենք շրջվեցինք, իսկ դու շրջեցիր մեր սրտերը», «Մենք հիացած ենք»․ Ժյուրիի անդամների հիացական մեկնաբանություններն էլ ավելի էին հուզել երգչուհուն։ Ելույթից հետո նա իր խոսքում նշեց, որ երաժշտությունը սահմաններ չունի, և որ  այս երգը կապող կամուրջ է իր հայրենիքի՝ Հայաստանի և ծննդավայր Ֆրանսիայի միջև:

Երկար ժամանակ չէին դադարում նաև հանդիսատեսի ծափահարություններն ու հիացական բացականչությունները։

Miasin.am-ի հետ զրույցում Անահիտ Բոյաջյանը նշեց, որ մինչ այս պահը մրցույթում երբևիցե չէր հնչել հայկական ժողովրդական երգ։

Այս տարի երգչուհին որոշել է մասնակցել մրցույթին և մի քանի հայկական ժողովրդական երգերի ձայնագրություններ է ուղարկել «The Voice» -ին։

«Մի քանի օր անց մրցույթի կազմակերպիչներից զանգ ստացա։ Մրցույթի ղեկավարն ինձ տեղեկացրեց, որ հայկական ժողովրդական երգը խենթացրել է իրենց և առաջարկեցին ինձ մասնակցել»,- պատմում է նա։

Մրցույթի համար ընտրում է հայկական ժողովրդական «Հինգալա» երգը, որը Վենսան Բաղյանի մշակմամբ դարձել է երկլեզու (հայերեն և ֆրանսերեն) և որոշվում է ժողովրդական գործիքների նվագակցությամբ կատարել այն։ Երաժիշտների ընտրության հարցում երկար չի մտածում երգչուհին։ Նրա փայլուն ելույթը բեմում ապահովում են հայրը և եղբայրը՝ դուդուկի և դափի վարպետներ Հակոբ և Ազատ Բոյաջյանները։

«Մրցույթն սկսվեց 2020թ․ նոյեմբերին։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հոգեվիճակում էինք՝ մտքով և սրտով Հայաստանում»,-ասում է Անահիտը։

Նրա խոսքով՝  շատ համարձակ քայլ էր այդ օրերին մասնակցությունը մրցույթին, բայց ցանկացել են հայկական մշակույթը ներկայացնելով ևս մեկ առիթ ստեղծել հայությանը հպարտանալու համար։ Անահիտի կարծիքով՝ ժյուրիի անդամները պտտվեցին ոչ միայն ձայնի, այլ նաև պատմության համար, որը ներկայացվեց բեմից։

«Մեր պատմությունն ընկալվեց, դա ամենակարևորն էր ինձ համար»,-խոստովանում է երգչուհին և ավելացնում․

«Այս երգի միջոցով ուզում էի ցույց տալ օտարներին, որ մենք հայ ենք, ունենք հզոր պատմություն, և որ երբեք չենք մոռանա մեր պատմությունն ու արմատները։

Պատմությունից պետք է դասեր քաղենք և ուժեղանանք, պետք է արարենք, նոր հայորդիներ ծնենք, նոր Հայաստան կառուցենք։  Պետք է միասին պայքարենք և առաջ գնանք»։

25-ամյա Անահիտ Բոյաջյանը թեև ծնվել է Ֆրանսիայում, բայց հոգով ու սրտով կապված է Հայաստանի հետ։ Առաջին անգամ 6 տարի առաջ է ոտք դրել Հայաստան՝ մկրտվելու նպատակով, այդ օրվանից հավերժ կապվել է հայրենիքի հետ։

«Մեծացել եմ այնպիսի հայ ընտանիքում , որտեղ սիրված և ընդունված է հայկական ժողովրդական երգը։ Դա ինձ օգնել է, որպեսզի խորապես զգամ արմատներս, պատմությունս, թե որտեղից եմ գալիս և ուր եմ գնում։ Եվ ես, որպես նոր սերնդի ներկայացուցիչ, պարտավորված եմ ինձ զգում՝ ցույց տալ օտարներին մեր հայկական մշակույթը իր ողջ գեղեցկությամբ»,-հպարտությամբ նշում է Անահիտը՝ ավելացնելով, որ շատ կուզեր Հայաստանը ներկայացնել Եվրատեսիլ մրցույթում։

«Ես սիրահարվել եմ մեր աշուղական երգերին և շարունակելու եմ սովորել դրանք»,-խոստովանում է երգչուհին՝ կարևորելով այդ գործում իր ուսուցիչների՝ Մխիթար Կեցյանի և  Ալեքսանդր Պողոսյանի ներդրումը։

«Ֆրանսիայում ունեմ ժողովրդական երգի խումբ, որը կոչվում է «Նոր աշուղ»։ Հինգ-վեց հոգի ենք, բոլորս սփյուռքահայ, երգում ենք ժողովրդական երգեր։ Համերգներով հանդես ենք գալիս Ֆրանսիայում՝ փորձելով օտարներին ներկայացնել հայկական երգը։ Այդպիսով մեր փոքրիկ լուման ենք ուզում ներդնել հայկական մշակույթը աշխարհին ներկայացնելու գործում»,-ասում է նա։

Անահիտ Բոյաջյանն ավարտել է Գեղարվեստի դպրոցը՝ գրաֆիկակական դիզայներ մասնագիտությամբ։ Երգել սկսել է 6 տարեկանից, և արդեն հասցրել է թողարկել իր գրած երգերի երկու ալբոմ։ Իրեն համարում է ավելի շատ բանաստեղծ, քան երգչուհի, քանի որ երգի մեջ երաժշտությունից առավել կարևորում է խոսքը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here