Փարիզի Սեն-Դենի համալսարանի 30-ամյա պրոֆեսիոնալ Soli-Tutti երգչախումբը Հայաստան է ժամանել «Հայաստանի հետ, Հայաստանի կողքին» համերգային ծրագրով՝ իրենց աջակցությունը ցուցաբերելու հայ ժողովրդին այս դժվարին օրերին: Ֆրանսիական, բուլղարական, վրացական, ուկրաինական երգերին զուգահեռ երգացանկում ընդգրկված են նաև հայկական երգեր, այդ թվում՝ Կոմիտասի և հայկական հոգևոր կատարումներ:
Երգչախմբի հյուրընկալությունը հոգևոր մայրաքաղաք նախաձեռնել էր Միասին ՀԿ/Miasin NGO-ն: Խումբը շրջեց Էջմիածնում՝ ծանոթանալով պատմամշակութային արժեքներին: Երգչախմբի անդամներն այցելեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» և «Խրիմյան Հայրիկ» թանգարաններ: Համերգային կատարումներով հանդես եկավ Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում: Հյուրերին իրենց կատարումներով ողջունեցին նաև դպրոցի սաները:
Ավարտին երգչախումբը պարգևատրվեց կազմակերպության շնորհակալագրով՝ ի նշան համագործակցության և հայ-ֆրանսիական բարեկամական մշակութային հարաբերությունների պահպանման:
Աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Մայր Աթոռի Թանգարաններին և Վաղարշապատի համայնքապետարանին:
Ձեռնարկը Միասին ՀԿ/Miasin NGO կազմակերպության կողմից միջմշակութային կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններից մեկն էր:







