Հայաստանում կայունություն ապահովելու գործում կարևորելով ազգային զգոնությունը՝ Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանն Ազգային ճգնաժամային համաժողով հրավիրելու առաջարկով (ստորև ներկայացվող հղումներով կարող եք ծանոթանալ առաջարկի հայերեն և անգլերեն տեքստերին) օրերս դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Առ այսօր, սակայն, երեք ինստիտուտներից որևէ պատասխան չկա:
«Թե ինչո՞ւ, շատ պարզ է: Նրանք չունեն որևէ պատասխան, որովհետև այդ 3 պետական կարևոր օղակները ձախողել են իրենց կառուցի աշխատանքը»,- miasin.am-ի հետ զրույցում նշեց Սարգիս Շահինյանը:
Կայունությանը զուգահեռ անհրաժեշտ է համախմբել ուժային կառույցներին, որոնք կկարողանան ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների սահմանների անձեռնմխելիությունը, կկարողանան ապահովել երկու երկրների սահմանների, սոցիալական և տնտեսական ապահովությունը:
«Դժբախտաբար, ներկայիս կառավարությունն այդ ամենը չի կարող իրագործել: Պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորվի նոր կառավարություն: Արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն արդյունքները: Պետք է իրականացնել արտահերթ ընտրություններ և սահմանադրական ճանապարհով ստեղծել անցումային կառավարություն, որի ղեկավարը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը: Նա է պատասխանատու այն ամենի համար, ինչ կորցրինք:
Անցումային կառավարություն ստեղծելու նպատակով հասարակական դիսկուրսը պետք է տեղի ունենա ո՛չ թե կառավարության ներսում, այլ Ազգային ժողովում՝ մասնակցությամբ խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի և Սփյուռքի: Քննարկումների արդյունքում պետք է հավաքագրել մտավոր ուժերի կողմից արտահայտված գրավոր առաջարկներ՝ հիմնված միմիայն գիտական հիմքի վրա, այլ ոչ միայն՝ քաղաքական, ինչը եղել է անցնող 30 տարվա ընթացքում»,-ընդգծեց Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղարը:
Անդրադառնալով Սփյուռքի մասնակցությանը՝ Սարգիս Շահինյանը նշեց, որ Սփյուռքը միայն խորհրդատվական աջակցություն կարող է ցուցաբերել. «Դժբախտաբար, Սփյուռքին անցնող տարիների ընթացքում չի տրվել ինստիտուցիոնալ հնարավորություններ, որպեսզի իր խոսքը, իր տեղն ունենա կառույցում»:
Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվավոր նախագահի պնդմամբ, այս փուլում առաջնային է հասարակության հավասարակշռության, բանակի և տնտեսության վերականգնումը: Մեր ազգն այսօր կորցրել է իր անդորրը, հոգեկան կայունությունը: Բանակը ոչնչացված է՝ բարոյապես, մարդուժի տեսանկյունից: Տնտեսությունը ոտքի տակ է առնված: Թեև հայկական դրամը կարողանում է իր արժեքը պահել, սակայն պետք է կարողանալ կարողությունների սահմաններում Հայաստանում և Արցախում տնտեսական նախաձեռնություններ ապահովել և իրագործել:
«Հասարակության նման հոգեվիճակը պայմանավորված է ո՛չ միայն նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրով, այլև այն ամենով, ինչ կատարվում է մեր երկրում:
Դժբախտաբար, վարչապետը մեր հասարակության որոշ մասի կամքի արտացոլանքն է, ինչը շատ ցայտուն արտահայտվեց նոյեմբերի 19-ին Եռաբլուրում: Իր քաղաքական, անձնական նպատակներին հագուրդ տալու համար Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիայի ենթարկեց մարդկանց, որոնք կուրորեն հետևեցին նրան: Նա փորձեց ապացուցել, որ իր ազդեցությունը դեռ ուժեղ է ժողովրդի վրա: Իրականությունը, սակայն, լրիվ այլ է:
Մենք 30 տարի հավատում ենք ինչ-որ մարդու, այլ ոչ թե՝ սկզբունքների, ծրագրի: Երբ փոխենք մեր մոտեցումը և առաջնորդվենք նախևառաջ սկզբունքի, ծրագրի գերակայությամբ, ոչ թե՝ մարդու, անհատի, այդ օրը կկարողանանք փոխել մեր ժողովրդի ճակատագիրը: Սկզբունքը, ծրագիրը հստակեցնելուց հետո միայն պետք է կարևորել, մտածել, թե այդ ամենն իրագործելու համար ում պետք է վստահենք, ում պետք է ընտրենք:
Այդ սկզբունքները պետք է ձևավորվեն վերը նշված երեք կետերի շուրջ՝ հասարակության ինքնորոշման, ինքնավստահության իրականացում, բանակ և տնտեսություն»,-նշեց Սարգիս Շահինյանը:







