Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի հայ համայնքը հոկտեմբերի 22-ին քաղաքի նշանավոր «Մարդու իրավունքների պաշտպանության» անվամբ հրապարակում կազմակերպել էր խաղաղ ցույց և մոմավառություն՝ ընդդեմ Արցախի և հայ ժողովրդի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիայի:
Համախմբված՝ հարյուրավոր հայրենակիցներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին կատարվող անարդարության դեմ:
Համայնքի հոգևոր հովիվ Արժշն. Տեր Այգիկ քահանա Հովհաննիսյանը «Հայր մեր» աղոթքով բացումը կատարելուց հետո ընթերցեց Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի գերմաներեն խոսքը, որին հաջորդեց համայնքի ատենապետուհի Մարգարիտ Ասոյան-Լինքի հայերեն ուղերձը:
Մոմերը բարձրացնելով՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը: Լիանա Մարուքյանը ընթերցեց «Զինվորի մոր նամակը», որին հաջորդեց Աննա Ղազարյանի «Կռունկ» երգի կատարումը:
Հայկական դրոշակներով և պաստառներով հավաքվածները հետևում էին նաև միջոցառմանը զուգահեռ՝ պատի վրա ցուցադրվող տեսանյութերին, որոնք պատրաստել էր Մարիամ Ավետիսյանը:
Ելույթ ունեցան նաև ասմունքողներ Դիանա Դանոյանը և Անուշ Չախալյանը:
Գրեթե երկու ժամ տևած ցույցն ավարտվեց հայրենասիրական երգերով և Տերունական աղոթքով:
Մամուլի դիվան







