Վերջինը, ինչ լսեց Աբիգը պայթող արկերի տարափի տակ, ընկերոջ՝ Մխիթարի աղոթքն էր. «Աստվա՜ծ, փրկիր ընկերոջս կյանքը։ Աբի՜գ, ինձ մենակ չթողնես…»։

Թշնամու դիպուկահարը վնասել էր իր ոտքը։ Շարժվել չէր կարող, փրկվել՝ առավել ևս, եթե չլինեին ընկերները։ Իրենց հրամանատարն արդեն զոհվել էր։ Ասում էին՝ չէ՛, հրամանատա՛ր, մատանիդ հանիր, փայլում է, թիրախավորում է քեզ։ Հրաժարվել էր, որովհետև դա միակ կապող օղակն էր իրեն՝ իր Մարիամի հետ։

Նրա պարտականությունները ստանձնած նոր հրամանատարը, լսելով տղաների հաղորդումն այն մասին , որ Աբիգը վիրավոր է, դաշտից դուրս բերել է պետք, արգելել էր նրանց գնալ նրա ետևից ։ 《 Աբիգն արդեն չկա , հե՛տ եկեք》։ Ամեն զինվոր էլ թանկ է , և նա չէր ուզում վտանգել մյուսների կյանքը ։

《 Հրամանատա՛ր , բայց նա մեր ընկերն է ։ Տղե՛րք, գնացի՛նք 》, ֊ ասաց Սերժն ու Վովայի հետ միասին գնացին Աբիգի ետևից ։ Գիտակցաբար վտանգելով սեփական կյանքը , կենդանի վահան հանդիսանալով նրա համար՝ նրանք ՝ Սերժը , Վովան, Մխիթարն ու Հայկը հասցրեցին ընկերոջ վիրավոր մարմինը հանձնել բժիշկներին ։ Բացի Վովայից բոլորն էլ զոհվեցին՝ հանձնվելով մայր հողին։ Ընդմիշտ ։ Վովան հիմա էլ դեռ դիրքերում է ։ Իր կռիվը չի վերջացել։

Հետո դեռ երկար պիտի փնտրեին գանգրահեր, առնական դիմագծերով կանաչաչյա Մխիթարի դին ։ Ա՜խ , բա Հա՜յկը ՝ բարձրահասակ , շիկահեր, ազնվական արտաքինով լուսավոր այդ պատանին, Սերժը ՝ ժպտերես ու բարի Սերժը…

Իր լավագույն որդիների արյամբ ներծծված հողը երևի նրանց մարմիններից բաժանվել չէր ուզում։ Ուզում էր պահել իր տաք գրկում որպես սուրբ մասունքներ, հավերժ գուրգուրել, շնորհակալ լինել։

Գիտե՞ք, թե հիմա ինչից են ուրախանում մարդիկ Հայաստանում։ Երբ գտնում են իրենց որդիների, ամուսինների դիերը։ Հայոց մայրերի՝ անքուն գիշերներում ծնված աղոթքները երկու աղերսանք են առ Աստված՝ թող վերադառնա՝ թեկուզ՝ վիրավոր, և՝ գոնե դիակը գտնենք՝ տուն բերենք։ Իսկ տունը Եռաբլուրն է։ Ծաղիկներով ծածկված ու արցունքներից թրջված անվերջանալի, անհաշիվ թարմ հողաթմբեր ու նրանց կողքին՝ լռակյաց, մի գիշերում ծերացած գլխահակ հայրեր, անափ վշտից անուժ, համարյա անկենդան մայրեր։ Հողի տակ հանգչող հերոսնե՜ր, նահատակնե՜ր…

Հարցրեք այդ մայրերին՝ կուզեի՞ն արդյոք, որ իրենց որդիներն ու ամուսինները հերոսանային իրենց կյանքի գնով։ Չէ՞ որ կարելի է հերոսանալ նվաճումներով, օրինակ՝ գիտության, սպորտի ասպարեզում։ Նրանք դեռ այնքա՜ն տարիներ ունեին ապրելու…

Ասում են. «Կյանքի թելը կտրվեց»։ Ա՜խ , եթե միայն կյանքը թելի պես լիներ։ Կտրված թելը կարող ես նորից հանգուցել, իսկ կտրված կյանքն ինչպե՞ս հանգուցես։ Ասում են նաև. «Իրենց չապրած տարիները թող ապրողներին բաժին լինեն»։ Սերժոյի՜ , Մխիթարի՜, Հայկի՜, Ռիժոյի՜, Մանչի՜ տարիները… Հազարավոր մարած կյանքեր…

Հիշեցի Սևակին .
Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը , հոր՝ ապագան…
Ամեն մեկը ՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը՝ անգին մի կյանք…

Հեռախոսազրույցն անընդհատ ընդհատվում է։ Աբիգի մայրը՝ Նաիրան, հուզմունքից դողդողացող ձայնով շարունակում է պատմել՝ մինչ վերջերս ինձ անծանոթ իրենց ընտանիքի, որդու ու նրա ընկերների մասին։ Երկուստեք հուզվում ենք, լռում մի քանի վայրկյան, հետո նա շարունակում է.
– Աբիգս փոքրուց շատ աշխույժ էր, բասկետբոլով էր զբաղվում։ Ընկերասեր էր, մի կտոր հացն անգամ նրանց հետ էր կիսում։ Հիշում եմ, մեր ավտոտնակում տալաշ էին անում ու ուրախ զվարթ ուտում։ Բարի էր, խեղճերի պաշտպան։ Երբ 18 տարին լրացավ, հայտարարեց, որ ծառայությունից չի խուսափելու, բանակ է գնալու։ Հադրութ տարան։ Գոհ էր, երբեք չէր դժգոհում։ Եթե Սևանից էլի զինվորներ էին զորակոչվում Հադրութ, նրանց ծնողներն ուրախանում էին՝ վստահ, որ Աբիգը տիրություն կանի։

2019-ի նոյեմբերի 8-էր՝ Աբիգիս ծննդյան օրը։ Գնացինք տեսակցության։ Թվում էր , թե ամեն ինչ լավ էր, բայց այդ անգամ ես շատ թախծոտ վերադարձա. կարծես հոգիս թողել էի էնտեղ։

Ու նորից լացից խեղդվող ձայն, նորից կարճատև լռություն։
Կցկտուր է ստացվում Նաիրայի պատմությունը, բայց ես չեմ ընդհատում, ավելորդ հարցեր չեմ տալիս։ Իր ապրումներն ու հույզերը բնական և հասկանալի են ինձ համար.

– Աբիգս տեսակապով չէր զանգում երբեք։ Երևի հուզվում էր մեզ տեսնելիս։ Սեպտեմբերի 26-ն էր՝ խաղաղության վերջին օրը։ Նա առաջին անգամ տեսակապով զանգեց։ Ասաց, որ իջել են դիրքերից, որ չանհանգստանանք. «Մա՜մ ջան, 100 օր մնաց»։

Էդ գիշեր չքնեցի. աչքիս առաջ որդուս հայացքն էր։ Սիրտս անհանգիստ էր, բայց դեռ չգիտեի՝ ինչու։ Անընդհատ մի հարց էր գլխումս պտտվում. «Ինչու՞ տեսակապով զանգեց այս անգամ»։ Հետո պիտի իմանայի, որ այդ օրը հրամանատարն իրենց ասել էր . «Զանգե՛ք տուն , ծնողների հետ տեսակապով խոսեք, բայց ուրախ խոսեք։ Կարող է սա ձեր վերջին խոսակցությունը լինի»։

Այս անգամ արդեն ես եմ առաջինը փղձկում, իսկ Նաիրան շարունակում է.
– Հաջորդ օրը պատերազմը սկսվեց։ Մինչ էդ էլ ես անընդհատ եկեղեցի էի գնում, Աստծո փեշերից կառչած աղոթում, բայց այդ օրվանից աղոթելիս՝ մի բան էի խնդրում ՝ տե՛ր իմ, միայն թե վերադառնա տղաս, թեկուզ ՝ վիրավոր։ Միասին ծառայող մեր տղաների ծնողներով մշտապես կապի մեջ էինք միմյանց հետ։ Լուր էինք տալիս իրար՝ ով զանգեց, ինչպես են, ու ամեն օրվա վերջում, ամեն լուսաբացի հետ գոհություն հայտնում Աստծուն. «Էսօր էլ ապրեցին՛»։ Ամսի 30-ին լուր չկար։ Աստղիկը՝ Մխիթարի մայրն ասաց, որ ամուսինը գնացել է էրեխեքին բերի, բայց նա վիրավոր ետ եկավ։ Տղաներին չէր տեսել։ Անհանգստությունն ու վախն աննկարագրելի բզկտում էին ներսից։ Մոսկվայից շտապ վերադարձավ ամուսինս։ Հոկտեմբերի 1-ի երեկոյան Աբիգս զանգեց, խաբեց. «Մամ ջան, ներքևում ենք, դիրքերում չենք, չմտածեք»։ Երեք ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր գար։ Օրերն էինք հաշվում, զանգից-զանգ ապրում։ Բայց դա իր վերջին զանգն եղավ։

Լռության մեջ լսվում է, թե ինչպես է Նաիրան ընդհատ-ընդհատ շնչում, հետո՝ արտասուքը կուլ տալով շարունակում.

– Նար ջան, կասկած ընկավ սիրտս, չհավատացի, որ դիրքերում չեն։ Զանգեցի Մխիթարիս, նա էլ ասաց , որ լավ են, մի 100 օր էլ դիմանանք՝ կզորացրվեն կգան։ Գիշերը երազիս Աբիգս ընկավ, ու իր աչքերից հոսող արցունքներն ինձ թրջեցին։ Հետո պիտի իմանայինք, որ հենց այդ գիշեր էր որդիս վիրավորվել։ Մի անծանոթ զանգեց , թե՝ Աբիգը մի թեթև վիրավորվել է, Երևան են տեղափոխել։ Սկսեցինք փնտրել, բայց ապարդյուն։ Տղայիցս լուր չունեինք, փոխարենն իմացանք, որ Մխիթարն արդեն չկա։ Ա՜խ, Մխիթա՜րս…

Հետո իմացանք , որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում կոմայի մեջ գտնվող մի անհայտ զինվոր կա։ Կանչեցին՝ ճանաչելու։ Ամուսինս գնաց, բայց չճանաչեց։ Ասում է՝ չէի էլ ուզում, որ իմ տղան լինի։ Բայց որոշեցինք մի անգամ էլ տեսնել։ Հաջորդ օրը Մխիթարի հոր հետ գնացին։ Երկուսն էլ չէին ճանաչել։ Բուժքույրը զանգեց, թե՝ միգուցե որևէ տարբերակող նշա՞ն, հիշվող խա՞լ կա ձեր տղայի վրա, որով կարելի է ճանաչել։ Էդպես, Աբիգիս ականջի ետևի խալով գտանք, պատկերացնու՞մ ես։ Երբ մտանք հիվանդասենյակ, դեռ կոմայի մեջ էր, բայց երբ սեղմեցի ձեռքը՝ աչքից արցունքներ հոսեցին. զգաց տղաս։ Սկսեցի խոսել հետը, ասացի, որ ընկերուհին՝ Էմման էլ է իրեն բարևում։ Տղաս լսում էր ինձ, արցունքներից հասկացա։

Կոմայից դուրս եկավ 3 օր հետո՝ ամսի 6-ին։ Մի երկու օրից սկսեց խոսել։ Զանգեց ընկերուհուն։ Էմմաս շատ լավ աղջիկ է, գիտե՞ս ՝ ոնց է ուժ տալիս Աբիգիս։ Բոլորս երջանիկ էինք արդեն այնքանով, որ տեսնում էինք իրեն, ա՜խ, բայց էրեխես չէր տեսնում մեզ։ Դա հասկացանք, երբ բժիշկը հարցրեց. «Աբիգ ջան, ի՞նչ ես տեսնում»։ «Մութ»֊ պատասխանեց։ «Աբիգ ջան , մի աչքդ կարել ենք, մյուսի նյարդերն էլ վնասված են։ Ժամանակ է պետք, որ տեսողությունդ վերականգնենք»։ «Բան չկա, բժիշկ ջան, աչքս թող կարած լինի։ Կարևորը ՝ ընկերներս կան»։ Պատկերացնու՞մ ես, Նար ջան։

Պատկերացնում եմ, ու մի գունդ հուզմունք խեղդում է կոկորդս։ Ողջ պատմության ընթացքում աչքերիցս արցունքները շարունակում են հոսել ու հոսել՝ թրջելով թուղթը, որի վրա աշխատում եմ արագորեն գրի առնել պատառիկներ՝ Աբիգի կյանքից։
Նաիրան խոր հոգոցից հետո շարունակում է.

– Տղայիս մի աչքը լրիվ կարված է, մյուսի նյարդերն՝ էլ 80%֊ով վնասված։ Գլխի հետ կապված երկու վիրահատություն արդեն արել են, բայց դեռ արդյունք չկա։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում պիտի հետազոտեն աչքը։ Մենք էլ պիտի հավաքենք անհրաժեշտ գումարը, որ գտնենք էն երկիրն ու էն կլինիկան, որտեղ կկարողանան օգնել իրեն։ Հիմա նրան տեղափոխել չենք կարող։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում է՝ ոտքից վիրահատված։ Դեռ չգիտենք՝ հոդը կվերականգնվի՞, թե՞ ստիպված կլինեն նոր հոդով փոխարինել։ Ոտքի նյարդն էլ է վնասված։ Բարդ է ամեն բան շատ, բայց դեռ հույս ունենք։

– Իհարկե, հույս ունենք, Նաիրա ջան։ Աբիգը կտեսնի էլ, կքայլի էլ, ասում եմ ես ՝ ներքուստ հավատալով բոլոր այն մարդկանց, ովքեր կօգնեն նրան լիարժեք կյանքով ապրել՝ նորից տեսնել այս բազմագույն աշխարհն իր բոլոր երանգներով, ընկերուհու ձեռքը բռնած քայլել իր քաղաքի հարազատ փողոցներով, ապրել իր ընկերների իրեն ավանդած տարիներն ու վայելել բազում երջանիկ ակնթարթներ նրանց բոլորի փոխարեն։

«Հայաստան գնալուս դեպքում տեսակցելու եմ իրեն»,- մտածում եմ ես։ Մի քանի վայրկյանում մտքումս ուրվագծվում է ապագա այցս Հայաստան։ «Առաջինը Եռաբլուր կգնամ։ Հետո Ժաննայիս հետ իր որդու՝ մեր 19-ամյա Աշոտին ( որ այդպես էլ կոմայից դուրս չեկավ) կայցելենք։ Հետո համաքաղաքացիներիս որդիների, ծանոթ ու անծանոթ շիրիմների վրա սիրտս կպարպեմ: Ծնողների՜ս… շիրիմնե՜ր, շիրիմնե՜ր …»։

Ինձ ետ է բերում Նաիրայի ձայնը.
– Նար ջան, որ գաս Հայաստան, անպայման կհանդիպենք։
Ժպտում եմ։ Այ քեզ զուգադիպություն։

– Գիտե՞ս, Աբիգիս իմ հայրն է մեծացրել։ Մենք ամուսնուս հետ Մոսկվա արտագնա աշխատանքի էինք մեկնում, իսկ ինքը պապու մոտ էր մնում, չէր գալիս ։ Շատ կապված էին։ Հայրս տղա չուներ ու նրան իր որդու պես էր սիրում։ Ո՜նց էր տանջվում ամեն անգամ, երբ տեսնում էր թոռան վիճակը ։ «Ոնց տարաք իմ էրեխին՝ ինչ վիճակով եք բերել»,- կռիվ էր տալիս պետության հետ։ Նոյեմբերի 8-ին՝ Աբիգիս 20-ամյակի օրը, ընկերներն ու Էմման տոնական տորթով գնացին նրան շնորհավորելու։ (Դե, համավարակի պատճառով բոլորիս չեն թողնում)։ Տեսագրությունը դիտելիս՝ հայրս նկատեց, որ թոռը տորթի մոմը չի տեսնում, որպեսզի փչի-հանգցնի։ Հաջորդ օրը սրտի կաթվածից մահացավ։

– Աստված իմ, չի դիմացել խեղճ մարդու սիրտը,- լսվում է իմ լացակումած ձայնը։

– Հա, Նար ջան, չդիմացավ։

Աբիգիցս ամեն ինչ թաքցնում էինք։ Թե՛ ընկերների, թե՛ պապու կորուստը։ Բժիշկներն էլ էին լռում, իրեն այցելող իր ընկերների ծնողներին էլ զգուշացրել էինք, որ միամտաբար ոչինչ չասեն։ Գիտեինք, որ ահավոր ծանր հարված կլինի։ Բոլորս խնայում էինք էդ մեկ փրկված կյանքը։

Մի օր Աբիգս գիշերը ցնցումների մեջ ընկավ։ Անհասկանալի էր, թե ինչից։ Դժվար գիշեր լուսացրինք։ Առավոտյան պատմեց իր երազը. «Երազիս Մխիթարին տեսա։ Եկավ, իր քուրքը գցեց վրաս՝ տաքացա»։ Հասկացավ տղաս, որ Մխիթարը չկա արդեն։ Պատմեցինք, թե ինչպես էին ծառայակից ընկերներն իրենց կյանքի գնով փրկել իրեն։ Մխիթարի մայրն այցելեց ու բոլոր անմահացածների մայրերի անունից պատգամեց նրան. «Հանուն քո ընկերների դու պիտի ապրե՛ս»։

Ես պատկերացրեցի, թե որքան դժվար է հաղթահարել սեփական կորստի վիշտը, համակերպվել որդուդ չգոյության հետ կամ, ավելի ճիշտ, նրա կյանքի շարունակությունը տեսնել իր ընկերոջ մեջ։ Այդ ընկերոջից որդուդ կարոտն առնել, ուժ տալ նրան ու նրա գոյությամբ մխիթարվել։

– Նար ջան, Մանչի ծննդյան օրն Աբիգն ասաց, որ ուզում է զանգել շնորհավորել ընկերոջը։ Իմ լռությունից ինչ-որ բան զգալով՝ հարցրեց. «Մամ, գիտեմ, որ իմ արև սուտ չես երդվի։ Մանչը կա՞»։ Ես խեղդվում էի անճարությունից։ Արցունքներս հոսում էին, ու խոսել չէի կարողանում։ Ի՞նչ պատասխան տամ որդուս։ «Մա՛մ, մի բառ ասա ՝ հա կամ չէ։ Մանչը կա՞»։ «Չէ՛, Աբիգ ջան, չկա Մանչը»։ Անջատեց հեռախոսը։ Երեկոյան նորից զանգեց. «Մա՛մ, իսկ պապին կա՞»։

«Չէ, Աբիգ, չկա»: Հեռախոսի մեջ լռություն էր։ Կարծես թե երկուսս էլ չէինք համարձակվում առաջինը խոսել՝ չմատնելու համար մեր վշտի չափը։ «Աբիգ ջան»,-փորձեցի ես սկսել, բայց նա ընդհատեց. «Մա՜մ, ես ուժեղ եմ, բայց էսքանն արդեն շատ է»։ Վերջին բառերը մարեցին հուզմունքից ելևէջող նրա ձայնում։

Երկու Նաիրաներ՝ հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու, իրար անծանոթ, բայց նաև արդեն մտերիմ երկու մայր, պատերազմի հետքերն առատահոս արտասուքով մեր ծանրացած հոգիներից սրբել էինք փորձում, ծանրաքաշ ցավը գոնե մի քանի վայրկյանով դուրս մղել, գոնե մի փոքր թեթևանալ ՝ դատարկվելով։ Հանդարտվելուն պես ես հարցրեցի.
– Նաիրա ջան, հիմա ո՞նց է Աբիգը, ի՞նչ է ասում։
– Ասում է. «Հոգնում եմ մեկ-մեկ մթությունից, մա՛մ»։
Դե եկ ու մի փլվիր …

Հ.Գ. Մարդի՛կ, բարի՜ մարդիկ, ես հավատում եմ ձեզ։ Հավատում եմ, որ միասին դուրս կբերենք Աբիգին մթությունից։ Ես հավատում եմ ձեզ։

Հեղինակ՝ Նաիրա Մարտիրոսյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here