ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական շենքում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018 ԹԹ.) եռահատորյակի շնորհանդեսը: Ներկա էին մշակույթի, արվեստի, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ սփյուռքի նախարարության նախկին աշխատակիցներ և այլ հյուրեր:
Ինչպես տեղեկացնում է miasin.am-ը, միջոցառումը մեկնարկեց ՝ Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախմբի՝ ՀՀ պետական օրհներգի կատարմամբ: Ապա Տերունական աղոթքից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը փոխանցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր տեսուչ և ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:


Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ-ի հումանիտար բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն, ապա հաջորդեցին ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի, ՀՀ ԳԱԱ-ի լեզվի ինստիտուտի տնօրեն, դոկտոր Վիկտոր Կատվալյանի, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» նախագահ, բժիշկ Ջորջ Բարսեղյանի, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի, ՀՀ սփյուռքի նախարարության նախկին աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի, Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանի և այլոց ելույթները։
Բանախոսներն ընդգծեցին աշխատության պատմագիտական կարևորությունը, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների՝ քաղաքական, ազգային, բարոյական, պատմական, հոգևոր-մշակութային շերտերի միասնական վերհանումը, ինչպես նաև համաշխարհայնացման մարտահրավերների պայմաններում համայն հայության գերակա խնդիրների, համահայկական օրակարգի ձևակերպումը, որոնց նպատակը 10 միլիոն հայերի ներուժով Հայրենիքի առջև ծառացած տարածաշրջանային և ներքին հիմնահարցերի լուծումն է։


Շնորհանդեսի ավարտին ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ այս եռահատորյակը նախատեսված է հասարակական-քաղաքական գործիչների, համայնքային ղեկավարների, սփյուռքյան կառույցների ներկայացուցիչների, ընթերցողների լայն շրջանակի համար և հույս հայտնեց, որ այն կարող է օգտակար լինել սփյուռքագետների, պատմաբանների, հետազոտողների համար։ Այնուհետև շնորհակալություն հայտնեց սփյուռքյան համահայկական, եկեղեցական բոլոր կառույցներին, համայնքային գործիչներին, անհատներին սերտ գործակցության համար, ինչպես նաև նախարարության բոլոր աշխատակիցներին իրենց նվիրյալ աշխատանքի համար:


Հավելենք, որ «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018 ԹԹ.) եռահատորյակում ամփոփվել են և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախի Հանրապետությունում հեղինակի ունեցած մոտ տասը տարիների հիմնական հրապարակային ելույթները, զեկուցումները՝ նվիրված Հայաստան–Սփյուռք գործակցությանը, պետական քաղաքականության տարբեր խնդիրներին։





