Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որի համաձայն` 10:00-ից մինչեւ 18:00 Նինոծմինդայից դեպի ՀՀ տարածք սահմանը բաց է լինելու Վրաստանի քաղաքացիների համար, որոնք սահմանին պետք է տրամադրեն վերջին 72 ժամվա ընթացքում արված կորոնավիրուսի բացասական թեստավորում։
Akhaltskha.net-ը համապատասխան թեժ գծին զանգահարելու միջոցով պարզել է, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Վրաց-հայկական սահմանը հատելու համար անհրաժեշտ կլինի տեղի պատկան մարմինների թույլտվությունը։ Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, ներկա պահին փորձում են ճշտել, թե ինչպես կարելի է ստանալ տվյալ թույլտվությունը։ Այսպիսով կարելի է փաստել, որ Վրաստանի իշխանությունները ականջալուր եղան եւ ընդառաջ գնացին ջավախահայության պահանջներին, որպեսզի մարդիկ կարողանան մեկնել արտագնա աշխատանքի իրենց ընտանիքները պահելու նպատակով։



