Հղիությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում փորձություններով, նոր բացահայտումներով մի շրջան է։ Այս ընթացքում օրգանիզմում բազում փոփոխություններ են լինում, որոնք արտահայտվում են տարբեր հիվանդությունների ու հիվանդագին վիճակների տեսքով։ Ի՞նչ անել, երբ հղիության հետևանքով մաշկայի խնդիրներ են առաջացել։ Ներկայացնում է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մաշկաբան Նարինե Պարսամյանը։

-Ինչպե՞ս է անդրադառնում հղիությունը մաշկի վրա:
-Հղիության ընթացքում տեղի են ունենում բնորոշ հորմոնալ տեղաշարժեր, փոփոխություններ իմունային, սիրտ-անոթային ու մնացյալ համակարգերի աշխատանքում։ Վերջիններս անդրադառնում են մաշկի վրա ու արտահայտվում որոշակի փոփոխություններով, որոնք համարվում են նորմալ (ֆիզիոլոգիական): Դրանց թվում են գերգունակային բծերի առաջացումը դեմքի շրջանում (մելազմա,«հղիության դիմակ»), հարպորտային, հարպտկային, որովայնի սպիտակ գծի շրջաններում գերգունակավորումը, հղիազոլերը (ստրիաներ), մազերի ու եղունգների փոփոխությունները, գերքրտնարտադրությունը, ստորին վերջույթների անոթների լայնացումը, սարդանման մազանոթալայնանքները, ափերի շրջանների կարմրությունը:
-Որպես կանոն՝ ի՞նչ մաշկային խնդիրների եք հանդիպում այս ժամանակահատվածում։
-Գոյություն ունեն վիճակներ, որոնք բնորոշ են հենց հղիության շրջանին`հղիների հերպես, հղիության բազմաձև ցանավորում, հղիության ներլյարդային լեղականգ, հղիների քորպտիկ և վիճակներ, որոնք կարող են սրվել հղիության շրջանում (ակնե, ատոպիկ մաշկաբորբ, պսորիազ, ռոզացեա, հարբերանային մաշկաբորբ, կարմիր գայլախտ, հիդրադենիտ և այլն):
-Արդյոք հղիության ընթացքում ի հայտ եկող մաշկային խնդիրները մնայուն են, թե դրանք կվերանան ինքնաբերաբար, ծննդաբերությունից հետո։
-Հղիությամբ պայմանավորված ֆիզիոլոգիական փոփոխությունները մեծամասամբ ինքնուրույն անհետանում են ծննդաբերությանը հաջորդող մի քանի ամիսների ընթացքում: Հիվանդությունները, որոնք սրվում են հղիության ընթացքում ծննդաբերությունից հետո վերադառնում են նախնական դրսևորմանը, ինչ հղիությունից առաջ էր: Հղիութանը բնորոշ մաշկային հիվանդությունները սովորաբար պահանջում են ախտանշանային բուժում և մեծամասամբ ծննդաբերությանը հաջորդող շրջանում անհետանում են:
-Պե՞տք է արդյոք դիմանալ մաշկային խնդիրների բերած էսթետիկ ու առողջական անհարմարություններին, թե անպայման դիմել բժշկի։
-Հակառակ այն փաստի, որ հղիության ընթացքում առաջացած մաշկային գրեթե բոլոր խնդիրները մեծամասամբ հետ են զարգանում ծննդաբերությունից հետո, անպայման պետք է դիմել բժշկի, քանզի երբեմն զարգացող բարդությունները կարող են սպառնալ, թե´մոր, թե´ պտղի կյանքին:
-Ի՞նչ առաձնահատկություններ են հաշվի առնվում հղիության ընթացքում բուժումն իրականացնելիս։
-Բուժման մարտավարությունն ընտրվում է՝ հաշվի առնելով առաջացած խնդրով պայմանավորված գանգատները, հնարավոր բարդությունները, բուժման համար ընտրված դեղորայքի վտանգավորության ռիսկերը, մոր և պտղի վիճակը:



