«Միասին» ՀԿ Բելգիայի Լիեժ քաղաքի «Մեսրոպ Մաշտոց» մշակութային միության աջակցությամբ և ՀԱԵ Գուգարաց թեմի հետ համագործակցությամբ, Թեմի «Ծիծեռնակ» ճամբարում հուլիսի 17-22-ը՝ ճամբարի երկրորդ հերթափոխի շրջանակներում, կազմակերպեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների և Արցախից տեղահանված ընտանիքների մի խումբ երեխաների ամառային հանգիստը:
Ճամբարային հագեցած օրերին Գուգարաց թեմի կողմից վերապատրաստված բարձր որակավորում ունեցող մանկավարժների կողմից երեխաներին դասընթացների ընթացքում փոխանցվեց հայրենասիրություն ու հայեցի դաստիարակություն, հոգևոր-մշակութային սեփական արժեքներին հավատարիմ մնալու գիտակցություն:


Ճամբարի Սրբոց Մանկանց մատուռում ճամբարականները մասնակցեցին նաև Սուրբ և Անմահ պատարագի, ինչպես նաև ներկա եղան ազգային երգի ու պարի վարպետության դասերի, վիկտորինաների և այլ հետաքրքիր կրթադաստիարակչական միջոցառումների:
«Մեսրոպ Մաշտոց» մշակութային միության նախագահ Լուսինե Ներսիսյանը miasin.am-ի հետ զրույցում շեշտեց, որ միությունն իր հնարավորությունների սահմաններում մշտապես տարբեր սոցիալական նախաձեռնությունների միջոցով սատարել է Հայաստանին և Արցախին՝ դիմակայելու համար ծառացած մարտահրավերներին:

«Ի թիվս այլ ծրագրերի, այս անգամ ևս որոշեցինք ուշադրություն դարձնել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների և Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին՝ փոքր-ինչ թոթափելու նրանց հետպատերազմյան տրամադրությունը»,-ասաց Լուսինե Ներսիսյանը՝ հավելելով, որ գործընկեր կառույց հանդիսացող «Միասին» ՀԿ աշխատակիցների հետ քննարկման արդյունքում որոշվեց նշյալ խմբի երեխաների հանգիստը կազմակերպել Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում:


«Միասին» ՀԿ նախագահ Գևորգ Չիչյանը շնորհակալություն հայտնեց «Մեսրոպ Մաշտոց» մշակութային միության նախագահ Լուսինե Ներսիսյանին ցուցաբերած աջակցության և վստահության, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպս. Հակոբյանին՝ համագործակցության համար և հույս հայտնեց, որ երկու կառույցների հետ փոխգործակցությունը կունենա շարունակական բնույթ:
Հրաժեշտի օրը Գևորգ Չիչյանը երեխաների ընտրված խմբին նվիրեց գրենական պիտույքներ՝ հորդորելով լավ սովորել, մրցունակ լինել և իրենց գիտելիքներով նպաստել Հայաստանի զարգացմանը:







