Սիրելի՛ հայրենակիցներ,
այս օրհասական օրերին Սփյուռքում և Հայրենիքում հայ ժողովրդի հայրենասիրական ոգին ծառս է եղել։
Հերոս հայորդիները կենաց-մահու պայքար են մղում թուրք-ազերի-ահաբեկիչների դեմ՝ հաղթանակի անկոտրում կամքով և համազգային օրհնանքով։
Բերդաքաղաք Շուշին դարձել է մեր ազատության և ազգային արժանապատվության պաշտպանության սահմանագիծը, հայի մտքի և բազկի հզոր ուժի առհավատչյան։
Կցանկանայի, որ մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը իրենց ապրած երկրների հասարակություններին իրազեկեն, թե հայերը ինչպիսի տնտեսական, սոցիալական, մշակութային հետք են թողել Թուրքիայում՝ հազարամյակներ շարունակ ապրելով և ստեղծագործելով մեր պատմական Հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում։
Շատերը տեղյակ չեն, որ թուրքերի լատինատառ այբուբենի հեղինակը, ժամանակակից թուրքերենի հիմնադիրը Հակոբ Մարթայանն է՝ ‹‹Թուրքական հանրագիտարանի›› գլխավոր խորհրդատուն, որ Թուրքիայի ազգային հիմնի՝ Իսթիքլալի հեղինակը Էդգար Մանասն է, որ Օտտոմանյան օպերայի թատրոնի հիմնադիրը Տիգրան Չուխաջյանն է, որ առաջին կին ռազմական օդաչու Սաբհիա Գյոքչեն՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակը, հայուհի էր, որ Հակոբ Վարդուվյանը 1860-ականներին ստեղծել է թատրոն և զբաղվել թուրքական թատրոնի համար մասնագետներ պատրաստելով։ Թուրքիայում նույնիսկ չգիտեն, որ Մուսաֆա Քեմալի ստորագրության հեղինակը Հակոբ Վահրամ Չարչիյանն է, իսկ հայտնի խմբավար, երաժշտագետ Համբարձում Լիմոնճյանը թուրքական երաժշտության մեջ նոտաների համակարգի հեղինակն է, որը մինչ օրս էլ կոչվում է նրա անունով ՝ ‹‹Համբարձումի նոտաներ։
Անգամ թուրքական ծագումնաբանական առաջին բառարանի հեղինակը հայ է՝ Պետրոս Քերեստեճյան։ Իսկ ովքե՞ր են թուրքական ճարտարապետության, քաղաքաշինության հիմնադիրները, եթե ոչ հայերը՝ Պալյաննները, Սինանները և այլոք։ Ճարտարապետական այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք Դոլմաբահչե պալատը /45․000քմ/, Սելիմիենի մզկիթը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կազմում, Սուլեյմանեն, Նուսրեթիեն, Օրթաքայը և 20 սուլթանական պալատներ, մզկիթներ, հայկական եկեղեցիներ, հարյուրավոր շենքեր նախագծվել են հայ ճարտարապետների կողմից։ Գրականության, արվեստի, կերպարվեստի, քանդակագործության, զարդարվեստի, մասնավորապես, արծաթագործության և ոսկերչության հիմնական մասնագետ-վարպետները հայերն են եղել և հայերն են՝ մինչ օրս։ Էլ չենք խոսում առողջապահության, գյուղատնտեսության, առևտրի ոլորտների մասին։
Իհարկե, նման հարուստ մշակութային ժառանգություն ստեղծած, տաղանդավոր ազգին ներել և հանդուրժել չէին կարող և այսօր էլ չեն կարողանում քոչվոր ցեղերն ու նրանց՝ բարբարոսի գործելաոճով ղեկավարները։
Մեր նենգ ու ոխերիմ թշնամին ունակ չէ քաղաքակրթվել, նա թիրախավորել է քաղաքներ ու գյուղեր, քաղաքացիական բնակչությանը, ծննդատներ ու մանկան տներ, հուշարձաններ ու եկեղեցիներ և ի զորու չէ արարել, ուստի և չի կարող գնահատել արժեքներն ու արժեքավորը։
Սակայն, մարդկային քաղաքակրթության գանձարանը հարստացրած Հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ՝ իրեն գենետիկորեն փոխանցված հզոր ներուժով, Փոքր Մհեր է։
Ուստի, Փոքր Մհերները կկռեն բաղձալի Հաղթանակ, և Հայ ժողովուրդը կշարունակի ապրել խաղաղ ու ստեղծագործ կյանքով։
Հրանուշ Հակոբյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Հայաստանի պառլամենտի անդամ՝ քսան տարուց ավելի,
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար,
Հայ կանանց միջազգային միության նախագահ



