Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Հայկական սփյուռքն աննախադեպ միասնական էր դարձել ու հնարավոր բոլոր եղանակներով փորձում էր սատար կանգնել հայրենիքին, հայ զինվորին: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ոտքի էր հանել նաև հեռավոր Արգենտինայում ապրող հայերին: «Պատերազմի օրերին մեր համայնքը, ինչպես ամեն տարի Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումների ընթացքում, միասնական էր դարձել: Բոլոր կուսակցությունները՝ ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ, եկեղեցին միավորված, մեկ խոսնակ դարձած՝ փորձում էին ամենատարբեր միջոցներով օգտակար լինել հայրենիքին: Այդ ընթացքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, բողոքի ցույցեր Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների առաջ (միայն Ռուսաստանի դեսպանի հետ կարողացանք ավելի ուշ՝ արդեն պատերազմից հետո հանդիպել, թեև հանդիպումը նշանակված էր դեռ հոկտեմբերին): Այդ օրերին համայնքի բոլոր կուսակցություններն ու միությունները միավորվել էին IARA-ի (Արգենտինայի հայ համայնքի հաստատություններ) շուրջ»,- miasin.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ Էդուարդո Կոստանյանը:
Համայնքի ջանքերով պատերազմի օրերին Արգենտինայի մամուլի գրեթե 80 տոկոսն անդրադարձել է Արցախում կատարվող դեպքերին, լուսաբանել համայնքի կազմակերպած միջոցառումները: Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային է անդրադարձել նաև երկրի ԱԳՆ նախարարը:
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին ստորագրած փաստաթուղթը, սակայն, փոխեց շատ բան. «Արգենտինայի համայնքում ստորագրված փաստաթղթի մասին տարբեր կարծիքներ կան: Յուրաքանչյուրը հարցին նայում է իր տեսանկյունից: Ինչ վերաբերում է ինձ, ես պատերազմի նման ավարտ չէի պատկերացնում: Առ այսօր տարակուսած եմ, թե ինչպես Արցախի կարևոր նշանակություն ունեցող տարածքներ Ադրբեջանին հանձնվեցին առանց մի կրակոցի»,- նշում է Էդուարդո Կոստանյանը և հավելում, որ սեպտեմբերի 27-ից հետո աշխարհի տարբեր անկյուններով ապրող հայերը գրեթե նույն ցավն են ապրում.
«Ճիշտ է, մենք մի քիչ հեռու ենք, բայց զգում ենք այդ ցավը նույնքան ուժգին: Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի համար Արցախն առանձնահատուկ նշանակություն ու կարևորություն ունի: Դեռ անցյալ տարի էի Արցախում, նախ հունիսին՝ մասնավոր այցով, ապա հոկտեմբերին պատվիրակության մաս կազմելով՝ մասնակցեցի «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին, որն Արցախի արտաքին գործերի նախարարությունն էր կազմակերպել: Բացումը տեղի ունեցավ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, որը պատերազմի ընթացքում հրթիռակոծության ենթարկվեց: Շատ տխուր էր այդ պատկերները նայել: Մեր պատվիրակության բոլոր անդամները շատ տպավորված էին, այդ զգացողություններն հնարավոր չէ մոռանալ: Ընդամենը մեկ տարի առաջ մենք տեսանք գեղեցիկ, բարեկարգ ու զարգացող Արցախ, այսօր Արցախում ամենուր ավերածություններ են»:
Պատերազմի օրերին Արգենտինայի ՀՅԴ «Արմենիա» պաշտոնաթերթը արգենտինահայ երկու լրագրողի` Կարո Սեֆերյանին և Լեո Մոմջյանին գործուղել է Արցախ: Նրանց է միացել Երևանում բնակվող արգենտինահայ հայրենադարձ Բեթի Արսլանյանը, որոնք լուսաբանել են պատերազմի ընթացքը:
«Համայնքում շատերս լուրեր ստանում էինք մեր երկու լրագրողների պատրաստած նյութերից, ինչպես նաև հետևում՝ հայաստանյան պաշտոնական լրատվությանը: Այսօր, աակայն, անհասկանալի է, թե ինչու պատերազմի ամբողջ ընթացքում հայաստանյան լրատվությունը իրական դեպքերը չլուսաբանեց, իրականությունը չներկայացրեց, բավարարվեց սուտ լուրեր ներկայացնելով: Անգամ Շուշիիում ծավալվող դեպքերն առ այսօր հակասական տպավորություն են թողնում: Մոտ 4 ժամ առաջ ասում էին քաղաքի կեսը հայկական զորքերի հսկողության տակ է, բայց մի քանի ժամ անց ստորագրվեց փաստաթուղթը, որով քաղաքը հանձնեցին ադրբեջանցիներին»,-իր մտահոգությունն է հայտնում արգենտինահայ գործիչն ու նշում, որ շատ անհասկանալի ու անպատասխան հարցեր են մնացել նաև առ այսօր՝ պատերազմի ավարտից գրեթե մեկ ամիս անց: Անհասկանալի է, թե ինչպես են գծվելու մեր սահմանները, ինչքան տարածք է մեզ մնացել, դեռ քանիսը պետք է հանձնենք:
«Գիտեք, դժվար է պատկերացնել այդ հողերում ադրբեջանցիների: Հադրութցին, քաշաթաղցին, շուշեցին ինչպես և ուր պետք է վերադառնա, երբ տուն չունի, ինչ է լինելու նրա վիճակը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները նրանց ու բոլոր անտուն մնացած մարդկանց պետք է հատկացնել: Ամբողջ Սփյուռքն է մասնակցել այդ դրամահավաքին և այդ գումարները պետք է ծառայեն միմիայն Արցախի վերականգնմանը, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Այս պատերազմը բացի տարածքային կորստից, մեզանից նաև մի քանի սերունդ խլեց, սա է շատ ցավալին»,-ընդծում է Էդուարդո Կոստանյանը:
Խոսելով հայաստանյան ներկա իրականության մասին, թե այս վիճակից դուրս գալու համար ինչ փոփոխություններ են անհրաժեշտ երկրին, ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամը նշում է. «Յուրաքանչյուր երկրի ղեկավար, եթե պատերազմում պարտվում է և չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը, պետք է հեռանա: Պարտվողը ինչպես կարող է այսօր Ռուսաստանի կամ այլ երկրների հետ բանակցել, եթե պատերազմում հաջողություն չի գրանցել, այսօր ինչպես է լուծելու Արցախի անկախության ճանաչման հարցը: Այս խնդրի հետ կապված ևս հակասություն կա. ինչու մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը և դա պահանջում ենք այլ երկրներից: Մենք օրինակ՝ ինչպես Արգենտինայից, Չիլիից, Ուրուգվայից պահանջենք ճանաչել Արցախի անկախությունը, երբ ինքներս այդ քայլը տարիներ շարունակ չենք արել:
Շատ պարզ է. պարտվողը պետք է հեռանան, որպեսզի հնարավորություն տա նոր ընտրություններ անցկացվեն: Ու եթե նա կարողանա նորից ժողովրդի վստահությունը շահել, ապա թող դարձյալ շարունակի կառավարել»:
Էդուարդո Կոստանյանը նշում է, որ ճիշտ աշխատանքի դեպքում ամեն ինչ կարող էր այլ լինել: Քանի որ դեռ 2018 թվականին ժողովրդի մեջ մեծ հույս էր ծագել, ու բոլորը սպասում էին նոր փոփոխությունների. «Սակայն կատարվեց անդառնալին, ուրեմն՝ վարչապետը պետք է հեռանա, պետք է կատարվեն նոր ընտրություններ, որ ժողովուրդը նորից վստահի կառավարությանը: Շատ կարևոր է նաև, որ ներքին խնդիրներ չունենանք: Եթե վարչապետը մտածում է երկրի խաղաղության մասին, ապա պետք է հեռանա»:
Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, զրուցակից նշեց. «Տարիներ առաջ, երբ կար Սփյուռքի նախարարությունը, որը ղեկավարում էր Հրանուշ Հակոբյանը, Սփյուռքի հետ հարաբերություններն ավելի սերտ էին: Նախարարը մի քանի անգամ եղել է մեր համայնքում: Նա կարողանում էր իր խոսքով տպավորել ժողովրդին, համոզել, որ համայնքի ներկայացուցիչներն ամրապնդեն իրենց կապերը հայրենիքի հետ: Այդ տարիներին մեծ հույսեր ուներ Սփյուռքը: Այսօր, դժբախտաբար, Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը Սփյուռքի հետ որևէ կապ չունի: Երբ վերջերս մի առիթով խոսեցի Զարեհ Սինանյանի հետ, նա տեղյակ չէր, թե ինչ է կատարվում մեր համայնքում: Չգիտեր, թե պատերազմի օրերին Հայաստանին, Արցախին օգտակար լինելու համար ինչ էր անում Արգենտինայի, Ուրուգվայի համայնքը: Այսօր Սփյուռքի նկատմամբ կարծես հարգանք չկա: 2018 թվականից հետո Սփյուռքին չեն հարգում: Եվ սիրտներս ցավում է այս ամենը տեսնելով: Գիտեք, մենք չենք ուզում, որ մեր արածների համար մեզ ծափահարեն: Մենք ցանկանում ենք միասին գործել, այսօր այդ կապը կտրված է: Եթե նախարարության նախկին աշխատակիցների հետ մշտական կապի մեջ էինք, նրանք գիտեին, թե ինչ է տեղի ունենում մեր համայնքում, հիմա չկա մեկը, որի հետ կարողանանաս աշխատել: Եվ այդ ամենը ժողվուրդը տեսնում է, համայնքը տեսնում է, կազմակերպությունները տեսնում են»:
Խոսելով արգենտինահայ համայնքի ներկա վիճակի մասին, արգենտինահայ գործիչն ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո նախկին եռանդը չկա. «Ժամանակ է պետք: 1-2 ամիս պետք է անցնի, որպեսզի մեր զգացմունքները մի փոքր սառեն: Այսօր վերքը թարմ է, բաց է բոլորիս վերքը, և արյունը դեռ հոսում է: Պետք է չորանա, վերքերը պետք է բուժվեն, այնուհետև նոր միայն անհրաժեշտ է խոսել Հայաստանի, Արցախի վերաշինության մասին: Վերաշինելու համար մեզանից մի քանի տարի է պահանջվելու»:
Հայոց ցեղասպանության ցավի, դաժանության մասին սեփական ընտանիքի պատմություններից տեղյակ լինելով՝ Էդուարդո Կոստանյանը նշում է, որ երբեք չէր կարող երևակայել, որ հայ ժողովուրդը կտեսնի 2-րդ աքսոր, նոր ցեղասպանություն. «Իմ նախնիները վերապրել են Հայոց ցեղասպանությունը, որից հետո հաստատվել են Հունաստանում, Դամասկոսում, այնուհետև տեղափոխվել են Արգենտինա: Թե ցեղասպանության ու աքսորի օրերին մեր մեծ մայրերն ու մեծ հայրերն ինչ տանջանքներ են կրել, բոլորս անգիր գիտեինք: 100 տարի անց ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանը, հայ ժողովուրդը նորից կարող է անցնել այդ ամենի միջով:
30 տարվա ստեղծածը հոսեց-գնաց, ինչպես ջուրն է հոսում ափիդ միջով: Դժվար է, բայց պետք է շարունակել առաջ քայլել: Նախկինում պայքարում էինք Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Պատերազմի օրերը ցույց տվեցին որ աշխարհը նորից երես դարձրեց մեզանից, աշխարհը կարծես մեզ նորից մոռացել էր: Այժմ պետք է մտածել, թե ինչպես ենք առաջ շարժվելու: Այստեղ է, որ պետության աջակցության կարիքն ունենք, թե նա ինչպես է վերաբերվում Սփյուռքին: Պետք է նոր քաղաքականություն մշակել՝ վեր կուսակցական, միութենական բոլոր շահերից, և այդ ամենին մասնակից դարձնել նաև Սփյուռքին: Շարունակել համահայկական օրակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքներ, որոնք 2017 թվականին էին դեռ մշակվել: Մեզ միավորող, այլ ոչ թե պառակտող ռազմավարություն և գործունեություն է պետք:
Հիմա ուրիշ Հայաստան է, նախկին Հայաստանն էլ չկա, պետք է նոր իրողության սահմաններում մտածել հետագա անելիքների ու քայլերի մասին»:







