Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Կանադայի հայ համայնքը նույնպես անմասն չմնաց Հայաստանին եւ Արցախին ֆինանսական եւ հումանիտար օժանդակության հարցում:
Ինչպես miasin.am-ին հայտնում են Հայ Ավետարանչական Ընկերակցության մամուլի բաժնից, հերթական օգնությունը ցուցաբերվեց Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս, կանադահայ բարերար Վարուժան Լափոյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ. «Tok Group» ընկերության նախագահ Րաֆֆի Թոքմակջյանը երկու միկրոավտոբուս նվիրաբերեց Հայաստանում Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը:
Պարոն Թոքմակջյանը կանադահայ համայնքի այն հայտնի գործարարներից է, որը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրները և բազմիցս աջակցել է շատ հարցերի լուծմանը:
Միկրոավտոբուսներից առաջինը կծառայի Երևանում Հայ Ավետարանչական Ընկերակցության հովանու ներքո գործող Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի աշակերտների, իսկ երկրորդը՝ Արցախից տեղահանված այն ընտանիքների կարիքներին, որոնց նույնպես ԱՀԱԸ-ն է հովանավորում:
Խորին շնորհակալություն ենք հայտնում Վարուժան Լափոյանին և ՐաՖՖի Թոքմակջյանին այս բացառիկ նվիրատվության համար:
Աստված պահապան մեր Հայրենիքին:






