Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի և Շտուտգարտի Հայ մշակութային միության կողմից սույն թվականի հոկտեմբերի 31-ին կազմակերպվել էր խաղաղությունը ոգեկոչող և Արցախի ինքնորոշման ճանաչմանը նվիրված հերթական ցույցը, Շտուտգարտ քաղաքի կենտրոնական՝ Շլոսպլաց հրապարակում։

Ինչպես miasin.am-ին հայտնում է Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը, խաղաղ ցույցի մասնակիցները հանդես եկան իրենց տեղեկատվական կոչ-ելույթներով, տեղեկացնելով հանրությանը Արցախում տեղի ունեցող պատերազմի և դրա հնարավոր հետևանքների մասին՝ ընդգծելով մեկ ամիս շարունակ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, դրանց՝ ցեղասպանության վերաճելու հեռանկարն ու այս ամենի կանխարգելման առաջնային միջոց՝ Անցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։

Տեղեկատվական վահանակների և կոչերի միջոցով ընդգծվեցին նաև թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերի առաջընթացը չկանխարգելելու պարագայում Եվրոպայում և մասնավորապես՝ Գերմանիայում ահաբեկչական ուժերի գերիշխող դառնալու վտանգը։
Հանրությանը կոչ արվեց ստուգել այս թեմայի շուրջ իրենց մատուցվող փաստերն ու պատմական իրողությունը, մասնակցել խաղաղ ակցիաների՝ ընդդեմ ահաբեկչության և ի պաշտպանություն դեմոկրատական արժեքների, կոչ անել իրենց կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։

Հավելենք, որ ակցիան իրականացվում է Շտուտտգարտում արդեն չորրորդ անգամ։ Բոլոր ցույցերն ուղեկցվում են հայկական դասական երաժշտությամբ, ընդգծելու մեր մշակույթն ու խաղաղարարությունը։ Ինֆորմացիայի տարածումն ապահովվում է տեղեկատվական վահանակներով և QR կոդերի միջոցով տրամադրվում է հակիրճ տեղեկատվություն ծավալվող իրավիճակի մասին։

Խաղաղ ակցիային անդրադարձել է նաև գերմանական մամուլը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here