Մայիսի 22-ին և 24-ին Երևանում կկայանա Մանե Մարտիրոսյանի «Վազող ամպերի հետքերով» գրքի շնորհանդեսը։ Նախատեսվում են նաև հանդիպումներ հեղինակի հետ։ Իսկ մինչ այդ, miasin.am-ի հետ զրույցում Մանե Մարտիրոսյանը խոսում է այն ճանապարհի մասին, որն անցել է գտնելու այն կյանքը, ինչն այսօր ունի։
– Մանե՛, կյանքում ոչ մի բան հենց այնպես չի լինում: Ամեն ինչ ունի ի՛ր պահը, ի՛ր ժամանակն ու դրդապատճառը: Ինչը «ստիպեց» Ձեզ գրիչ վերցնել ու ստեղծագործել:
– Մեծ ծնողներս մեղվապահներ էին․ 12 տարեկան էի, ամառային արձակուրդներին ինձ ուղարկեցին նրանց մոտ: Այն ժամանակ կապի ոչ մի միջոց չկար, ես էլ թղթի ու գրիչի հետ սկսեցի ընկերանալ: Այն ժամանակ այս օրվա մասին երազել անգամ չէի կարող: Իսկապես, որ ոչինչ հենց այնպես չի լինում:
– Ի՞նչ եք պատմում, փոխանցում գրքերի միջոցով մարդկանց, ընթերցողին:
– Զգացմունքներ, որոնցով կառուցված ենք, կարծրատիպային իրականությունը կոտրելու ու անկեղծ արտահայտվել կարողանալու համարձակություն, առաջ շարժվելու, ինքներս մեզ ու աշխարհին հաղթելու մոտիվացիա:
– Ամենակարևոր ասելիքը, որը թաքնված է Ձեր գրքերի տողատակում:
– Չմոռանալ երազանքներն ու վերգտնել երջանիկ լինելու իրավունքը:
– Դուք ինչպես ե՞ք կարողացել վերգտնել երջանիկ լինելու Ձեր իրավունքը։
– Այն օրը, երբ կանգնած էի կյանքի ու մահվան ճամփաբաժանին, և մահից ընդամենը 10 վայրկյան էր հեռու կյանքը, հասկացա, որ աշխարհում միայն ե՛ս եմ ապրում իմ ունեցած ցավերն ու դժվարությունները, որ ինձնից բացի ուրիշ ոչ ոք չի զգում իմ զգացածն ու հասկացա, որ ոչ ոք իրավունք չունի ինձնից խլելու երջանիկ լինելու իմ իրավունքը: Եվ իմ երջանիկ լինելու համար միայն ես եմ պատասխանատու:
– Գիրքը ո՛չ միայն պատմություն է, այլ հաճախ «հանդիպում», «ծանոթություն» է հեղինակի հետ: Ձեզ կարո՞ղ է ընթերցողը տեսնել Ձեր գրքերում:
– Իմ գրած ամեն տողում մի քիչ կամ ամբողջովին ես կամ: Ես չեմ կարողանում կեղծել զգացմունքները, որոնց մասին գրում եմ: Կարողանում եմ փոքր կայծը բոց դարձնել, բայց գրածս ամեն տողի հիմքում իմ ապրած իրական զգացողությունն է:
– Որպես ամենասովորական ընթերցող՝ ի՞նչ են տվել ձեր գրքերը ձեզ:
– Ամեն գրքից հետո ավելի ուժեղ եմ դարձել, ավելի պարտավորված, ավելի անկեղծ:
– «Պուտավոր զգեստով աղջիկը» և «Վազող ամպերի հետքերով» գրքերն ինչո՞վ են հատվում միմյանց և նաև տարբերվում:
– Նրանք կապված են մեկ ընդհանուր գծով, որն է երազանքների գիծը, դրանց իրականացման ուղիներ փնտրելու գիծը: Բայց դրանք երկու մշակույթների պատմություն են, որոնցից մեկում հայկականն է գերակշռում, իսկ մյուսում՝ ֆրանսիականը:
– Մանե, ծնվել եք Հայաստանում, ապրում եմ Սփյուռքում, հայրենիքն ու արտերկիրն ի՞նչ թելերով են կապվում միմյանց և ի՞նչն է նրանց բաժանում:
– Հայրենիքիս հետ կապող թելը համացանցն է, հատկապես՝ Ինստագրամը, որի միջոցով հեռավորությունը բավականին կրճատվում է: Իհարկե, չի փոքրացնում ծնողներիս, ընտանիքիս, ընկերներիս գրկելու ցանկությունը, չի քչացնում պապայիս պատրաստած խորովածի, մամայիս պատրաստած թոնրի լավաշի, չրերի հոտն ու համը։ Սակայն հաշվի առնելով մշակութային խիստ տարբերությունները՝ պետք է նշեմ, որ իմ հոգու խաղաղությունն ու ներդաշնակությունը ապրում են Ֆրանսիայում:
– Առաջիկա օրերին կայանալու է «Վազող ամպերի հետքերով» գրքի շնորհանդեսը: Ի՞նչ սպասել այդ օրը:
– Ընթերցողն արդեն հասցրել է սիրել իմ «Պուտավոր զգեստով աղջիկը #Փարիզում» պատմվածքը: «Վազող ամպերի հետքերով» գիրքը վերջինիս շարունակությունն է: Որտեղ շատ ավելի մեծ մոտիվացիա ու կորով է զետեղված: Իսկ շնորհանդեսին կիմանան գրքերիս ստեղծման պատմություններն ու ողջ իրականությունը հեղինակի ու հերոսուհու կապի մասին:
«Պուտավոր զգեստով աղջիկը» երիտասարդ աղջկա, նրա երազանքների և երբեմն դրանց բացակայության մասին է: Գրքում ներկայացված են հայկական իրականությունը և այդ իրականության մեջ հերոսի դժվարություններն ու ձեռքբերումները, որոնք կարող են օգնել շատ երիտասարդների ևս մեկ անգամ արժևորել կյանքն ու իրենց որոշումները:
Իսկ «Վազող ամպերի հետքերով» գիրքս պատմում է պուտավոր զգեստով աղջկա կյանքի մի նոր փուլի, դեռ չիրականացված և վազող ամպերի հետքերով նոր երազանքների հետևից սլանալու մասին: Հերոսուհին ներկայացնում է իր աչքերով ֆրանսիական և հայկական միջավայրերի տարբերությունները, կիսվում է ավանդապաշտ ծնողներին հաղթելու, կին և տղամարդ առողջ փոխհարաբերությունների իր գաղտնիքներով, դժվարություններով, ձեռքբերումներով, հույզերով ու ապրումներով:
Պատմությունը մեկ անգամ ևս ստիպում է հասկանալ, որ հոգեկան հանգստությունը, ներդաշնակությունն ու սերը վեր են բոլոր հրաշքներից:
Հ․Գ․ Հավելենք, որ «Վազող ամպերի հետքերով» գրքի շնորհանդեսն ու հեղինակի հետ հանդիպումներ Երևանում կկայանան մայիսի 22-ին և 24-ին, որից հետո գիրքը կլինի վաճառքում նաև գրախանութներում: Մայիսի 27-ին և 28-ին նախատեսված են հանդիպումներ նաև Վանաձոր և Գյումրի քաղաքներում: Հանդիպումներին գրանցելու համար անհրաժեշտ է գրել հեղինակի ինստագրամյան էջին:
Մինչև մայիսի 22-ը կգործի նաև նախավաճառք, գիրքը հեղինակից ընթերցողները կարող են պատվիրել զեղչված գնով: Պատվերներ ընդունվում են աշխարհի բոլոր երկրներից: Մանրամասների համար անհրաժեշտ է գրել հեղինակի ինստագրամյան էջին:






