Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացը միշտ ընթացել է Մինսկի խմբի հովանու ներքո։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը։
«Այս ձևաչափի մեջ ենք մենք առաջին հերթին պատկերացնում Արցախի անկախության ճանաչման փաստը։ Բնականաբար, այդ երկրների հետ աշխատանքներ տարվում են, և բոլոր քայլերը՝ անկախ իրավիճակից, պետք է գնահատենք ոչ թե հուզական դաշտում, այլ պետք է սթափ, քաղաքական, քաղաքագիտական հաշվարկներով կատարվեն։ Մեր խնդիրը, բոլորիս խնդիրը իրականում Արցախի անկախության վերջնական ճանաչումն է։ Դրա համար մեր քայլերը պետք է շատ հավասարակշռված լինեն։
Կարծում եմ՝ մենք բոլորս դրա ականատեսը կլինենք։ Դա մի գործընթաց է, որը պետք է առաջին հերթին համանախագահող երկրների հետ համաձայնեցված փորձենք առաջ տանել»,- ասել է Վահրամ Պողոսյանը։



