Անուշ Գրիգորյանն ապրում է Ֆրանսիայի Պուատիե քաղաքում. «Պուատուի հայերը» միության նախագահն է: Արցախյան 44-օրյա պատերազմը փոթորկել էր նաև Անուշի հոգին ու խռովել անդորրը: Ինչպես Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող շատ-շատերը, նա իր հնարավորությունների սահմաններում ու Պուատիե քաղաքում բնակվող մեր հայրենակիցների աջակցությամբ, փորձում էր օգտակար լինել հայրենիքին ու Հայոց բանակի զինվորին: Տարբեր նախաձեռնությունների օգնությամբ, իսկ հանգստյան օրերին թխվածքաբլիթներ վաճառելով՝ նա հավաքված գումարը փոխանցում էր Հայոց բանակին:
Պատերազմի ավարտը Անուշի մեջ շատ բան փոխեց, միակ անփոփոխ որոշումը՝ շարունակել օգտակար լինել հայրենիքին ու հայ զինվորին: Հավատարիմ այդ որոշմանը՝ Անուշը Հայաստանից հեռանալուց 12 տարի անց մեկ շաբաթով որոշել է հայրենիք այցելել: Նպատակը՝ աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, որոնք պատերազմը զգացել, ապրել են սեփական աչքերով ու նաև կյանքի գնով:
«Ծնվել ու 15 տարի ապրել եմ Արմավիր քաղաքում: Սովորել եմ քաղաքի 6-րդ դպրոցում: Այսօր ուզում եմ օգտակար լինել իմ դպրոցին, կոնկրետ՝ իմ դպրոցի նախկին ու ներկա այն սաներին, որոնք կամ որոնց ընտանիքի անդամները մասնակցել են Արցախյան պատերազմին: Արդեն խոսել եմ դասղեկիս՝ Մանյա Խաչատրյանի, դպրոցի սոցիալական աշխատողի հետ՝ պարզելու, թե իմ դպրոցից, դասընկերներից քանիսն են մասնակցել Արցախյան պատերազմին: Արդյոք կա՞ն նահատակներ, անհետ կորածներ: Խնդրեցի տրամադրել բոլորի անուններն ու ընտանիքի անդամների մասին տեղեկություններ: Այդ զրույցների ընթացքում իմացա, որ 14 ընտանիք սեփական մաշկի վրա զգացել է պատերազմի սարսափը, որ իմ երկու դասընկերները՝ Մարտունը և Գուրգենը, վիրավորվել են պատերազմում, իսկ զուգահեռ դասարանից Սերգեյը, դժբախտաբար, նահատակվել է»,-miasin.am-ի հետ զրույցում ասաց Անուշը:
Անուշն այցելելու է բոլոր 14 ընտանիքներին և դրամական օգնություն է ցուցաբերելու: Քանի որ այցն Ամանորի նախօրեին է տեղի ունենալու, որոշել է տոնական նվերներ պատրաստել նաև Երևանում ներկայումս բնակվող արցախցի 18 փոքրիկների համար:
Իր բարեգործական նախաձեռնության մասին Անուշը բարձրաձայնել է սոցիալական ցանցի իր էջում և շատ զարմացել, որ գրությանը արձագանքել են մեծ թվով մարդիկ, ո՛չ միայն հայեր, այլև օտարներ, ինչպես Ֆրանսիայի տարբեր քաղաքներից, այնպես էլ՝ հարևան երկրներից: Բարեգործական նախաձեռնությանը անդրադարձել են նաև Պուատուի մարզային ԶԼՄ-ները:
«Շատ ուրախ եմ, որ իմ խնդրանք-կոչին արձագանքել են այսքան շատ մարդիկ, օտարներ, որոնք շատ բան չգիտեն Հայաստանի մասին, երբևէ չեն այցելել մեր երկիր, բայց որպես կարեկից մարդիկ, ցանկանում են միանալ այս նախաձեռնությանը: Ինձ հետ Հայաստան է այցելելու նաև իմ ֆրանսիացի ընկերուհին, որը մեկ տարի առաջ է Հայաստանում եղել:
Ուրախ եմ նաև նրա համար, որ այս քայլով ես հստակ գիտեմ, թե ո՛ւմ եմ օգնում: Երբեմն դու մասնակից ես դառնում տարբեր բարեգործական ծրագրերի և շատ հաճախ չես իմանում, թե գումարդ ինչ նպատակի է ծառայել: Իմ այս քայլը ո՛չ միայն նպատակային կլինի, այլև կունենա իր անմիջական հասցեատերը:
Կցանկանայի, որ Սփյուռքում ապրող մարդիկ հետևելով իմ քայլին՝ փորձեն օգնել իրենց ծննդավայրին, դպրոցին, որպեսզի հայրենիքի պաշտպանությանը մասնակցած որևէ զինվոր կամ նահատակ զինվորի ընտանիք, չանտեսվի: Մեր այս քայլը շատ փոքր բան է այն ամենի համեմատ, ինչ նրանք են արել»,-ասաց Անուշը:








