Սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանական զորքերը պատերազմ սկսեցին Արցախի դեմ, Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներ շտապեցին, հնարավոր բոլոր եղանակներով, կանգնել հայրենիքի ու Հայոց բանակի զինվորի կողքին: Ինչպես հաղորդում է miasin.am-ը, աշխարհի տարբեր երկրներում առ այսօր բողոքի ցույցերը, մարդասիրական օգնության հավաքագրումը շարունակվում են:
«Նուռ» ֆրանսահայ միությունը, Ֆրանսիայի Առնուվիլ և Լը Պլեսի Ռոբինսոն քաղաքներում գտնվող մասնաճյուղերով և հիմնադիր-նախագահ Սոնա Սուրեկենի նախաձեռնությամբ՝ պատերազմի հենց առաջին օրերից ձեռք է մեկնել Արցախին:
Մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ դեղորայք և առաջին օգնության պարագաներ, Հայաստան է ուղեկցել Սոնա Սուրեկենը: Այցի ընթացքում միության նախագահը հանդիպել է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնi ներկայացուցիչների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել օժանդակել սայլակների և հենակների ձեռք բերման հարցում:
Օրերս Հայաստան ժամանեց ասոցիացիայի անդամների և «Նուռ» հայկական վարժարանի սաների նախաձեռնությամբ հավաքված մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը՝ քնապարկեր, անձրևանոցներ, տաք հագուստ և այլ պարագաներ:
miasin.am-ի հետ զրույցում Սոնա Սուրեկենը նշեց, որ մարդասիրական օգնության հավաքագրումը շարունակվում է: Իրենք կանգնելու են Արցախի, Հայոց բանակի զինվորի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ կարիքը կա:
Հավելենք նաև, որ մարդասիրական օժանդակությանը զուգահեռ՝ առ այսօր ասոցիացիայի նախաձեռնությամբ հավաքվել է նաև 2 800 եվրո գումար, որը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Դրամահավաքը ևս շարունակվում է:






