«Միասին» ՀԿ-ն դեկտեմբերի 24-ին իրականացրեց «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների, Արցախի Աղավնո գյուղից տեղահանված և Էջմիածնում հաստատված ընտանիքների երեխաների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի սաների համար՝ թվով 33 երեխա:
Էջմիածնի Մաչանենց թատրոնում երեխաները դիտեցին «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» ամանորյա նոր ներկայացումը, որից մեծ բավականություն ստացան:
Ներկայացման ավարտին հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Չիչյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Բոլորս մեծ սիրով կենտրոնացրինք մեր ջանքերը ձեզ գեղեցիկ օր պարգևելու համար, սիրելի երեխաներ: Ձեր ժպտացող աչքերը մեզ համար ամեն ինչ են: Ծրագիրն անվանեցինք «Խաղաղ Ամանոր»՝ հույսով, որ աշխարհի բոլոր անկյուններում խաղաղություն կթևածի»:
Իր խոսքում Գևորգ Չիչյանն առանձնակի շնորհակալություն հայտնեց ծրագրի աջակիցներին Հայաստանից և Սփյուռքից «TraveLife» զբոսաշրջային գործակալության տնօրեն Արման Սարգսյանին, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ջորջ Բարսեղյանին, Բելգիայի Լիեժ քաղաքի ,, «Մեսրոպ Մաշտոց» մշակութային միության նախագահ Լուսինե Ներսիսյանին, Մյունխենի հայ֊-գերմանական «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնի հիմնադիր տնօրեն Անուշ Չախալյանին, Դոնի Ռոստովի «Հայաստանի փայլեր», պարախմբի գեղ. ղեկավար Արմինե Օհանյանին, գերմանաբնակ բժիշկ Գագիկ Յոլչյանին, Գևորգ Ասատրյանին, ովքեր իրենց ներդրումն ունեցան մեր ՀԿ-ի հերթական ծրագրի իրականացման գործում:
«Հոգաչափ շնորհակալ ենք, որ այս անգամ ևս համախմբվեցինք՝ մեր երեխաներին տոնական ժպիտներ պարգևելու նպատակով, լրացուցիչ, բայց ոչ ավելորդ անգամ ցուցաբերելով միասնություն՝ հատկապես այս դժվարին օրերին»,- իր խոսքն ավարտեց Գ. Չիչյանը:
Երեխաներն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին ծրագրի նախաձեռնողներին ու աջակիցներին՝ ընդգծելով, որ անմոռաց տպավորություներով են վերադառնում տուն, որ ունեցան հիշարժան օր:
Վերջում ներկայացման հերոսները ուրախ մթնոլորտում նվերներ բաժանեցին երեխաներին:







