Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը ողջունել և բարձր է գնահատել ավստրալիական կառավարության քայլն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացմանն աջակցելուն։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը։
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նշել է. «Ավստրալիահայ համայնքի համար կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահ երեք երկրներով, գլխավորի Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու բանակցությունները, և խիստ կարևոր է, որ Արցախի Հանրապետության բնիկ հայերի կողմից իրացված ինքնորոշման իրավունքն այս գործընթացում հարգվի։ Դա պետք է սկսվի ռազմական և քաղաքացիական բոլոր գերիների վերադարձից, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական օկուպացիոն ուժերը պետք է փոխարինվեն խաղաղապահ ուժերով, նախքան Ալիևին թույլ կտրվի ավարտին հասցնել գրավյալ տարածքներում հին հայկական բնիկ մշակութային և կրոնական հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը։ Կոսովոյի և Արևելյան Թիմորի նմանությամբ Ավստրալիան պետք է սատարի այս հարցում պատմականորեն արդար կողմին և նախարար Փեյնը իր նամակի միջոցով նախանշել է այդ ճանապարհը։
Վերջերս ավելի քան 3000 ավստրալացիներ ստորագրել են Ավստրալիայի խորհրդարանին ուղղված խնդրագիր, որով կոչ են անում ճանաչել Արցախի Հանրապետությունը, որպես տարածաշրջանի բնիկ հայերի անվտանգությունն ապահովելու միակ միջոց»։




