Wednesday, July 29, 2026

Լինել Արցախում, ապաշխարել Գանձասարում

Պատմական Մեծ Հայքի Արցախի նահանգի Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին՝Գանձասար լեռան բարձունքին…Գանձասար՝ Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:

Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։

Ըստ երևույթին, վանքի տեղը կոչվում էր Աղվան, որ հին հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես ամառանոցավայր։

Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում Հայոց կաթողիկոս Անանիա Մոկացին՝ 942-965 թթ, անհանգիստ էր Հայաստանի արևելյան թեմերի եկեղեցական գործերով: Գալով Արցախ, Գանձասարի վանքում հրավիրեց հոգևորականության և իշխանների ժողով, որը ազգային ոգով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի ամրությունը և անաղարտությունը:

Գանձասարն առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։

Գանձասարը 1400-1816 թթ Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ 1923 թվականից՝ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին։ Ըստ ուսումնասիրությունների՝ 1214 թվականին Ներքին Խաչենի կամ Խոխոնաբերդի իշխանությունը Վախթանգ 2-ից (Տանգիկ) հետո ժառանգում է նրա ավագ որդին՝ Հասան (Հայկազ) Ջալալը և նրանից սերված տոհմը կոչվում է Հասան Ջալալի տոհմ։ Պատմական աղբյուրներում նրան մի շարք տիտղոսներ են տրվել՝ Մեծ Իշխան, «Իշխանաց իշխան տեր Խաչենոյ և Առանայ», «Թագավոր Ջալալ Դովլա», «Բարեպաշտ արքա Ջալալ» և այլն։

Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ նրա հայրը՝ Վախթանգ Տանգիկը, վախճանվելիս որդուն՝ Հասան Ջալալին և իր կնոջը՝ Խորիշահին, որ Բագրատունյաց տոհմից իշխանաց իշխան Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի դուստրն էր, կտակել է՝ «զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատ հարց մերոց ի Գանձասար», որի կառուցումն սկսվել է 1216 թվականին և ավարտվել 1238 թվականին և օծվել 1240 թվականին՝ Վարդավառի մեծ տոնին, որի ժամանակ ներկա են եղել Աղվանքի Ներսես կաթողիկոսը, Վանական Վարդապետը, իշխաններ, եպիսկոպոսներ, Հայաստանի վանքերի շատ առաջնորդներ և 700 քահանա։ Սակայն խաղաղ ժամանակներին հաջորդող դաժան օրերի ընթացքում Մամքանի փառաբանված ամուսինը՝ Ջալալը, 1261 թվականին ողբերգական վախճան է ունենում, և կինը որոշում է կառուցել Գանձասարի գավիթը, որտեղ էլ ամփոփել են ամուսնու աճյունը։

Մխիթար Գոշի և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ՝Գանձասարի վանքի գավիթը եղել է իշխանական տոհմի ներկայացուցիչների գերեզմանատունը։ Գավիթը խաչվող կամարներով է ծածկված և իր հատակագծային-ծավալային հորինվածքով նման է Հաղպատի վանքի ժամատանը և Մշկավանքի գավթի ձևերին։

1260 թվականին Տփղիսը լքած վրաց թագավոր Դավթին՝ Լաշայի որդուն, ու Վրաստանի ժողովրդին փրկելու համար և թաթարների դեմ ապստամբություն կազմակերպելու պատրվակով ոստիկան Արղունը ձերբակալում է թագուհի Գոնցային, Հասան Ջալալին, Զաքարե ամիրսպասալարի որդուն՝ Շահնշահին և ուրիշներին։ Փրկագնով բոլորն ազատվում են, բացի Մեծն Ջալալից, ում Արղունը ստիպում է ուրանալ հավատը և «եդեալ փայտ ի պարանոց նորա և երկաթ յոտս նորա», տանում Ղազվին (Իրան)։ Հասան Ջալալը, սակայն, հավատափոխ չի լինում, որի համար 1261 թվականին Արղունի դահիճներն «անդամ առ անդամ հոշոտեցին նրան»։ Հասան Ջալալ Դոլայի մարմնի վրա լույս է իջնում, և մի պարսիկ, տեսնելով այդ, հավատում է, որ նա սուրբ է, հավաքում է մարմնի մասերը և պահում մի ցամաք ջրհորի մեջ։ Հասան Ջալալի Աթաբեկ-Իվանե որդին նահատակված հոր մասունքները բերում է հայրենիք և ամփոփում մոր՝ Մամքանի՝ արդեն կառուցած վանքի գավթում։ Առ այսօր Ջալալ Մեծի տապանաքարը գտնվում է Գանձասարի վանքի գավթում։

17-րդ դարում Գանձասարի կաթողիկոսները սերտ համագործակցել են Արցախի մելիքությունների ազատագրական գործունեությանը: 18-րդ դարում այն դարձել է ազատագրական շարժումների կենտրոն։ Դարասկգբին Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի շուրջն էին համախմբվել շարժման ղեկավար գործիչները։ Ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանել է մինչև 1815 թ, երբ ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացավ, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դարձավ Շուշին:

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին Հովասափ Միայնակեցին 1240 թվականին արձանագրել է Հասան Ջալալ Մեծի Ուխտը։ Ըստ Հասան Ջալալ Մեծի 27 տողից բաղկացած կտակի՝ երբ սկսվում է Գանձասարի կառուցումը և քարագործ վարպետները հասնում են արևելյան լուսամուտին, մայրը՝ Խորիշահը, Աբգար թագավորի կնոջ՝ Հեղինեի նման, գնում է Երուսաղեմ և մինչև իր կյանքի ավարտը ճգնում է Սուրբ Հարություն տաճարում։ Ըստ իր կտակի՝ նա եկեղեցիներին ազատում է հարկերից և միաբանության կամքով և Աղվանքի Ներսես կաթողիկոսի հայրապետությամբ նշանակում Սուրբ Պատարագներ։ Գանձասարի վանքը մոտ 1400 թվականին դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը։ Այս վանքում կաթողիկոսների հետ հանդիպումներ են ունեցել 16-17-րդ դարերի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այստեղ շատ հիշարժան գրքեր են գրվել՝15-րդ դարում Մատթեոս Մոնողոնի տաղերի ժողովածուն, որտեղ ներառված է Ալեքսանդր Մակեդոնացու չափածո պատմությունը, իսկ 18-րդ դարում՝ Հովհաննես Բ կաթողիկոսի «Դատաստանագիրքը»։

Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը,  Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։

Անցնող դարերը, ամփոփված սրբագույն մասունքները, համաշխարհային նշանակության գործիչների ու ժողովրդական արժևորումը անբացատրելի զորությամբ է պատել բարձրաբերձ Գանձասար վանական համալիրը: Ճարտարապետական հզոր շինությունը հայկական ոգեղենության կոթող-հիմնասյուներից մեկն է, որի գիտակցումը խորքային արթնացում է, ուղենիշ գործելու, ստեղծելու, ի նպաստ և ի փառս… Լինել Արցախում… ապաշխարհել…

Նյութի աղբյուրը՝ investmagazine.am

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Արցախի մասին պատմող ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում

Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Ադրբեջանն է պատասխանատվություն կրում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների համար․Աննա Նաղդալյան

Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի

Related news

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»

Կանգնելով Արցախի կողքին՝ մենք կանգնում ենք այն հպարտ, հաղթանակած երկրի կողքին

«Ապրելու ցանկությունը» հաղթել է

Արցախցի Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Բնիկ մարդկանց մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում

Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ խնդրագիր է ներկայացվել՝ Պապական աթոռի պետքարտուղարությանը

Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ՝ խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը

Արցախի հուշարձանների պահպանության մեխանիզմ առայժմ չկա․ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Այս պահին հուշարձանների անվտանգությունն ապահովող մեխանիզմներ չկան, քանի որ այն հայտարարությունը, որը ստորագրվել է, չի նշում կամ դրան կից որևէ իրավական այլ ակտ, պայմանագիր չկա