ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում հունիսի 28-ին կազմակերպվել էր դասընթաց «Առաջնորդություն. Հիսուս Քրիստոս՝ Կատարյալ Առաջնորդ» և «Կիբեռանվտանգություն և կիբեռհիգիենա» թեմաների շուրջ:
Դասընթացի մասնակիցները «Միասին» համահայկական ՀԿ-ի՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ հունիսի 30-ից հուլիսի 5-ը Ծաղկաձորում կազմակերպվող «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային հնգօրյա ճամբարի ուսանողներ երիտասարդներն էին, որոնք ճամբարում պրակտիկա անցնելու միջոցով զարգացնելու են իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները:
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ «Միասին» ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանը՝ առանձնակի կարևորելով երիտասարդական ներուժի ներգրավումը ծրագրում: Ապա ներկայացվեց ՀԿ-ի գործունեության նպատակները, իրականացված ծրագրերը և հետագա անելիքները:


«Միասին» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու Սիրվարդ Համբարյանը ներկաներին հանգամանալիորեն ներկայացրեց ճամբարի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ծանոթացրեց ծրագիր-ժամանակացույցին:
«Դիալոգ» ՀԿ-ի հոգեբան Արմինե Վահանյանը հանդես եկավ ինտերակտիվ դասախոսությամբ՝ երիտասարդներին ուղղորդելով, թե ճամբարային օրերին տարեցների հետ աշխատանքում նրանց հոգեբանական ինչ առանձնահատկությունների հատկապես ուշադրություն դարձնեն:


Ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը Տերունական աղոթքից հետո «Առաջնորդություն. Հիսուս Քրիստոս՝ Կատարյալ Առաջնորդ» թեմայով դասախոսության ընթացքում ներկայացրեց առաջնորդության դասական և ժամանակակից տեսությունները: Դասընթացի հիմնական նպատակը առաջնորդության էության և թիմի կառուցման (Leadership and team building) քրիստոնեական սկզբունքների ներկայացումն է:


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համակարգչային բաժնի պատասխանատու, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի IT պատասխանատու, մեդիափորձագետ Լիլիա Թոթոլյանը ներկայացրեց «Կիբեռանվտանգություն և կիբեռհիգիենա» դասընթացը, որի ընթացքում երիտասարդներին ծանոթացրեց համացանցի անվտանգության կանոններին և ապահով համացանց ունենալու նախադրյալներին:


Դասընթացի ավարտին «Ոսկե սերունդ» ճամբարի երիտասարդ շահառուները դասընթացավարներին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան բովանդակային պատասխաններ:
Հավելենք, որ դասընթացներն իրականացվել են ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:









